Մատչելիության հղումներ

Դեբետ գյուղում 11-ամյա երեխան մահացել է էլեկտրահարումից


Լոռու Դեբետ գյուղի խաղաղահրապարակում էլեկտրահարության հետևանքով 11-ամյա աղջնակ է մահացել։ Երեկ երեկոյան ժամը 5-ի սահմաններում երեխան խաղալիս դիպել է էլեկտրասյունից դուրս եկած հոսանքալարին, էլեկտրահարվել ու տեղում մահացել:

Աղջիկը 2020-ի պատերազմից հետո Արցախից տեղահանված Գրիգորյանների ընտանիքի 8 երեխաներից երկրորդն էր։ Ողբերգական դեպքի պահին խաղահրապարակում 5-6 երեխա է եղել, որոնցից չորսը նույն ընտանիքից էին։ Նրանց հետ մեծահասակներ չեն եղել, «Ազատությանն» ասաց Դեբետի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանը. - «Ստեղ ուղղակի ծնողները նստում, հանգստանում են կամ սպասում երեխաներին։ Ինքը ավելի շատ ուղղակի նստելու համար նախատեսված տարածք ա, ոչ թե խաղալու։ Երեխաներից մեկը նշել էր, որ իրանք պախկվոցի են խաղացել, ու Լուսինեն թաքնվել ա հենց ստեղ»։

Դեբետի խաղահրապարակը երեք տարի առաջ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն է կառուցել ու հանձնել համայնքին։ Վարչական ղեկավարն ասում է՝ մեծ, գյուղական բնակավայրի համար բացառիկ այս խաղահրապարակը գյուղի սիրելի վայրն էր։ Բոլոր սղարաններն ու աստիճանները պլաստմասսե են, անվտանգ երեխաների համար, տարածքը բարեկարգ։ Անվտանգության հետ կապված մտավախություններ երբևէ չեն ունեցել, մտահոգիչ բան չեն նկատել։

Խաղահրապարակի տարածքը լուսավորելու համար տեղադրված էլեկտրասյուներն ամենաներքևի հատվածում ունեին հատուկ սպասարկման համար նախատեսված կափարիչներ, որոնք ամրացված էին հեղյուսներով։ Տեղ-տեղ 4 հեղյուսներից մեկը բացակայում էր, բայց կափարիչներն ամուր էին։ Միայն փայտե նստելատեղում, ուր տեղի է ունեցել ողբերգական դեպքը, մետաղյա կափարիչը չկար, հոսանքալարերը՝ դուրս էին քաշված, անգամ՝ լարերի մեկուսիչ շերտը չկար։

Գյուղի վարչական ղեկավարն ասում է՝ երեք տարվա ընթացքում տարածքը մաքրել են, բարեկարգել, բայց հոսանքի հետ կապված խնդիր չի առաջացել, խաղահրապարակում հոսանքի հարցով պատասխանատու չեն ունեցել, բաց հոսանքալարն էլ որևէ մեկի աչքով չի ընկել. - «Խնամքը մենք ենք իրականացնում, բայց ոչ հոսանքի հետ կապված»։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է սկսել անզգուշությամբ կյանքից զրկելու հոդվածով, փորձաքննություններ են նշանակել՝ գտնելու գյուղացիներին տանջող հարցերի պատասխանները։ Մինչ այդ, դեբետցիները փակել են իրենց համար սիրելի վայրի դուռը։ Ողջ օրն այստեղ լռություն էր, գյուղապետարանում սգո ծաղկեպսակ էին պատրաստել ողբերգություն ապրած ընտանիքին սփոփելու համար։

Եթե Դեբետի դեպքով քննություն է ընթանում, ապա օրեր առաջ՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, Վանաձորում տեղի ունեցած միջադեպն անհետևանք է մնացել։ Հրապարակի բացօթյա բեմում պարային խմբի ելույթի պահին, երեխաների վրա էր ընկել մետաղական ծանր կոնստրուկցիան, որի հետևանքով պարողներից մեկը՝ 6-ամյա Նարեն ոտքի կոտրվածք ունի ու քայլել չի կարողանում։

Նրա մայրը՝ Վեներա Քոչարյանն ասում է՝ բարեբախտություն էր, միայն ոտքի կոտրվածքով են պրծել. - «Հինգ րոպե առաջ իրանք ելույթ են ունենում, որ երեխան պետք ա պաշտպանված լինի... Առաջին օրը մենք էնքան ահավոր վիճակում էինք։ Նարեի ոտքը եթե պոկված էլ ըլներ անգամ, ես դրա համար էլ ուրախ կլինեի, որ հրաշքով իմ էրեխեն պրծել ա... Դա դիտավորություն չի էղել»։

Տուժած աղջնակի մայրը զարմանում է՝ ինչո՞ւ օրը ցերեկով, հրապարակային միջոցառման ժամանակ տեղի ունեցած դեպքին Ոստիկանությունը չի արձագանքել։ Արդյո՞ք համարել են, որ այստեղ կազմակերպիչները մեղքի բաժին չունեն. - «Արդեն էսօր յոթերորդ օրն ա, ու իմ էրեխեն ամբողջ գիշեր չի քնում։ Ո՞վ պետք ա դրա համար պատասխան տա։ Իրանց էրեխեքը հանգիստ քնում են, իրանք դա... անփութություն էր, եղավ, անցավ-գնաց, ոչ մեկը դրա համար մեղավոր չի։ Բայց չէ՞ որ ինչ-որ մեկը պատասխանատու ա դրա համար։ Քույրին հարցրեցի ինչո՞ւ ոստիկաններից ոչ մի ձայն չկա, թե՝ էս թեթև վնասվածքների համար էլ իրանք չեն գալիս... Թեթև վնասվածք էլի կարա լինի, երբ որ քու էրեխեն քու տան մեջ ընկնում ա, բայց երբ հրապարակում միջոցառման ժամանակ...»

Վանաձորի համայնքապետի պաշտոնակատը դեպքի օրը աղջնակին մի տիկնիկ է ուղարկել ու որպիսություն հարցրել։ Մամուլի քարտուղար Աստղիկ Ավետիքյանն այսօր «Ազատությանն» ասաց՝ մետաղական կոնստրուկցիան մշտապես օգտագործել են հրապարակի բոլոր տոնակատարություններին, նախկինում երբևէ ոորևէ դեպք տեղի չի ունեցել. - «Նման կոնստրուկցիաները միշտ օգտագործվում են մեր էդ բեմի վրա, ուղղակի էդ պահին քամին մի քիչ ուժգին ա էղել և դրանից էլ կապված են եղել էդ դրոշակները, դրա արդյունքում դժբախտ պատահականությունը տեղի ա ունեցել։ Բարեբախտություն ա, որ չարյաց փոքրագույնով ենք պրծել»։

Այսօր Քննչականից «Ազատությանն» ասացին՝ 6 օր առաջ տեղի ունեցած դեպքով վարույթ չի հարուցվել, քանի որ օպերատիվ մարմիններից կամ քաղաքացուց որևէ հաղորդում չեն ստացել։ Ոստիկանությունից չմեկնաբանեցին, թե ինչու որևէ գործողություն չեն նախաձեռնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG