Մատչելիության հղումներ

Ռուսական կործանիչը Սիրիայի տարածքում վնաս է հասցրել ամերիկյան հետախուզական ԱԹՍ-ին


Ռուսական օդատիեզերական ուժերի կործանիչը Սիրիայի օդային տարածքում վնաս է հասցրել ամերիկյան MQ-9 Reaper հետախուզական անօդաչու թռչող սարքին։ Ինքնաթիռը մոտեցել է անօդաչու թռչող սարքին և դրա վրա հրթիռային ջերմային թակարդներ նետել, հայտնում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ թակարդների հետ բախման հետևանքով անօդաչու թռչող սարքը լրջորեն վնասվել է։ Օպերատորներին հաջողվել է շարունակել թռիչքը և այն վերադարձնել բազա։ Ըստ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրապարակած տեսանյութի՝ ռուսական կողմից գործողությանը մասնակցել է Սու-35 ինքնաթիռը։ ԱՄՆ բանակի տվյալներով՝ MQ-9 Reaper-ը Սիրիայում առաքելություն էր իրականացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։

Ամերիկյան կողմը ռուս օդաչուի պահվածքը գնահատել է «թռիչքի անվտանգության բացահայտ անտեսում» և կոչ արել ռուսաստանյան օդուժին դադարեցնել «անխոհեմ, չհրահրված ու ոչ պրոֆեսիոնալ պահվածքը»։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հուլիսի 23-ին հայտնել է, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի MQ-9 անօդաչու թռչող սարքն է «վտանգավոր կերպով մոտեցել» ռուսական ինքնաթիռին։ Պենտագոնը պարբերաբար մեղադրում է ռուսական ինքնաթիռներին Սիրիայի երկնքում թռիչքների անվտանգությունը խախտելու մեջ, անցյալ շաբաթ էլ հայտնել էին, որ ռուսական կործանիչը վտանգավոր կերպով մոտեցել է և տուրբուլենտության գոտի ստեղծել MC-12 օդադեսանտային հրամանատարական կետի դիմաց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG