Մատչելիության հղումներ

«Անունը դրել ենք «Տատիկների բիզնես»


«Բիզնեսի անունը դրել ենք «Տատիկների բիզնես», որովհետև բոլորն էլ հասակով տատիկներ են, խելացի տատիկներ են, բոլորն էլ աշխատասեր»...

Գյումրեցի տարեց կանանց թաղիքագործության այս խմբակը բիզնես անվանելն, իհարկե, չափազանցություն է, բայց դա բոլորովին չի խանգարում, որ բոլորով պարտաճանաչ կենտրոն հաճախեն։ Խոստովանում են՝ այստեղ և' նոր արհեստ են սովորել, և' հաճելի զբաղմունք գտել։

82-ամյա Աիդա Մարտիրոսյանը նախկին հաշվապահ է, ասում է՝ ինչ սկսել է թաղիքագործությամբ զբաղվել, հոդացավերն անցել են, իրեն ավելի ջահել է զգում։

«Աղջիկս ըսավ՝ «մա ջան, ըդիկ լավ աշխատանք է, գոնե էդ քու ձեռքերդ, բան, կօգնե քեզի, էլի, քու առողջությանդ», - պատմում է տիկին Աիդան: Ի պատասխան հարցի՝ զգո՞ւմ է, որ երիտասարդացել է, ծիծաղում է՝ «այո, ես հոգով երիտասարդ են»:

Հինգ կանայք թաղիքագործությամբ զբաղվում են «Հայկական Կարիտասի» տարեցների ցերեկային հոգածության կենտրոնում։ Թաղիքից տարբեր իրեր են պատրաստում, բարեգործական ցուցահանդեսների մասնակցում ու շատերին զարմացնում, որ այս տարիքում նոր արհեստ են սովորել։

Ուսուցիչը՝ կենտրոնի կամավոր Վալերիա Մելքոնյանը գովում է իր սաներին՝ շատ ընդունակ են, շատ պարտաճանաչ ու միաժամանակ շատ խստապահանջ, ուզում են արհեստի բոլոր նրբություններին տիրապետել:

«Իրենք շատ աշխատասեր են, հաստատ չեն զիջում ոչ մի աշխատող մարդու էս մեր արհեստի մեջ: Ջանասիրաբար աշխատանքի են գալիս՝ ժամով ֆիքսված իրենք աշխատանքի են գալիս էստեղ: Իրենց համար ստեղծվել է էն աուրան, որ իրենք ունեն զբաղվածություն, չեն գալիս ուղղակի զուտ շփվելու. հա՛մ շփվում են, հա՛մ զբաղվածություն ունեն, օգտակար են զգում իրենց: Կարևորը՝ որ օգտակար են զգում իրենց», - ասում է Մելքոնյանը:

Կանայք գործելուն զուգահեռ հասցնում են կատակել, քաղաքականությունից խոսել, բնականաբար, վիճել ու արագ հաշտվել։

77-ամյա Սանդուխտ Ամիրխանյանը խմբում ամենակենսուրախն է համարվում, խորհրդային տարիներին հացընդունման ձեռնարկությունում լաբորանտ է աշխատել։ Թաղիքի մասին շատ բան չգիտեր, մտածում էր, թե դա սովորական գործվածք է.

«Էնքան հեռու եմ էղել, չեմ տեսել, տեսել եմ ու զարմացած եմ մնացել: Իմ վարպետս հենց սկսեց կաղապարը դնել-հանել, ասի՝ հայ-հա՜յ, ըդիկ մեր գործը չէ, մենք չենք կրնա, բայց շատ սիրով, շատ հանգիստ, շատ լավ, հեչ չենք նայե, որ ինքը մեզնից փոքր է՝ մենք տարիքով ենք, չէ՞, մենք էլ կջահելանանք, ինքն էլ կծերանա արդեն՝ գործով, իհարկե, հեչ մի անգամ մեզի նեղություն չի տա, մեռնիմ ըդոր արևուն», - ասում է տիկին Սանդուխտը:

Թամարա Կարապետյանը ևս անկեղծանում է՝ ամբողջ կյանքը գործվածքի գործարանում է աշխատել, բայց թե ինչ է թաղիքը՝ չի էլ իմացել։ Հիմա նաև իրենց շնորհիվ, կարծում է, մեծացել է հետաքրքրությունը այս հին արհեստի նկատմամբ։

«Չէ, տեսա զարմացա: Ես ամբողջ կյանքս գործող եմ էղել, բայց տենց բան չեմ պատկերացրել, որ հանկարծ բրդից սպես բաներ կստացվեն: Էդ տարիքին նոր սորվա, ու շատ հաճելի է, էլի, շատ հաճելի է», - ասում է տիկին Թամարան:

Նախկին բուժքույր Գոհար Սողոմոնյանը հարևան Ախուրյանից է Գյումրի հասնում, որ արդեն սիրելի դարձած գործով զբաղվի.- «Նոր արհեստ եմ սովորել, տարբեր ձևեր են էլի, մի բան չէ՝ մի գնդակ չէ, մի հատ կոշիկ չէ, մի հատ ուրիշ բան չէ՝ տարբեր բաներ, շատ տարատեսակ բաներ է սովորացրել մեր վարպետը, ու շատ հեշտ ենք ընկալել իրա բացատրածով: Երբևէ չեմ մտածել՝ հանկարծ ես կարող է ուրիշ բան սովորեմ, ես բուժքույր եմ աշխատել 40 տարի, բայց էս մասին գաղափար չունեի»:

Խմբի ամենակրտսերը 67-ամյա Անահիտ Պետրոսյանն է, այս զբաղմունքի շնորհիվ, ասում է, օրը «լցվում է». - «Շատ լավ բաներ ենք սարքել մենք, ամեն ինչ՝ գլխարկ, սումկաներ, գնդիկներ, ձվիկներ, տապչկեք»:

«Հայկական Կարիտասը» տարեց կանանց արտադրած թաղիքից իրերը հիմնականում նվիրում է, ցուցահանդեսների ժամանակ, եթե վաճառվում են, այդ գումարով հումք են գնում։ Մեկ անգամ, երբ վաճառքը բավականին լավ է եղել, տատիկներին դրամական խրախուսանք են տվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG