Մատչելիության հղումներ

Այն, ինչ եղել է Ցեղասպանության, ստալինյան բռնաճնշումների օրոք, կրկնվում է. բռնադատվածի դուստր


Հունիսի 14-ը Բռնադատվածների հիշատակի օրն է։ Ստալինյան բռնաճնշումների զոհ է դարձել մի քանի տասնյակ հազար հայ։ Նրանք աքսորվել են Սիբիր, ենթարկվել տանջանքների, շատերը գնդակահարվել են։

«Ես էլ բռնադատվածի զավակ եմ, կրել եմ այդ ամբողջ դժբախտությունը։ Վեց տարեկանում որբ եմ մնացել», - այսօր Երևանում՝ բռնադատվածների հուշահամալիրում ասաց բռնադատվածի դուստր Ռուբինա Փիրումյան Մինասյանը։

«Ինչո՞ւ եմ որբ մնացել, որովհետև հայ եմ, որովհետև ձգտում եմ ազատության։ Մեր թշնամուն ճանաչենք, մեր պատմությունը սովորենք, ինչ որ եղել է՝ թե Ցեղասպանության օրոք, թե ստալինյան բռնաճնշումների օրոք, կրկնվում է՝ այսօր ապրում ենք դա», - նկատեց նա։

«Մեր հասարակությունը, կարծեք, իր մշակույթով և իր պատկերացրած իշխանության-հասարակության հարաբերությունը, շատ դեմ չի, որ իշխանությունն ունենա պարտադրող բնույթ, և հարաբերությունները լինեն պարտադրող, այդ թվում՝ պատիժներով», - «Ազատության» հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

21-րդ դարը բավական ակտիվ է հենց նաև քաղաքական բռնությունը որպես իշխանության ձև լեգալիզացնելու հնարավորությունով, հավելեց նա, շարունակելով. - «Օրինակ՝ ես մեր հարևանների մեջ էլ եմ տեսնում ռեալ այդպիսի միապետականին մոտեցող երկրներ, որոնց նկատմամբ այդ քաղաքական բռնությունը մերժող միջազգային կառույցները բավական բարեհաճ են և կարծեք թե, համաձայնողական են։ Նաև ես կասեի՝ երբեմն Հայաստանի նկատմամբ բռնապետական վարքի վերլուծություն և այդ վարքից բխող վերաբերմունք գործնականում շատ պլաստիկ է, խոսքային է, հռետորական է, գործնական չէ։ Այլ կերպ ասած՝ մենք հետազոտողներս լիովին տեսնում ենք այն հնարավորությունը, որը կարող է մեր անցյալը վերադարձնել ներկա»։

«Ազատության» դիտարկմանը, որ բռնապետների ժամանակ էին հիմնականում աղետալի պատերազմներ ու զոհեր լինում, իսկ պատմությունից հետևություններ չե՞նք անում, ազգագրագետն արձագանքեց. - «Գուցե նաև սա է, դա հնարավորություններից, անշուշտ, մեկն է, մյուս բանը կա, որ մենք բռնության անցած մեր փորձի այսօրվա ռեալ գիտակցությունը, կարծեք, հանրայնորեն չունենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG