Մատչելիության հղումներ

«Առանց ուղեկցի գրեթե հնարավոր չէ». տեսողական խնդիրներ ունեցող վանաձորցիները դժվարությունների են բախվում


Տեսողական խնդիրներ ունեցող վանաձորցի Վահան Սարգսյանն իր տնից մինչև աշխատավայր 200 մետր ճանապարհը բացառապես կնոջ՝ Անուշի օգնությամբ է անցնում։

«Վանաձորում առանց ուղեկցության գրեթե հնարավոր չի, որովհետև համ փողոցները բարեկարգ չեն, համ էլ չկան տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար մատչելիության համար անհրաժեշտ հատուկ սալիկները և այլն», - նշեց Սարգսյանը:

Վահանն ապրում է Վանաձորի Նաիրի փողոցի 5 շենքերից մեկում, որոնք խորհրդային տարիներին կառուցվել են հենց տեսողական խնդիրներով մարդկանց համար։ Մայթերը հարմարեցվել են, հատուկ երկաթե բազրիքներ կառուցվել, որից բռնվելով դժվար տեսնողներն ինքնուրույն անցել են փողոցը, հասել նույն թաղամասում գտնվող Կույրերի միավորման ուսումնաարտադրական ձեռնարկություն։ Հիմա անբարեկարգ են թե՛ ձեռնարկություն տանող փողոցը, թե՛ մայթերը։

«Տաքսիները, որ իմանում են մենք Նաիրի 5 պիտի գանք, չեն մտնում էս փողոց, որովհետև ահավոր վիճակ է, մայթն էլ մայթ չի, որ անցնենք գնանք: Էդ ճանապարհն էլ եմ ես սարքել, քարեր եմ լցրել, հող եմ լցրել, որ անցուդարձը հեշտանա մի քիչ, երկուսով գնում ենք գալիս իրար օգնելով: Սարքել ենք, որ գոնե մի քիչ նորմալ լինի», - ասաց Վահանի կինը՝ Անուշ Հովսեփյանը:

Վահան Սարգսյանը Կույրերի միավորման տնօրենն է։ Ասում է՝ ձեռնարկությունը էլ նախկինի նման չի գործում, դռները հիմնականում փակ են, բայց չտեսնող անձանց խնդիրները միավորելու, իրավունքները պաշտպանելու կառույց են դարձրել, փորձում են գոնե վերևներին հաճախակի նամակներով հիշեցնել իրենց մասին։ Անցած երեք տարիներին բազմաթիվ անգամ դիմել են տեղի իշխանություններին, նամակներում գրել, որ թաղամասի ընդամենը 40 չտեսնող կամ վատ տեսնող անձինք տեղաշարժվելու խնդիր ունեն։ Բայց ապարդյուն՝ բոլոր պաշտոնական պատասխաններում իշխանավորներն անհույս խոստացել են, թե հնարավորության դեպքում կանդրադառնան խնդրին՝ Նաիրի փողոցը կներառեն վերանորոգման ծրագրերում։

«Շատ դեպքերում չես էլ ուզում խոսես, որովհետև մի բան գիտես, որ չի փոխվելու, լսող չկա, պատասխանատու չկա: Էսօր իշխանությունում պաշտոն գրավելը պետք է լիներ պարաշուտիստի պես գործ, որ մեկ սխալն իր կյանքն արժենար, բայց այսօր մենք շատ հեռու ենք», - նշեց Սարգսյանը:

«Երկրորդային փողոցներից օգտվողները դեռ պիտի սպասեն առնվազն մինչև հաջորդ տարի»

Այս պահին Վանաձորում կառավարության ու համայնքի միջոցներով մոտ 2,5 միլիարդ դրամի շինարարություն է արվում, որից մեկ միլիարդը ճանապարհաշինական ծրագրեր են։ Առավելապես քաղաքի կենտրոնական փողոցներն են նորոգվում։ Գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը պնդում է՝ ծրագրեր կազմելիս ամենաառաջնային, վատ վիճակում գտնվող փողոցներն են ընդգրկել, բայց երկրորդային փողոցներից օգտվողները դեռ պիտի սպասեն առնվազն մինչև հաջորդ տարի։

«Երկրորդական փողոցների մասնակի նորոգում եղել է, անցանելիություն ապահովելու համար, իսկ այս փողոցները, որոնք ներառված են ցանկում, բոլորը վերջին անգամ առնվազն 4 տասնամյակ առաջ են հիմնանորոգվել, բայց ուզում եմ նշել, որ եկող տարվա սուբվենցիոն ծրագրերով հիմնական փողոցաշինության ծրագրերը ծայրամասն են և ամենամեծ բաժինը նախատեսված է Տարոն 2 և Տարոն 4 թաղամասերի համար: Մոտ 8 կմ ներքին փողոցային ցանց պետք է կառուցվի», - ասաց Աբովյանը:

Վերջին շրջանում սոցիալական ցանցերում դժգոհություններ կան։ Վանաձորցիները տարակուսում են՝ ինչո՞ւ հենց հիմա սկսեցին Վանաձոր մտնող կամրջի շինարարությունն այն դեպքում, երբ Դեմիրճյան փողոցն ավելի վաղ էին սկսել նորոգել, ու քաղաքի մուտքերից մեկն, ըստ էության, գրեթե փակ էր, կառուցվող փողոցով անցուդարձը դադարել էր։ Ավելի քան կես տարի ելումուտը միայն կայարանամերձ կամրջով է տեղի ունենում, որտեղ ևս շինարարություն է, ուստի օրվա տարբեր ժամերին խցանումներ են։

Վանաձորի գլխավոր ճարտարապետը հորդորում է՝ ըմբռնումով մոտենալ. - «Իհարկե, անհարմարություններ պատճառվում են և հուսով եմ պետք է ներողամիտ լինեն բնակիչները»:

Կամրջի շինարարությունն իրականացնող ընկերության աշխղեկ Սամվել Սարգսյանը վստահեցնում է՝ ծրագրով նախատեսված ժամկետներում կտեղավորվեն։ Անձրևները դադարել են՝ խանգարող հանգամանքներ, ըստ նրա, այլևս չկա. - «Միակ պատճառը եղանակային պայմաններն են, ուրիշ խնդիր չկա»:

Համայնքապետարանից ասում են՝ շինարարության հիմնական մասը կավարտեն սեպտեմբերին, իսկ պետական ծրագրերով ճանապարհների շինարարությունը՝ հոկտեմբերի վերջին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG