Մատչելիության հղումներ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել «Ախմատ» չեչենական ջոկատի հետ


Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը և Պետական դումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը, արխիվ:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը և Պետական դումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը, արխիվ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը համագործակցության պայմանագիր է կնքել «Ախմատ» չեչենական ջոկատի հետ: Փաստաթուղթը ստորագրվել է «կամավորական միավորումների ծառայության կազմակերպման ծրագրի շրջանակներում»:

Ավելի վաղ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պահանջել է, որ բոլոր ոչ կանոնավոր զորամիավորումները մինչև հուլիսի 1-ը համագործակցության պայմանագրեր կնքեն պաշտպանական գերատեսչության հետ:

«Ախմատի» պայմանագիրը կնքել են Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսեյ Կիմը և Հատուկ նշանակության ուժերի ռուսաստանյան համալսարանի տնօրեն Ադամ Դադաշևը:

Ստորագրման արարողությանը ներկա են եղել «Ախմատ» ջոկատի հրամանատար Ապտի Ալաուդինովը և Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը:

«Հուսամ, այս մեր առաջին փորձը հաշվի կառնեն և պայմանագրեր կկնքեն նաև մնացած կամավորական ջոկատները»,- ստորագրումից հետո ասել է Ալեքսեյ Կիմը:

«Ախմատ» ջոկատը կրում է Չեչնիայի հանգուցյալ նախագահ, Չեչնիայի ներկայիս ղեկավար Ռամզան Կադիրովի հոր՝ 2004 թվականի մայիսի 9-ին ահաբեկչական գրոհի զոհ դարձած Ախմատ Կադիրովի անունը:

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր և ղեկավար, մեծահարուստ Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ իր կառույցը պայմանագիր չի ստորագրի: Նրա խոսքով, «Վագներն» առանց այն էլ գործողությունները համակարգում է Ռուսաստանի զինված ուժերի հետ և բոլորից արդյունավետ է գործում:

«Դժբախտաբար, Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների մեծ մասը մեր արդյունավեուտությունը չունի, և պատճառն այն է, որ Սերգեյ Շոյգուն ունակ չէ նորմալ ղեկավարել զորամիավորումները»,- հայտարարել է Պրիգոժինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG