Մատչելիության հղումներ

Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է առանցքային խնդիրների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Խորվաթիայիում՝ Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում հանդիպելով՝ նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային զարգացումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային խնդիրների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Երկարատև խաղաղության հասնելու համատեքստում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը, փոխանցում են ԱԳՆ-ից։

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և ագրեսիվ գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված անվտանգային և մարդասիրական խնդիրներին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտմանն ուղղված՝ Բաքվի քաղաքականության կանխման նպատակով միջազգային կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից ադրբեջանական կողմը խոչընդոտներ է ստեղծում անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ Արցախ անարգել մարդասիրական հասանելիության համար:

XS
SM
MD
LG