Մատչելիության հղումներ

Պուտինը, Տոկաևն ու Լուկաշենկոն շնորհավորել են Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի՝ բարձր գնահատելով հաստատված կառուցողական երկխոսությունը՝ Վլադիմիր Պուտինը կարևորել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունները շարունակեն հաջող զարգանալ՝ չնայած միջազգային ծանր իրավիճակին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին

«Լիահույս եմ, որ Ձեզ հետ համատեղ կշարունակենք աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ», - իր ուղերձում ասել է Ռուսաստանի նախագահը:

Տոկաևն արդյունավետ է գնահատել Փաշինյանի պետական գործունեությունը։ Նրա նախաձեռնած քաղաքական ու սոցիալ-տնտեսական բարեփոխումները համակարգված համարել՝ շեշտելով՝ դրանց իրականացումը ծառայում է որպես պետության կայուն զարգացման երաշխիք, նպաստում հայ ժողովրդի բարեկեցության բարելավմանը։

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաև
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաև

«Բարձր եմ գնահատում Ձեր հանձնառությունը՝ ամուր բարեկամական կապերի և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված ղազախ-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը», - ասել է Ղազախստանի նախագահը։

Լուկաշենկոն, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ Փաշինյանի «հարուստ կառավարչական փորձը, պետական խնդիրների լուծման մասնագիտական մոտեցումը թույլ կտա այսուհետ ևս հաջողությամբ հաղթահարել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, հասնել հայ ժողովրդի շահերից բխող բոլոր նպատակներին»։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո

Բելառուսի նախագահը հույս է հայտնել, որ կշարունակվի բելառուսա-հայկական համապարփակ գործընկերության զարգացմանն ուղղված կառուցողական երկխոսությունը, ինտեգրացիոն կարգավորումներում սերտ համագործակցությունը, միջազգային հարթակներում ռազմավարական համագործակցությունը։

Հայաստանի վարչապետն այսօր դարձավ 48 տարեկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG