Մատչելիության հղումներ

Տեղի ունեցավ Օհան Դուրյանին նվիրված փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան


Շաբաթ երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ մեծանուն երաժիշտ, աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ նկարահանված «Գեղեցիկ դադարից առաջ» խորագրով լիամետրաժ փաստավավերագրական ֆիլմի պրիեմերան, որին ներկա էին նաև ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահը, կառավարության անդամներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Օհան Դուրյանի կյանքի և ստեղծագործկան ուղու մասին պատմող այս փաստավավերագրական չափազանց ուշագրավ ֆիլմը նկարահանել է «Օրդեր ֆիլմ փրոդաքշըն» ընկերությունը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Ֆիլմի ռեժիսորն է Հայկ Օրդյանը։ Ֆիլմը ստեղծվել է ՕհանԴուրյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի կողմից հաստատված հոբելյանական միջոցառումների շրջանակում։

Մեծանուն երաժշտի բարդ, հալածանքներով լի կյանքի ու ստեղծագործական հրաշալի ձեռքներումներով հագեցած ուղու մասին հանգամանալիորեն պատմող ֆիլմի ավարտից հետո դահլիճը հոտընկայս ծափահարություններով հարգանքի տուրք մատուցեց մաեստրոյի հիշատակին և ֆիլմի ստեղծագործական խմբին։

Ֆիլմը ներկայացնում էր Օհան Դուրյանի և նրա ընտանիքի ամենահավատարիմ բարեկամ, նրա տուն-թանգարանի հիմնադիր, հոբելյանական միջոցառումներին իր փաստավավերագրական նյութերով և մտահղացումներով մեծ ներդրում ունեցած անվանի բժիշկ Վահան Վարդապետյանը։

Ֆիլմի ավարտից հետո Օհան Դուրյանի այրին՝ տիկին Ալիս Դուրյանը, «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Շատ հուզված եմ, շատ լավ ներկայացված էր ամեն ինչը, ճիշտ, ազնվորեն։ Զգացված եմ շատ»։

Անվանի խմբավար, կոմպոզիտոր Դանիել երաժիշտն ընդգծում էր. - «Ֆիլմը հրաշալի էր։ Ֆիլմը նվաճում էր, և ՕՀան Դուրյանին հետմահու մի պսակ էր։ Սա անմահության շարունակությունն էր այս ֆիլմը։ Տպավորված եմ։ Եվ այլազգի դիրիժորների գնահատանքները, գնահատականները վկայում են, որ նա հիրավի միջազգային և համաշխարհային կարգի մեծություն էր։ Քանի որ դրա մասին ասում են աշխարհի ամենախստապահանջ գերմանացի դիրիժորներ, երաժիշտներ»։

Իսկ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը «Ազատության» հետ զրույցում շեշտեց. - «Մեր առօրյա կյանքում, մեր ամենօրյա կյանքում նման հոգևոր բովանդակության առկայությունը իհարկե շատ բան է փոխում, և շատ շնորհակալ եմ ֆիլմի հեղինակներին կատարված աշխատանքի համար, որովհետև իսկապես մեծ աշխատանք է կատարվել. և' այցելած երկրների քանակը, և' տարածությունը, արխիվային հետազոտությունները, վաղուց մոռացված փաստական նյութերի վերհանումը, և այս ամենը բերել-հասցնել որոշակի գեղարվեստականության աստիճանի, և մեզ Օհան Դուրյանի անձով, Օհան Դուրյանի ապրած կյանքով ու առաքելությամբ նորից վերադարձնել դասական երաժշտության սերը և պատկառանքը։ Կարծում եմ, այս առումով ֆիլմը հասել է իր նպատակին։ Կարևորում եմ այսպիսի ֆիլմերի գոյությունը այնքանով, որքանով որ միշտ ասել եմ՝ մենք կան այն, ինչ ինքներս մեր մասին մտածում ենք։ Եթե մենք մտածում ենք, որ մենք մի հանրություն ենք, ազգ ենք, պետություն ենք, որը ունի, ունեցել է Օհան Դուրյան, մենք մեր մասին լավ ենք մտածում։ Եթե չէ... փողոցային խոսքը, խուժանությունը՝ բառիս բուն իմաստով, անպարկեշտությունն ու անամոթությունը այնքան են լցվել մեր կյանք, որ նման բովանդակության առկայությունը, կարծում եմ, շատ-շատ կարևոր է։ Ֆիլմը նայել եմ անձանձիր, գրեթե երկու ժամ տևողությամբ ֆիլմ էր, բայց այնքան դինամիկ նկարահանված, այնքան հարուստ փաստական նյութով, ճիշտ համադրված Դուրյանի խոսքը իր մասին հնչող խոսքին, ճիշտ ընտրված, չափի մեջ ճաշակով երաժշտության առկայությանը ֆիլմում, ամեն ինչ իսկապես կարողացել է ներդաշնակվել և համադրվել նպատակի հետ ֆիլմի, այն է՝ վերաիմաստավորել և մեր խոնարհումը բերել մեծանուն մարդու հիշատակի առջև, որը քիչ բան չունի արած մեր հոգևոր երաժշտական մշակույթի համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG