Մատչելիության հղումներ

Ադրբեջանը դեռևս չի ցանկանում հստակ սահմանագիծ ամրագրել Հայաստանի հետ․ ՀՀ փոխարտգործնախարար


Ադրբեջանը դեռևս չի ցանկանում հստակ սահմանագիծ ամրագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչը թույլ է տալիս Երևանին կասկածներ ունենալ, որ Բաքուն հեռավար նպատակներ ունի և հետագա տարածքային պահանջներ կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։​

Կոստանյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Պարոն Կոստանյան, եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը գրեթե ամբողջությամբ բոլոր կետերով խախտվել է, Երևանը տեսնո՞ւմ է խաղաղության պայմանագիր Մոսկվայի հովանու ներքո կնքելու հնարավորություն, որովհետև նորից կանչում են, ասում են՝ եկեք մեզ մոտ կնքեք այդ պայմանագիրը։

Կոստանյան․ - Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է և շարունակելու է ջանքեր իրականացնել՝ Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն կառուցելու համար, և այս գործընթացներում մենք բարձր ենք գնահատում մեր բոլոր գործընկերների ջանքերը, ովքեր ուզում են տեսնել կայուն և խաղաղ Հարավային Կովկաս։

«Ազատություն»․ - Եվ չի դնում խտրություն միջնորդների հարցում։

Կոստանյան․ - Կարծում եմ, որ արդեն նշեցի։

«Ազատություն»․ - Այս տարի իրատեսակա՞ն է այդ փաստաթղթի կնքումը։

Կոստանյան․ - Հայաստանի Հանրապետությունը շատ բարեխղճորեն է բանակցում և կառուցողական է, որպեսզի այս համաձայնագիրը կնքվի։

«Ազատություն»․ - Գլխավոր խոչընդոտը ո՞րը կանվանեիք այսօր։

Կոստանյան․ - Ըստ էության, կարելի է երկու խումբ խոչընդոտներ ընդգծել, առաջին խումբ խոչընդոտները կապված են նրա հետ, որ Ադրբեջանը դեռևս չի ցանկանում հստակ սահմանագիծ ամրագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչը թույլ է տալիս մեզ կասկածներ ունենալ, որ Ադրբեջանը հեռավար նպատակներ ունի և հետագա տարածքային պահանջներ կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, և հենց այս պատճառով է, որ մեզ համար արձանագրումը սահմանագծի և, մասնավորապես, 1975 թվականի Խորհրդային միության գլխավոր շտաբի քարտեզների արձանագրումը որպես հետագա սահմանազատման գործընթացի հիմք, շատ կարևոր է, և երկրորդ խումբ հարցերը, բնականաբար, կապված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և երաշխիքների համար միջազգային մեխանիզմի ստեղծմանը։

«Ազատություն»․ - Այդ դրույթը կարո՞ղ է տեղ չգտնել խաղաղության պայմանագրում, այսինքն՝ առանց դրա առաջ գնաք։

Կոստանյան․ - Այս պահին շարունակվում են քննարկումները, մեզ համար կարևոր է հենց մեխանիզի ստեղծումը, թե պրակտիկ առումով դա ինչպիսին կլինի, դեռևս վաղ է ասել։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG