Մատչելիության հղումներ

«Երեխաների համար անհրաժեշտ են հայոց լեզվի դասերը». ինչպե՞ս է Հայաստանն աջակցել այստեղ եկած ուկրաինահայերին


Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից մոտ կես տարի անցի Լիլյա Գրիգորյանը 13-ամյա որդու հետ տեղափոխվել է Հայաստան, փոքրիկ բնակարան են վարձել Մալաթիա- Սեբաստիայի բարձրահարկերից մեկում։

«Շատ հայեր ես գիտեմ, որ եկել են այստեղ, դուրս են եկել Ռուսաստանով, քանի որ այդ տարածքները օկուպացված էին ու տեղափոխվել են հետագայում Եվրոպա: Երեխաների համար պետք են, անհրաժեշտ են հայոց լեզվի դասեր», - ասաց Լիլյան:

Լիլյայի որդին, որը չցանկացավ նկարահանվել, Հայաստանում ռուսական դպրոց է հաճախում։ Մայրիկի խոսքով՝ շատ կցանկանար, որ նա հայկական դպրոց գնար, կրթություն ստանար հայերենով, բայց որևէ պետական դպրոց ինտեգրացիոն ծրագիր չի առաջարկել, դասընթացներ հայերեն անգամ տառերը չիմացող երեխաների համար. - «Ինքը ուղղակի չէր կարա, ստիպված գնացինք ռուսական դպրոց»:

Ինչպե՞ս է Հայաստանն աջակցել այստեղ եկած ուկրաինահայերին վերջին մեկ տարվա ընթացքում, օրինակ, եվրոպական երկրները պատերազմից փախած մարդկանց տասնյակ աջակցության ծրագրեր են առաջարկել, որոնցից օգտվում են միլիոնավոր մարդիկ։

Լիլյա Գրիգորյանի խոսքով՝ ինքը մեծ ակնկալիքներ չուներ, քանի որ կառավարությունը աջակցելու մասին որևէ հայտարարություն էլ չէր արել, բայց հույս ուներ, որ գոնե տղայի համար կառաջարկեն կրթական ու սպորտային ծրագրեր, ճամբարներ կամ հայերենի դասեր։ Հայաստան ժամանելուց անմիջապես հետո նա դիմել է Սփյուռքի կոմիտեին։

«Էսքան ժամանակվա ընթացքում ինչ ես այստեղ եմ, ինձ զանգահարել են երկու անգամ, հրավիրել են Նոր տարի, ինչ-որ թատրոն երեխաների համար, որ տան Նոր տարվա կապոց: Բացատրեցի քանի որ իմ տղան արդեն մեծ է, մեզ դա հետաքրքիր չի», - ներկայացրեց նա:

Լիլյա Գրիգորյանը օնլայն անգլերեն է դասավանդում, ուսանողներ ունի, իր և որդու սոցիալական խնդիրները կարողանում է լուծել, բայց նկատում է՝ Մարիուպոլից մարդիկ են եղել, որ չեն հասցրել անգամ ճամպրուկով հագուստն իրենց հետ վերցնել պատերազմից փախչելիս. - «Մարդիկ պայուսակով են դուրս եկել այնտեղից, փախել են, իրանց շորերը չեն կարողացել վերցնել»:

2022-ի ընթացքում՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր 25 հազար մարդ դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, այս մարդկանց մեծ մասը տեղափոխվել են պատերազմի պատճառով, մեծ մասը՝ Ռուսաստանից, մյուսները Ուկրաինայից, կա նաև հայերի հոսք Սիրիայից և Լիբանանից։

«Անշուշտ պետք է հաշվի առնել, որ մի զգալի մասը դիմում է կացության կարգավիճակ ստանալու համար՝ հինգ կամ տասը տարով: Սա ևս երկարաժամկետ երկրում մնալու համար կատարված քայլ է, ցուցիչ է», - ասաց Սփյուռքի կոմիտեի հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը:

Միայն անցյալ տարի Սփյուռքի կոմիտեն ստացել և ընթացք է տվել ուկրաինահայերին վերաբերող 10 հազար դիմումի, նրանց համար իրականացրել են թիրախային 2 ծրագիր, ասում է հայրենադարձության հարցերի պատասխանատուն, համագործակցել են գործընկերների, այդ թվում Հայ-ավետարանչական ընկերակցության հետ, որը սոցիալական աջակցության ծրագրեր է արել 330 ընտանիքի համար, ընդհանուր առմամբ պաշտոնյան համաձայն չէ քննադատության հետ։

«Մենք ներգրավում ենք մեր շատ գործընկերների ֆինանսական միջոցները, այդ թվում՝ ոչ բյուջետային տողով, որովհետև մենք այդպիսի աջակցություն դրամական, ֆինանսական չունենք, բայց մենք ներգրավում ենք գործընկերներ այդ հարցը լուծելու համար», - նշեց Հովհաննես Ալեքսանյանը:

Վերջերս կառավարությունը հանդիսավոր բացեց հայրենադարձության և ինտեգրման կենտրոն, որը պետք է խորհրդատվական ու գործնական աջակցություն ցույց տա Հայաստան տեղափոխվող մարդկանց։

«Օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով կան որոշակի միտումներ և մեր խնդիրն այն է, որ այդ միտումներին զուգահեռ մենք նաև մեր պոտենցիալ հայրենադարձներին մատուցենք այնպիսի ծառայություններ, որոնց վերաբերյալ խոսակցությունները կոգևորեն ուրիշներին նույնպես քայլ անել դեպի հայրենադարձություն, դեպի Հայաստանի Հանրապետություն», - հայտարարել է վարչապետ Փաշինյանը:

Հայրենդարձների պատմություններն առայժմ Ուկրաինայում մնացած հայերին չեն ոգևորում։ Մինչև պատերազմն Ուկրաինայում բնակվում էր մոտ 400-500 հազար հայ: Սփյուռքի կոմիտեն ու համայնքի ներկայացուցիչները հստակ տվյալներ չունեն, թե այդ մարդկանց քանի՞ տոկոսն է լքել Ուկրաինան, քանի՞սն են տեղափոխվել Եվրոպա, քանի՞սն են Հայաստանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG