Մատչելիության հղումներ

Վերջին 20 օրը «հայ թատրոնի մեծ հաղթանակների ժամանակաշրջան էր»


Մայիսի վերջերին Մոսկվայում մեկնարկել է հանրահայտ Չեխովյան թատերական միջազգային փառատոնը, որին արդեն երրորդ անգամ մասնակցում և լուրջ հաջողություններ en գրանցում նաև հայ թատերական գործիչների ներկայացումները։

Ուշագրավ է, որ, ինչպես նշում է Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանը, «վերջին 20 օրը հայ թատրոնի մեծ հաղթանակների ժամանակաշրջան էր արտերկրում»: «Մայիսի 24-ին Մոսկվայում բացվեց աշխարհահռչակ Չեխովյան փառատոնը, որը եռյակի մեջ է մտնում աշխարհի լավագույն թատերական փառատոնների, և չնայած քաղաքական ստեղծված իրավիճակին՝ այնուամենայնիվ, ֆանտաստիկ ծրագրով բացվեց: Իսկ հաջորդ օրը տեղի ունեցավ Նարինե Գրիգորյանի «Մումու» ներկայացման առաջնախաղը` Նարինե Գրիգորյանը և հայկական բեմադրական թիմը հրավիրվել էին Մոսկվա, որպեսզի «Տագանկա» թատրոնի բեմում անեն ներկայացում: Ֆանտաստիկ լավ ներկայացում է: Ես շատ մեծ հույս ունեմ, որ մեր Մշակույթի նախարարությունը կաջակցի, և ներկայացումը կգա Երևան, և մենք հնարավորություն կունենանք դա տեսնելու: Փառահեղ ընդունելություն էր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մելոյանը:

Չեխովյան թատերական միջազգային փառատոնի շրջանակում Տագանկայի թատրոնում հայ թատերական գործիչների գրանցած հաջողությունները շարունակվել են նաև այս անգամ արդեն Մեյերխոլդի կենտրոնում, որտեղ հունիսի 8-ին ներկայացվել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի «Գարդենիա» բեմադրությունը, որի հեղինակն է Գոռ Մարգարյանը։ Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծում էր Սոնա Մելոյանը, այս բեմադրությունը ևս հրաշալի ընդունելության է արժանացել թե՛ հանդիսատեսի, թե՛ թատերագետների, թե՛ մամուլի կողմից:

«Արդեն երրորդ անգամ է՝ Հայաստանը մասնակցում է Չեխովյան փառատոնի, և սա այն դեպքն է, երբ հակառակը՝ որակը դառնում է քանակ: Արդեն Մոսկվայում Հայաստանը դարձել է բրենդ, հայկական ներկայացումներին գալիս են մեծագույն հաճույքով, համոզմամբ, որ դա լինելու է որակ: Եվ ես շատ մեծ հույս ունեմ, որ նաև հաջորդ տարիներին այդ համագործակցությունը անպայման կշարունակվի», - ասաց Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղարը:

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի խոսքով՝ «Գարդենիա» բեմադրությունը մեծ հաջողություն է ունեցել նաև այստեղ՝ Երևանում, որտեղ այն սկզբում ներկայացվել է որպես բացօթյա բեմադրություն, հետո նոր տեղափոխվել թատրոնի բեմահարթակ, արժանացել է «Արտավազդ» թատերական մրցանակին, հետո էլ ահա հրավեր է ստացել մասնակցելու Չեխովյան փառատոնին, որը շարունակվելու է մինչև հոկտեմբեր:

Մարիաննա Մխիթարյանը հայտնեց, որ իրենք երկու ներկայացմամբ մեծ հաջողությամբ վերջերս հանդես են եկել նաև Վորոնեժում անցկացվող Պլատոնովյան հանրահայտ թատերական միջազգային փառատոնին:

«Իրոք, մեծ հաջողություն է Հայաստանի համար, առաջին հերթին՝ Հայաստանի համար, որ մեր ներկայացումները, մեր թատրոնների ներկայացումները մասնակցում են ադ տեսակ բարձր փառատոններին և ֆորումներին և մեծ հաջողություն ունեն թե՛ հանդիսատեսի կողմից, թե՛ քննադատների կողմից, թե՛ մասնագետների կողմից, թե՛ փառատոնների ղեկավարների կողմից», - ասաց Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենը՝ հավելելով. - «Ներկայանալ այդ տեսակ բարձր որակով Հայաստանից դուրս՝ մեր երկրի համար, մեր երկրի վարկանիշի համար շատ կարևոր է: Մենք ապրում ենք դժվար ժամանակահատվածում, և մեր արվեստի մեջ հաջողությունները նույնպես շատ, շատ կարևոր են»:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի խոսքով՝ այս թատերաշրջանը թատրոնի համար անչափ հագեցած էր նոր բեմադրություններով և հյուրախաղերով, որոնք կշարունակվեն մինչև տարեվերջ։ Այս թատերաշրջանում միայն 10 պրեմիերա են ունեցել։

Իսկ բեմադրիչ Գոռ Մարգարյանն էլ, անդրադառնալով իր բեմադրության ՝ «Գարդենիա»-ի հաջողությանը, ընդգծում էր. - «Իմ ներկայացումը մարդկային հարաբերությունների, սերունդների, հայրեր-որդիներ հարատև խնդրի մասին է: Իմ ներկայացումը պատերազմի և դրա հետևանքների մասին է՝ ոչ թե մեկ-երկու տարի, այլ մի ամբողջ դար, մի ամբողջ սերնդի վրա ճակատագրական հետք թողելու մասին է: Իմ ներկայացումը մարդու մասին է»:

«Ամենակարևորը սերն է՝ որ սերը կփրկի աշխարհի», - շեշտեց բեմադրիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG