Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ում ՀՀ-ի պարտվելու պատճառ դարձած դատավորներ են հեռացվել. նրանց թվում չկան աղմկահարույց գործեր քննածները


Եվրոպական դատարանում Հայաստանի պարտվելու պատճառ դարձած վեց դատավոր անցած մեկ տարում հեռացվել է աշխատանքից։ Ընդ որում, վեցից չորսի լիազորությունները դադարեցվել են երկու օր առաջ։ Նրանց շարքում, սակայն, դեռևս չկան աղմկահարույց գործեր քննած դատավորները, օրինակ՝ 2008-ի մարտի 1-ի գործերով ընդդիմադիրների դեմ վճիռներ կայացնողները։

«Կարող եմ որպես կողքից մարդ մտածել, որ օրինակ՝ դատավորներին պահում են, որ հետո իրենք օգտագործեն։ Սկսում ես մտածել, որ ուրեմն էլի ինչ-որ բան կա, օրինակ՝ Վճռաբեկ դատարանում երկու դատավորի տեղ էր պետք ազատել, գնացել են այս ճանապարհով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը։

Ինչո՞ւ կառավարությունը առաջնահերթություն չի տալիս հասարակական հնչեղություն ստացած գործերին, տարակուսած է Արմեն Խաչատրյանը։ Միայն Երևանի կենտրոնում քաղաքացիներին տներից զրկելու գործերից մեկով Եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցրել է վճարել ավելի քան մեկուկես միլիոն եվրոյի փոխհատուցում, իսկ մարտի 1-ի արյունալի դեպքերին առնչվող գործերով՝ ավելի քան 130 հազար եվրո։

Այդուհանդերձ, այս գործերը քննած դատավորները շարունակում են պաշտոնավարել։ Նրանց թվում է նաև վարչապետ Փաշինյանին տարիներ առաջ դատած դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որն այս տարեսկզբին դարձավ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի ղեկավար։ Մինչդեռ Եվրոպական դատարանն արձանագրել էր, որ Մարտիրոսյանի դատավճռով խախտվել են նախկին ընդդիմադիր Փաշինյանի իրավունքները։

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից», - հայտարարել էր վարչապետ Փաշինյանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մինչև 2021 թվականը Հայաստանի դեմ կայացրել է 130-ից ավելի վճիռ, վերջին երկու տարիների տվյալները դեռ առկա չեն։

Արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը վստահեցնում է՝ ուսումնասիրելու են բոլոր գործերն անխտիր. - «Ուսումնասիրություն կանենք այն արագությամբ, այն ձևաչափով, որ հանկարծ այնպիսի գործ չլինի՝ բաց թողնենք ժամկետն անցնելու պատճառաբանությամբ»։

Ըստ նախորդ տարի կատարված փոփոխության՝ կառավարությունը հնարավորություն ունի մինչև 15 տարի առաջ կայացված վճիռների հիմքով դատավորների լիազորությունները դադարեցնելու միջնորդություն ներկայացնել։ Ըստ Արդարադատության նախարարության ներկայացուցչի՝ ուսումնասիրությունը սկսել են Եվրադատարանի վերջին վճիռներից, բայց պաշտոնյան վստահեցնում է՝ ամեն ինչ կանեն, որ 2008-ի մարտիմեկյան դեպքերին առնչվող վճիռների ժամկետները չանցնեն։

2008-ի արյունալի դեպքերին առնչվող դեռևս մի գործ է ուսումնասիրվել. այն առնչվում է Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանին, ով փորձել էր հանրահավաք անցկացնել, բայց հայտնվել էր կալանավայրում։ Այս գործով դատավորն արդեն պաշտոնազրկվել է։

«Նախ գործը ներկայացնում է ՄԻԵԴ-ում պետության դեմ, ու այդ գործի շրջանակներում, օրինակ, նախաքննության մարմնի թույլ տված սխալը կարող է հանգեցրած լինի անձի՝ կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտման, քննչական մարմինների, դատախազության, ոչ դատավորի», - նշեց Արտյոմ Սուջյանը։

ՀԱԿ ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը համաձայն չէ, ըստ նրա՝ ի վերջո որոշում կայացնողը դատավորն է եղել, և նա էլ պետք է պատասխան տա անօրինականությունը հաստատելու համար։ Խաչատրյանը հույս չունի, թե նման գործընթացի արդյունքում քաղաքական հնչեղություն ունեցած գործերով դատավորները կհեռացվեն համակարգից։

Բարձրագույն դատական խորհուրդը երկու օր առաջ պաշտոնազրկեց չորս դատավորի, որոնք վճիռներ էին կայացրել երկու ընկերությունների միջև տնտեսական վեճին առնչվող գործով։ Ըստ Արդարադատության նախարարության՝ չորս դատավորների պատճառով Հայաստանը ստիպված է եղել գերմանական մի ընկերության վճարել 3600 եվրո։

«Ոչ միայն հանրությանը, ես կասեի՝ նույնիսկ այդ ընկերությունը՝ դիմումատու, հետագայում որևէ միջոց չի ձեռնարկել այդ գործը վերաբացելու։ Դա արդեն նախարարության ներկայացուցիչը պետք է հետազոտություն աներ, հասկանար՝ գնահատելու համար, թե ինչ հետևանքներ է առաջացրել ՄԻԵԴ վճիռը, որից կախված է նաև դատավորի ենթադրաբար կատարած արարքի ծանրության աստիճանը», - ասում է պաշտոնազրկված դատավորներից Արտակ Բարսեղյանի փաստաբան Էմիլ Ամիրխանյանը։

Նրա կարծիքով՝ Եվրադատարանը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել ոչ թե դատավորների սխալի պատճառով, այլ քանի որ Հայաստանի կառավարությունը գործի ոչ բոլոր մանրամասներն է ներկայացրել Ստրասբուրգ։ Փաստաբանը վստահ է՝ կառավարությունն ու դատարանների անկախությունը երաշխավորելու համար ստեղծված Բարձրագույն դատական խորհուրդը կամայականորեն է օգտագործում եվրոպական դատարանի վճիռները. - «Կան անցանկալի դատավորներ, և ՄԻԵԴ վճիռը օգտագործվում է որպես գործիք այդ դատավորներից ազատվելու համար»։

Արդարադատության նախարարությունից, սակայն, հավաստիացնում են՝ գործընթացն արդար է ու արդյունավետ ավարտ կունենա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG