Մատչելիության հղումներ

2024 թվականի սեպտեմբերից տաքսիները հարկվելու են


Օնլայն եք, թե անհատ, աշխատում եք ամբողջ օրը, թե ընդամենը մի քանի ժամ՝ եթե տաքսի ծառայություն եք մատուցում, 2024-ի սեպտեմբերից պետք է մտնեք հարկային դաշտ։ Կառավարության որոշումն է՝ տաքսիները հարկվելու են։

Տաքսիստները դժգոհում են. - «Պետությունը մեզի աշխատանք չի տալիս, մենք ինչի՞ պիտի իրանց հարկ ու տուրք տանք»։

Կարգավորման գլխավոր նպատակը ոչ թե վարորդներից գումար գանձելն է, այլ օրինական դաշտ բերելը, վստահեցնում է կառավարությունը։

Հարկման եղանակն այսպիսին կլինի. յուրաքանչյուր ուղևորության դիմաց պետական տուրք կգանձվի, սկզբում գումարը փոքր կլինի, բայց հետագայում կավելանա։

Հաջորդ տարվա սեպտեմբերից վարորդները քաղաքացիներից կանխիկ գումար ստանալիս ուղևորության արժեքի 2 տոկոսը պետությանը կփոխանցեն, քարտով ստանալիս՝ 1,5 կեսը։ Օրինակ, եթե ուղեվարձը 1000 դրամ կազմի, պետտուրքի չափը կլինի 20 կամ 15 դրամ՝ կախված վճարման եղանակից։ 2025-ից տոկոսները կավելանան՝ նույն հազար դրամ արժեքով ուղևորության դեպքում 35 և 25 դրամ։ Դրանից մեկ տարի անց էլ հարկման տոկոսները վերջնական մակարդակին կհասնեն ՝ 50 դրամ կանխիկի, 40՝ անկանխիկի դեպքում։

Այս նախագիծը վաղուց էր քննարկվում և միայն անցած շաբաթ արժանացավ գործադիրի հավանությանը, հաջորդիվ խորհրդարանական քննարկումներն են։

Հիմնավորում են՝ օնլայն տաքսիների ոլորտը կարգավորված չէ, հայտնի հավելվածները և անձամբ վարորդները հարկեր և տուրքեր չեն վճարում, պետությունը ո'չ դրամական շրջանառության և ո'չ էլ ոլորտում ներգրավված անձանց վերաբերյալ տվյալներ չունի։ Փոփոխության նպատակն էլ, ասում են, նրանց գործունեությունը թափանցիկ դարձնելն է։

Մոտավոր տվյալներով, Հայաստանում մոտ 80 հազար մարդ է գրանցված օնլայն տաքսի ծառայություններում, նրանցից ակտիվ է շուրջ 30 հազարը։

Եթե փոփոխությունն ընդունվի, վարորդները պետտուրք կվճարեն, օնլայն հարթակներն էլ համապաստախան հարկատեսակները՝ ավելացված արժեքի հարկ, եկամտահարկ և այլն։ «Ազատությանն» այսօր չի հաջողվել մեկնաբանություն ստանալ օնլայն տաքսի ծառայություններից։

Կառավարության որոշումն այսօր լրագրողներին ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը. - «Նախ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայությունը առաջարկվում է դարձնել գործունեության ծանուցման ենթակա գործունեություն։ Վերաբերվում է նաև այսօր գործող օրենսդրությամբ լիցենզավորված տաքսիներին։ Լիցենզավորված տաքսիները նույնպես նույն տոկոսների համադրությամբ, որոնք ես նշեցի, պետք է ամեն փոխադրումից վճարեն պետական տուրք»։

Ինչպե՞ս են բոլոր տաքսիստներն իրենց ծառայությունների դիմաց վճարումները պետությանը ներկայացնելու ու տեսանելի դարձնելու։ Արդյոք հնարավո՞ ր է տեխնիկապես իրագործել սա։ Պաշտոնյան ասում է՝ կլուծեն այդ հարցը. - «Մենք հարկային մարմնի հետ, ՊԵԿ մեր գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը, և իրենք պատրաստվում են համապատասխան հարթակ ստեղծել, որի միջոցով այդ գանձումը և փոխանցումը պետական բյուջե, ինչպես նաև էլեկտրոնային կտրոնը էլեկտրոնային հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով տրամադրելը նույնպես կիրականացվի»։

Վերջին տարիներին ուժի մեջ մտած որոշ կարգավորումներ ցույց են տալիս, որ տեխնիկան ապահովվածության հարցը հեշտ լուծվողներից չէ։ Օրինակ անցած տարի անկանխիկ գործարքների օրենքն ընդունվեց, մեկ տարի անց, սակայն, բազմաթիվ են խանութներն ու կրպակները, որտեղ քարտով առևտուր անելու հնարավորություն դեռ չկա։

Տաքսիների դեպքում չի՞ կրկնվի պատմությունը։ Փոխնախարար Սիմոնյանը վստահեցրեց՝ այլ տարբերակ չունեն, պետք է հասցնեն. - «Այդ հարցը նաև կառավարության նիստի ժամանակ վարչապետի կողմից բարձրաձայնվեց, և 24 թվականի սեպտեմբերի 1-ից պետք է ամեն ինչ անենք, որպեսզի օրենքը պատրաստ լինի կիրառման»։

15 տարի տաքսի վարող Արթուրը, մինչդեռ, պնդում է, անգամ եթե տեխնիկապես ապահովեն, հատկապես տարեց վարորդները դժվար թե կարողանան նման համակարգից օգտվել. - «Ոչ մեկն էլ չեն կարողանա, ջահել ըլնի թե ահել ըլնի»։

Գործադիրը ծրագրում է նաև բոլոր տաքսիստներին պարտադրել քարտով վճարում ընդունելու հնարավորություն ունենալ։ Անցած շաբաթ ընդունված նախագծում նման դրույթ չկա, բայց պաշտոնյաները չեն բացառում, որ խորհրդարանական քննարկումների ընթացքում լրացումներ լինեն։ Առայժմ հայտնի չէ, թե խորհրդարանը երբ կսկսի քննարկել կառավարության այս նախագիծը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG