Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Հնդկաստանին կոչ է անում «զենք չվաճառել Հայաստանին»


Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, արխիվ:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, արխիվ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն այսօր հանդիպել է Ադրբեջանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շրիդարան Մադհուսուդհանանի հետ։

Հաջիևը նշել է, որ Բաքուն մտահոգված է Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական համագործակցության խորացմամբ:

Նա խոսել է մամուլում վերջերս տեղ գտած հրապարակումների մասին, որոնց համաձայն, «Իրանի տարածքով հնդկական արտադրության զենք է ուղարկվում Հայաստան»:

Հաջիևն ասել է, որ զենքի մատակարարումն այն ժամանակաշրջանում, երբ խաղաղության հարցով հայ-ադրբեջանական բանակցություններ են տեղի ունենում, «նպաստում է Հայաստանի ռազմականացմանը և սրում է իրավիճակը»:

Դա, ըստ Հաջիևի, խոչընդոտում է կայուն խաղաղության և անվտանգության հաստատմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Հաջիևը Հնդկաստանի դեսպանին հորդորել է պաշտոնական Նյու Դելիին հայտնել Բաքվի մտահոգություններն այդ հարցի վերաբերյալ և ևս մեկ անգամ վերլուծել Հայաստանին «մահաբեր զենք մատակարարելու նպատակահարմարությունը»։

Դեսպանը խոստացել է ադրբեջանական կողմի արծարծած հարցը ներկայացնել Հնդկաստանի ղեկավարությանը և կարևորել է երկու երկրների երկխոսությունը ծագող խնդրահարույց թեմաների քննարկման համար։

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ երկու օր առաջ ընդունել էր Երևանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Նրանք քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքին և զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

44-օրյա պատերազմից հետո խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը պնդող Ադրբեջանի նախագահն ինքը բազմիցս հայտարարել է, որ Բաքուն շարունակում է հսկայական գումարներ ծախսել բանակի վրա: Անցած տարիներին էլ պարզվել էր, որ Բաքվին դրոններ վաճառած իսրայելական ընկերության ներկայացուցիչները իրենց արտադրած հարվածային անօդաչու սարքերն անձամբ են փորձարկել մարտական պայմաններում հայկական դիրքերի ուղղությամբ։

XS
SM
MD
LG