Մատչելիության հղումներ

Էջմիածնի Բաղրամյան 22 շենքի բնակիչներն արդեն կես տարի ջրի խնդիր ունեն


Էջմիածնի Բաղրամյան 22 շենքի բնակիչներն արդեն կես տարի ջրի խնդիր ունեն։ Շենքում մի քանի ամիս ընդհանրապես ջուր չի եղել, իսկ լինելու դեպքում էլ այնքան թույլ հոսքով, որ հնարավոր չի եղել բավարարել կենսական կարիքները։

«Ջուր ունենում ենք ցերեկը, բարակ է լինում, կալոնկեն, որ նույնիսկ միացնում ենք էլ, շատ դժվարությամբ: Երեկոյան ջուրը լրիվ կտրվում է», - ներկայացրեց բնակիչներից մեկը:

Դեռ մարտին բնակիչներից Նարեկ Հայրապետյանը դիմել էր մատակարարումն իրականացնող «Վեոլիա ջրին»։ Ընկերության աշխատակիցների այցից հետո մի քանի շաբաթ կանոնավոր ջուր է եղել, բայց հետո նորից կտրվել։ Դրանից հետո «Վեոլիա»-ից նամակով պատասխանել են՝ սակավաջրության պատճառը շենքի պոմպերի անսարքությունն է և դրանով պետք է զբաղվեն տեղական ինքնակառավարման մարմինները։

«Այսինքն՝ փաստը այն է, որ իրանք ջուր մատակարարել են էդ ընթացքում, դրա համար կար», - ասաց Հայրապետյանը:

Չկարողանալով լուծել խնդիրը՝ շենքի բնակիչները ստիպված են խմելու ջուր գնել խանութներից կամ հույսը դնել մոտակա ցայտաղբյուրի վրա։ Մի մասն էլ իր հաշվին տներում ջուր կուտակող բաքեր են տեղադրել, որը սակայն բավարար չէ կենցաղային խնդիրները լուծելու համար։ «Ազատության» այցելության պահին շենքի տներում ծորակից ջուր հոսում էր, բայց բնակիչները դառը փորձ ունեն։

Թեև Բաղրամյան 22-ի բնակիչները վստահեցնում են, որ կես տարի շարունակվող խնդրի մասին տարբեր ձևերով բազմիցս դիմել են Էջմիածնի համայնքապետարանին՝ քաղաքապետարանի աշխատակազմի մամուլի քարտուղար Սիրանույշ Գևորգյանը վստահեցնում է՝ մինչ այժմ ոչ մի հասցեից որևէ նամակ չեն ստացել և տեղյակ էլ չեն՝ ինչ խնդիրների առաջ են կանգնած բնակիչները:

«Որքանով կլինի մեր իրավասության տիրույթում, մենք կարձագանքենք», - նշեց քաղաքապետարանի աշխատակազմի մամուլի քարտուղարը:

Գևորգյանը, չի բացառում, որ հնարավոր է լինեն տեխնիկական խնդիրներ, որոնք կարող էին խոչընդոտել խնդրի հրատապ լուծմանը. - «Բնակիչները կարող են մոտենալ համայնքապետարան, իրենց դիմումը ներկայացնել գրավոր տարբերակով»:

Բնակիչները, սակայն, շոգ ամառվա մեկնարկին ընդառաջ համայնքապետարանի վրա հույս չեն ցանկանում դնել և մտադիր են լուծել խնդիրը անձնական միջոցներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG