Մատչելիության հղումներ

Թողարկվել է «Տիգրան Կազազյան» քառյակի առաջին ձայնասկավառակը


Տիգրան Կազազյան
Տիգրան Կազազյան

Անցյալ տարի Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կայացած առաջին համերգին Կոմիտասի թանգարանում հանդես եկավ երաժիշտ, կոմպոզիտոր, ուդահար Տիգրան Կազազյանի հիմնադրած «Տիգրան Կազազյան» քառյակը, որը մեծ ընդունելության արժանացավ մեր երաժշտասերների կողմից։

Օրերս թողարկվել է Տիգրան Կազազյանի առաջին ձայնասկավառակը, որն ամբողջովին ներառում է համերգի ընթացքում հնչած ստեղծագործությունները, որոնց հեղինակը հենց Տիգրան Կազազյանն է։

«Ազատության» հետ զրույցում Տիգրանը նշում էր, որ իր համար շատ կարևոր էր այս ձայնասկավառակի թողարկումը, որն արդյունք է իրենց ողջ խմբի աշխատանքի. - «Էս ալբոմը կոչվում ա Still Love («Դեռ սեր»), սա հենց Ֆրանկոֆոնիայի առաջին համերգն է, այսինքն՝ լայվ համերգի ալբոմը։ Ես որոշեցի, որ տարածենք, ու ամեն մարդիկ միանգամից զգան լայվ համերգի զգացումը։ Հիմնականում իմ ստեղծագործություններն են, մեկ հատը Լյուսի Խանյանի հետ ենք ստեղծագործել, մի հատ պապայիս՝ Ջորջ Գազազյանի ստեղծագործությունն է»։

Տիգրանը ծնվել է Եգիպտոսում ՝ եգիպտահայ անվանի կոմպոզիտոր, ուդահար Ջորջ Կազազյանի և ֆրանսուհի, պատմաբան Անն Լը Գալ-Կազազյանի ընտանիքում։ Կրթությունը ստացել է Կահիրեի Ամերիկյան համալսարանում, շարունակել է Կանադայում ՝ Մոնրեալի համալսարանի քաղաքագիտության և կառավարման ֆակուլտետում։

Սերը երաժշտության հանդեպ վաղուց է ի հայտ եկել, և դեռ պատանեկության տարիներից թե' նվագել է, թե' ստեղծագործել։ Հանդես է եկել բազմաթիվ համերգներով, նաև հոր Ջորջ Կազազյանի հետ։

Համերգներով հանդես է եկել տարբեր երկրներում ՝ ներկայացնելով իր իսկ ստեղծագործությունները՝ ավանգարդ-ֆոլք և համաշխարհային երաժշտական ժամանակակից այլ ուղղություններով։ Տասնմեկ տարի առաջ Ֆրանսիայից տեղափոխվեց Հայաստան, այստեղ էլ ամուսնացավ և այժմ երկու հրաշալի փոքրիկների հայր է։ Հայաստան տեղափոխվելուց հետո էլ անընդհատ ստեղծագործել է և, իր իսկ խոսքով, հրաշալի երաժիշտների հետ համագործակցել։

Այստեղ հիմնադրել է թե «Տիգրան Կազազյան» քառյակը, թե նույանուն տրիոն , որի հետ էլ կրկին առաջիկայում մի շարք համերգներով են հանդես գալու. - «Օգոստոսին ունենք մեկ հատ համերգ Շվեյցարիայում, մեկ հատ համերգ Շվեդիայում։ Հետո Ֆրանսիա պիտի գնամ, էնտեղ համագործակցություն ունեմ մի երգչուհու հետ, հայտնի ֆրանսիացի երգչուհի է։ Իսկ Հայաստանում հունիսի 30-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում ունենք համերգ Լյուսի Խանյանի հետ, և Մանանա Ավետիսյանի, ում հետ նոր ենք աշխատում, հարվածային գործիքներ»։

Հարցին, թե արդյո՞ք փախվել է Հայաստանը իր այստեղ ապրելու տասնմեկ տարիների ընթացքում, Գազազյանը պատասխանեց. - «Շատ ա փոխվել Հայաստանը, ամեն օր փոխվում ա Հայաստանը։ Քանի որ փոքր երկիր ա, ամեն բան ազդում ա։ Ուրիշ բաներ կան, հեչ չեն փոխվում կամ շատ դանդաղ են փոխվում, բայց շատ փոխվել Հայաստանը։ Երաժշտության համար, լիքը ուրիշ բաների, արվեստի և ոչ արվեստի... Ուղղակի փոքր երկիր ա, բայց այդքան մեծ ազդեցություն ունի ու ունեցալ ա, միևնույն ժամանակ վտանգի տակ են։ Միշտ կարևոր երկիր ա եղել»։

Իսկ հարցին, թե ինչպես է տեսնում Հայաստանը երեսուն տարի հետո, Տիգրան Գազազյանն արձագանքեց. - «Երեսուն տարի անց... հուսանք, առաջինը, լավ պաշտպանված ու զարգացած, բոլորը ուրախ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG