Մատչելիության հղումներ

Չեչնիայում ծեծի ենթարկված լրագրողն ու փաստաբանը տեղափոխվել են մոսկովյան հիվանդանոց


Ռուսաստան - «Նովայա գազետա»-ի լրագրող Ելենա Միլաշինան Գրոզնիի հիվանդանոցում, 4-ը հուլիսի, 2023թ.
Ռուսաստան - «Նովայա գազետա»-ի լրագրող Ելենա Միլաշինան Գրոզնիի հիվանդանոցում, 4-ը հուլիսի, 2023թ.

Չեչնիայում ծեծի ենթարկված «Նովայա գազետա»-ի լրագրող Ելենա Միլաշինան և փաստաբան Ալեքսանդր Նեմովը տեղափոխվել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: Այս մասին հայտնել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի նախկին գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։

Նրա տեղեկություններով՝ Միլաշինան ու Նեմովը Բեսլանից օդանավով Մոսկվա են տեղափոխվել մասնավոր անձանց ջանքերով, որոնց անունները չեն հրապարակվում:

Հայտնի լրագրողն ու փաստաբանը հարձակման են ենթարկվել նախօրեին. դիմակավորված անհայտ անձինք կանգնեցրել են Վլադիկավկազից Գրոզնի ուղևորվող տաքսին, որում գտնվող Միլաշինային ու Նեմովին դաժան ծեծի են ենթարկել, ոչնչացրել են լրագրողական տեխնիկան ու փաստաթղթերը։ Փաստաբանի պատմելով՝ նրանց սպառնացել են գնդակահարել, ատրճանակ են պահել գլխներին։ Հարձակվողները պահանջել են, որ նրանք հեռանան ու ոչինչ չգրեն։ Ալեքսանդր Նեմովը ոտքին դանակի հարված է ստացել, իսկ Ելենա Միլաշինան գլխուղեղային վնասվածք ունի, պարբերաբար կորցնում է գիտակցությունը, նրա ձեռքի մատները ջարդել են՝ պահանջելով արգելափակել հեռախոսը։

Ռուսաստանի քննչական կոմիտեն Ելենա Միլաշինայի և Ալեքսանդր Նեմովի հետ կատարվածի վերաբերյալ հետաքննություն է սկսել, սակայն քրեական գործի հարուցման մասին ոչինչ հայտնի չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG