Մատչելիության հղումներ

Արդյո՞ք ՔԿ նախագահն ու նրա ենթական հարցաքննվել են. իրավապահները չեն բացահայտում


Տիգրան Առաքելյան
Տիգրան Առաքելյան

Խոշտանգման հոդվածով քրեական գործի հարուցումից երեք օր անց Տիգրան Առաքելյանը տեղյակ չէ՝ իրեն տուժող ճանաչե՞լ են, թե՞ ոչ։ Իրավապահներն էլ հրաժարվում են նոր տեղեկություններ տրամադրել, թե արդյոք հարցաքննել են Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին ու Երևանի քննչական վարչության պետ Ազատ Գևորգյանին, որոնք, ըստ Առաքելյանի, ծեծել են իրեն, էլեկտրաշոկով փորձել տեղեկություններ կորզել։

«Ենթարկվել եմ ծեծի, ենթարկվել եմ հայհոյանքների, ենթարկվել եմ շանտաժի։ Սպառնալիքներ ընտանիքիս համար, ինձ ասել են, որ կնոջդ ու երեխայիդ դու այլևս չես տեսնելու, մեքենա կգցի տանը, ձեր տունը կամ պաճառ կընկնի գիշերը, ինչ-որ մի բան կպատահի ձեր հետ, որովհետև ձեզ ընտանիքով ենք վերացնելու։ Ասողը, ոչ ավել ոչ պակաս, էղել ա Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը», - պատմել է Առաքելյանը։

Տնային կալանքի տակ գտնվող Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամն անցած շաբաթ էր ահազանգել բռնության մասին. - «Ինձ գետնին քցած, Արգիշտի Քյարամյանը կանգնած ոտքերիս, Ազատ Գևորգյանը էլեկտրաշոկով տարբեր մարմնիս հատվածներին ջուրը լցնում էր և էլեկտրաշոկը միացնում էր մարմնիս»։

Առաքելյանն անցնում է պաշտոնյաների մասին հաճախ արատավորող տեղեկություններ պարունակող, հայհոյախառն եթերներով հայտնի նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի գործով։ Ըստ Քննչականի, Առաքելյանը օժանդակել է դատավորներից մեկի մասին վարկաբեկիչ տեղեկություններ տարածելուն։ Երկրորդ մեղադրանքն առնչվում է դեռ 2015 թվականին հարուցված շորթման գործին։ Թե 8 տարի առաջվա գործով ինչ նոր դրվագներ են ի հայտ եկել, պարզ չէ։

Իսկ հետախուզվող Վարդան Ղուկասյանին Հայաստանում մեղադրում են շորթման, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և բռնության հրապարակային կոչերի համար։ Ղուկասյանի մտերիմներից ու հարազատներից մի քանիսն արդեն կալանավորված են, մեղքը չեն ընդունում։

Մեղադրանքը չի ընդունում նաև Տիգրան Առաքելյանը։ Նրա կինն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների հետ առերեսումներ դեռ չեն արել։ ԱԱԾ-ում դատաբժիշկն արձանագրել է մարմնի վնասվածքները, բայց դեռ ուղեգիր չեն տվել հիվանդանոցում մանրամասն հետազոտվելու համար։

Թե ինչու են իրեն խոշտանգել, Առաքելյանը մանրամասն պատմել է օրերս տարածած տեսագրությունում։ Պնդում է՝ իրենից ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դեմ ցուցմունք էին պահանջում, թե արդյո՞ք այդ երկու կառույցները տեղեկություններ են տվել իրեն, որ ինքն էլ իր հերթին Վարդան Ղուկասյանին փոխանցի։

Խոշտանգման մասին Առաքելյանի պնդումներին երկու բարձրաստիճան իրավապահները որևէ կերպ չեն արձագանքել։ Միայն Քննչական կոմիտեն է հայտարարություն տարածել՝ կտրականապես հերքելով կատարվածը. - «Անհիմն, օդից արված հայտարարությունները չենք մեկնաբանում․ դրա համար կա իրավական ընթացակարգ։ Անձը եթե համարում է, որ իր նկատմամբ կատարվել է հանցագործություն, տվյալ դեպքում՝ խոշտանգում, ինչպես պնդում է, կարող է օգտվել այդ ընթացակարգից, քննություն կարվի, կպարզվեն հանգամանքները»։

«Արտոնյալ Քննչական կոմիտեի նախագահ, որը գիտեք, որ վարչապետի կողմից խիստ այսպես ասած՝ սիրված, մինչև այս պաշտոնը յոթ պաշտոն է զբաղեցրել, և հիմա ինքը կարող է և խոշտանգել, բռնություն գործադրել և որևէ ձայն չհանել», - ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Ժաննա Ալեքսանյան
Ժաննա Ալեքսանյան

Ինչո՞ւ է լռում է Քննչական կոմիտեի նախագահ Քյարամյանը, հարցնում է Ալեքսանյանը։ Նա կարծում է, որ եթե Քյարամյանն իսկապես առնչություն չունենար այս դեպքին, վաղուց հրապարակավ հերքել էր կատարվածը։ Մյուս կողմից, ինչո՞ւ պետք է քաղաքացին խաբի, հարցնում է իրավապաշտպանը. - «Ինչի՞ են հոշոտում քաղաքացիներին, ո՞վ է էդ իրավունքը տվել նրանց, որ տանեն ու հոշոտեն։ Ոստիկանությունը քիչ էր, հիմա գումարվել է Քննչական կոմիտեն»։

Իրավապաշտպանի գնահատմամբ, իրավապահ համակարգի նկատմամբ անվստահությունն է'լ ավելի է խորացել վերջին ամիսներին, երբ մեկը մյուսին հաջորդում են բռնության դեպքերը ոստիկանական բաժանմունքներում մեղադրյալների, նրանց փաստաբանների, գիշերային ակումբներում, Դիլիջանի հյուրանոցներից մեկում՝ անչափահասի նկատմամբ. - «Ես տպավորություն ունեմ, որ ես եմ բռնության ենթարկվում։ Ու էդ լիակատար ազատությունը, անպատժելիությունը թույլ է տալիս, որ անձամբ մասնակցեն բռնություններին նաև այսպես կոչված՝ ղեկավար, պաշտոնատար անձինք։ Այն, որ նա պատասխանատվություն չունի անգամ հերքելու, գոնե իր անունը մաքրելու, որևէ բացատրություն տալու...»

Խոշտանգումների կանխարգելման ոլորտում փորձ ունեցող իրավապաշտպանը նկատում է՝ ամիսներ առաջ էլ անհետ կորած զինվորների ծնողներն էին բողոքել Քննչական կոմիտեի նախագահի պահվածքից, երբ իրենց հետ հանդիպման ժամանակ անհարգալից էր եղել, վիճել։ Ալեքսանյանն ասում է՝ Քյարամյանի ու նրա ենթակայի լիազորությունները նման լուրջ մեղադրանքներից հետո գոնե պետք է կասեցված կլինեին, հետևաբար ինքն արդար քննության հույս չունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG