Մատչելիության հղումներ

Շատ կարևոր է, որ աշխարհը ճանաչի Հայաստանը. Հարություն Խաչատրյան


«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն արդեն պատրաստվում է հաջորդ տարվան։

Հոբելյանական 20-րդը շաբաթվա ավարտին ամփոփվեց. Ոսկե և Արծաթե ծիրաները բաժանվեցին, կինոաշխարհում հայտնի մեծանուն հյուրերին էլ պատվեցին Փարաջանովյան թալերով։

Վենետիկի Փառատոնի «Ոսկե առյուծի» դափնեկիր Լավ Դիազից բացի, պատվավոր այս մրցանակին փառատոնի մեկնարկին արժանացել էին նաև Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի ևս մեկ դափնեկիր Տակեշի Կիտանոն, Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» կրկնակի դափնեկիրներ Դարդեն եղբայրները։

Ամենագլխավոր մրցանակը թերևս հանդիսատեսին բաժին հասավ. մեկ շաբաթ բարձրակարգ ֆիլմեր դիտելուց բացի, կինոսերները վարպետության դասեր, հանդիպումներ, զրույցներ ունեցան կինոաշխարհի հայտնի դեմքերի հետ։

«Հրաշալի է շփվել, խոսել երիտասարդների հետ։ Նրանք այս խնդիրներով լի աշխարհի ժառանգողներ են», - «Ազատության» հետ զրույցում ասաց ֆիլիպինցի հայտնի ռեժիսոր Լավ Դիազը, ում ֆիլմերն կինոաշխարհում ընլավում են որպես սոցիալական կյանքի մասին պատմող մելանխոլիկ որմնանկարներ։

Լավ Դիազ
Լավ Դիազ

Նա հասցրել էր ծանոթանալ Հայաստանի, շրջափակված Արցախի խնդիրներին։ Կինոն քաղաքական հարցերի լուծումներ թեև չունի, բայց, կինոռեժիսորի խոսքով, երկխոսելու հնարավորություն է ստեղծում. - «Կինոն իր մեջ ներառում է աշխարհը։ Խնդրի լուծում չի տալիս, դա երկխոսություն է, դիսկուրս։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր աշխարհում, այդ ամենի մշակութային պարուրումն է»։

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ Դիազը խոստովանեց, որ փառատոնի շրջանակում իր հավանած ֆիլմերը հենց այդ երկխոսություններն էին պարունակում։ Այս անվանակարգում հատուկ հիշատակման արժանացավ նիդեռլանդական «Փոքրիկը» ֆիլմը, «Արծաթե ծիրան»-ը հասավ պորտուգալական «Շրջմոլիկին»։ «Ոսկե ծիրանը» հույն ռեժիսոր Սպիրոս Յակովիդեսին՝ «Սև քարը» տրագիկոմպեդիայի համար։

«Կարծում եմ, հենց հումորով կարող ենք խոսել ամենաողբերգական և կարևոր պատմությունների և գաղափարների մասին», - մրցանակը ստանալիս ասաց Յակովիդեսը։

«Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթում «Արծաթե» և «Ոսկե ծիրաները» բաժին հասան համապատասխանաբար Վրաստանին ու Իրանին։

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանում ֆիլմ ստեղծողներին, որոնք պայքարում են անկախ կինոյի համար։ Երկար կյանք Կովկասում և ամբողջ աշխարհում անկախ կինեմատոգրաֆիային», - ասաց վրաց ռեժիսոր Մարիամ Չաչիան։

Մարիամ Չաչիա և Նիք Վոյթ
Մարիամ Չաչիա և Նիք Վոյթ

«Կախարդական լեռը» ֆիլմին համար «Արծաթե ծիրան»-ի արժանացած Մարիամ Չաչիան ու Նիք Վոյթին և՛ բեմում, և' «Ազատության» հետ զրույցում պատմեցին, որ Վրաստանում ասյօր անկախ կինոմատոգրաֆիան տխրագույն իրավիճակում է։ Նրանց կինոն հենց Մարիամի ծանր հիվանդությունը հաղթահարելու ճանապարհի մասին է, որը ոչ միայն անհատի, այլ ամբողջ երկրի մղձավանջն են ներկայացնում։

«Կինոն հնարավորություն ունի բոլորին մի սենյակից մի ուրիշ վայր տեղափոխել։ Եվ սա անելով՝ մարդկանց համար նոր հեռանկար ես բացում։ Բայց թե ի՞նչ է ընտրում հանդիսատեսն անել այս ամենի հետ, ռեժիսորի հսկողությունից դուրս է», - ասաց Նիք Վոյթին։

«Ես ուզում եմ մի շատ կարևոր բան ընդգծել։ Մեզ հաճախ մեր երկրի ղեկավարները հարցնում են՝ ինչո՞ւ են մեր բոլոր ֆիլմերը տխուր, ինչու happy end չկա։ Ես շեշտում եմ՝ անկախ ֆիլմերը մեր իրականության հայելին են, գուցե պետք է մտածենք, թե ինչպես բարելավել այդ իրականությունը, որ ֆիլմերն ավելի լավ ավարտ ունենան», - հավելեց Մարիամը։

Աբաս Ամինի
Աբաս Ամինի

«Անվերջ սահմաններ» միգրացիայի մասին դրամատիկ պատմությունը այս անվանակարգի «Ոսկե ծիրանի» դափնեկիրն էր։ Իրանցի ռեժիսոր Աբաս Ամինին պատմեց, որ ֆիլմը շատ բարդ պայմաններում է ստեղծվել. - «Հավատացած չեմ, որ ֆիլմով կարող եմ ինչ-որ քաղաքական կամ հասարակական հարց լուծել։ Իմ տեսախցիկը, պարզապես ցույց է տալիս այն մութ տեղերը, որ մարդիկ չեն տեսնում»։

Իրանական մեկ այլ ֆիլմ՝ «Իմ վատթար թշնամին» արժանացավ կինոքննդատների մրցանակին։

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգում հայ ռեժիսորներից Ոսկե ծիրանի դափնեկիր դարձավ Արմինե Անդան՝ «Թռչող տերևների երգը» ֆիլմի համար։ «Արծաթե ծիրանը» Արման Այվազյանի «Քարերը» ֆիլմինն էի։ «Հատուկ հիշատակումը»՝ Տիգրան Աղաջանյանի «Դատարկությանը»։

Հայկական ֆիլմերում հատուկ շեշտադրումներ կային Արցախյան խնդրի մասին։ Փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանն ասում է՝ պատահական չէր, որ երևանյան Ծիրանին զուգահեռ Ստեփանակերտում դժվարությամբ, բայց կազմակերպվել էին կինոդիտումներ. - «Սիրուն կամ հուզիչ ակտ որպես չէր մտածված, այլ որոշակի կիրառական նշանակությամբ։ Որովհետև ունենք հարյուրավոր հյուրեր արտերկրից, հարյուրավոր հյուրերը արտերկրից յուրաքանչյուրը ինչ-որ փոքրիկ դիստրիբուցիոն ալիք է իրենից հանդիսանում»։

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հոբելյանական «Ոսկե Ծիրանն» այս տարի ամփոփվեց տոնական համերգով՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կինոտոնն ամփոփվեց հայտնի ֆիլմերի, բալետների, երաժշտական այլ ստեղծագործությունների հնչյուններով։

XS
SM
MD
LG