Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները Մարտունու շրջանում կրակել են արտեզյան ջրհորը նորոգողների ուղղությամբ. Արցախի ՆԳՆ


Երեկ կեսօրին Մարտունու շրջանում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակ արձակելով փականագործների և էլեկտրամոնտյորի ուղղությամբ, հաղորդում է Արցախի ներքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության փոխանցմամբ՝ հինգշաբթի օրը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ «ժամը 12:15-ի սահմաններում, Մարտունի քաղաքի բնակիչներ` փականագործներ Բ.Ի.-ն, Ռ. Ա.-ն և էլեկտրոմանտյոր Ա.Ֆ.-ն, Բերդաշեն գյուղի վարչական տարածքում արտեզյան ջրհորի նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են արձակել իրենց ուղղությամբ»: Կրակոցների պատճառով նորոգման աշխատանքները դադարեցվել են:

Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

Ադրբեջանական կողմն առայժմ չի մեկնաբանել այս հաղորդագրությունը:

XS
SM
MD
LG