Մատչելիության հղումներ

Սեռական բնույթի անպատկառ առաջարկների համար մեղադրվող BBC-ի հաղորդավարը, ենթադրաբար, Հյու Էդվարդսն է


BBC-ի անվանի հաղորդավար Հյու Էդվարդսը, Լոնդոն, սեպտեմբեր, 2022թ.
BBC-ի անվանի հաղորդավար Հյու Էդվարդսը, Լոնդոն, սեպտեմբեր, 2022թ.

BBC հեռուստառադիոընկերության անվանի հաղորդավար Հյու Էդվարդսի կինը՝ Վիկի Ֆլիդը, հայտնել է, որ իր ամուսինն է «ինտիմ լուսանկարներով սկանդալի կենտրոնում»:

Էդվարդսը մեղադրվում է տարիներ առաջ մի 17-ամյա տղայի մերկ լուսանկարների համար նրան 35 հազար ֆունտ ստերլինգ առաջարկելու համար: Այժմ տղան 20 տարեկան է:

Սկանդալը սկսվել այն բանից հետո, երբ շաբաթներ առաջ տղայի վրդովված մայրը բողոքով դիմել է BBC-ի ղեկավարներին: Ենթադրվում է, որ Էդվարդսը նմանօրինակ առաջարկ է ներկայացրել առնվազն ևս մեկ երիտասարդի:

Վիկի Ֆլինդը հայտնել է, որ իր ամուսինը՝ Հյուն, տառապում է ծանր հոգեկան հիվանդությամբ և հիմա մասնագիտական օգնություն է ստանում հիվանդանոցում, որտեղ կգտնվի տեսանելի ապագայում։ Հաղորդավարի կինը խնդրել է չմիջամտել իրենց ընտանիքի գործերին:

61-ամյա Հյու Էդվարդսը բրիտանացի ամենահայտնի հեռուստահաղորդավարներից է և այդ բնագավառում ամենաբարձր աշխատավարձ ստացող աշխատակիցներից մեկն է: Նա տարեկան ստանում է ավելի քան 400 հազար ֆունտ ստերլինգ:

Նա աշխատել է BBC-ում շուրջ 40 տարի, այդ թվում՝ 20 տարի վարել է Ten O'Clock News («Ժամը 10-ի լուրերը») լրատվական հեռուստածրագիրը:

Իր կարիերայի ընթացքում Հյու Էդվարդսը լուսաբանել է այնպիսի հրատապ իրադարձություններ, ինչպիսին էին թագուհի Եղիսաբեթ երկրորդի հոբելյանները, մահը, հուղարկավորությունը, արքայազն Ուիլյամի և Քեյթի հարսանիքը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալությունը, Նելսոն Մանդելայի մահը և կարևոր այլ թեմաներ:

Էդվարդսը բնակվում է Լոնդոնում իր կնոջ և հինգ երեխաների հետ։ Նախկինում նա մի քանի անգամ խոստովանել է, որ ունի ընկճախտ (դեպրեսիա) և պայքարում է այդ հիվանդության դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG