Մատչելիության հղումներ

Քըլըչդարօղլուն տեսականորեն կարող է դատապարտվել ընդհուպ 110 տարվա ազատազրկման


Ժողովրդահանրապետական կուսակցության լիդեր Քեմալ Քըլըչդարօղլուն, արխիվ:
Ժողովրդահանրապետական կուսակցության լիդեր Քեմալ Քըլըչդարօղլուն, արխիվ:

Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության լիդեր, նախագահության նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն իր դեմ ներկայացված 28 հայցերի հետաքննության կապակցությամբ առաջիկա օրերին կարող է կալանավորվել:

Մեղավոր ճանաչվելու դեպքում նա տեսականորեն կարող է ընդհանուր հաշվով դատապարտվել ընդհուպ 110 տարվա ազատազրկման:

Առանցքայինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորանք հասցնելու մեղադրանքն է: Այդ մասին հայտնել է Cumhuriyet հեռուստակայանը:

Առաջադրվելով նախագահի թեկնածու՝ Քըլըչդարօղլուն չէր մասնակցել խորհրդարանական ընտրություններին և չէր ստացել պատգամավորական անձեռնմխելիություն:

Օգտվելով այդ հանգամանքից, «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ներկայացուցիչները հանդես են եկել նրան մի շարք ծանր մեղադրանքներ ներկայացնելու նախաձեռնությամբ:

Դրանց թվում են Էրդողանին վիրավորանք հասցնելը, սպառնալիքներ հնչեցնելը, հասարակությունում ատելություն և ազգամիջյան բախումներ հրահրելը և ահաբեկչական կառույցին՝ Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությանը սատարելը: Ըստ Cumhuriyet-ի, հայցերի մեծ մասի հեղինակը հենց Էրդողանն է:

Նախկինում Էրդողանը հաճախ է դատարաններ դիմել և շահել գործերն ու ստացված փոխհատուցումը փոխանցել է բարեգործական հիմնադրամներին:

Վերլուծաբանների համոզմամբ, Քըլըչդարօղլուին բանտարկելու հավանականությունը մեծ չէ, քանի որ գործերը միանշանակ քաղաքական բնույթ ունեն և կարող են ապակայունացնել ներքաղաքական վիճակը երկրում:

Քըլըչդարօղլուի առաջնորդած ժողովրդահանրապետական կուսակցությունն ամենահինն է և անդամների թվով երկրորդը Թուրքիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG