Մատչելիության հղումներ

Գարեգին Մուրադյանը բացօթյա պայմաններում ելակ ու այլ հատապտուղներ է աճեցնում ցրտաշունչ Թավշուտում


Գարեգին Մուրադյանը որոշել է զարմացնել բոլորին ու ցրտաշունչ Թավշուտում բացօթյա պայմաններում ելակ ու այլ հատապտուղներ աճեցնել։ 59-ամյա Գարեգինը մասնագիտությամբ ինժեներ մեխանիկ է, 6 տարի առաջ տնամերձում փորձնական սկսեց ելակ աճեցնել ու այլևս չկարողացավ կտրվել հողից, ասում է՝ սիրահարվեցի դաժան գործին։

«Էն ժամանակ ջուր էլ չկար, կաթիլայինը հլը չէր աշխատում, դույլերով ջրել ենք, հետո տեսանք բերքը, սիրահարվեցինք: Շատ դաժան գործ է, բայց սիրով անում եմ», - ասաց Գարեգինը:

Ոչ ջերմոցային պայմաններում ելակ ու այլ հատապտուղներ ծովի մակերեևույթից 2100 մետր բարձրության վրա աճեցնելու մասին ով լսում զարմանում է, ասում է՝ հատուկ գալիս են, որ տեսնեն, չեն հավատում։

«Շատ մարդիկ Հայաստանի տարբեր տեղերից հետաքրքրության համար եկել տեսել են, հիացել, գնացել են», - նշեց նա:

Մի անգամ նույնիսկ ծրագիրը վերահսկողներից մեկն էր Թավշուտ հասել՝ իտալացի Ջորջիոն։

Հատապտուղների աճեցման համար ժամանակակից մեթոդներ է կիրառում՝ հակակարկտային ցանցն է բերքը պաշտպանում կարկուտից, իսկ ոռոգման համակարգն էլ կաթիլային է։ Խոստովանում է, եթե Ավստրիական զարգացման հիմնադրամն ու ՄԱԿ-ի ծրագրերը չլինեին, ոչ հակակարկտային ցանց կունենար, ոչ էլ կաթիլային ոռոգման համակարգ այդքան գումար գյուղացուն այն էլ Աշոցքի տարածաշրջանում ապրողին որտեղի՞ց։

«1000 քառակուսի մետրին մոտ 10 հազար եվրոյի սահմանների գումար է, էդ գյուղացու համար շատ մեծ թիվ է: Էս հակակարկտային ցանցը, կաթիլային ոռոգումը մի հատ հրաշք բան են: Ես արդյունք չէի ունենա, եթե էս սիստեմը չլիներ», - ներկայացրեց 59-ամյա Գարեգինը:

Ծանր աշխատանքից Գարեգինը չի դժգոհում, թեև ասում է՝ սա լիարժեք բիզնես չէ, եկամուտը քիչ է. - «Ես մի տարի լրիվ տանջվել եմ 6-7 ամիս ստեղ, եղել է իմ եկամուտը 500 կիլո կլուբնիկ, 500 հազար դրամ, էդ խնդալու թիվ է այսօրվա դրությամբ, 500 հազար դրամով մի տարի տանջվեց, էդ խնդալու թիվ է, բայց էդ էլ է փող»:

Ստացված ելակը հենց տեղում էլ իրացնում է՝ թավշուտցիներն ու հարևան գյուղերի բնակիչներն են գնորդները. - «Իրացման խնդիր բացարձակ չունեմ, անցած տարի օրը 100 կիլո է եղել, պիկը, մարդ կա նեղացել է, որ ինք ուշացրիր, մարդ կա, որ ասել եմ, էսօր քիչ տար, վաղը արի տար, որ բոլորին խոստացածս տամ»:

Այս տարի եղանակը արդեն բավականին վնաս է հասցրել, ելակի ու հատապտուղների թփերից շատերը ցրտահարվել են. - «Էս տարի լավ չէ, հիմնականում, որ պետք է բերք ստանայի չորացել է, ձյուն չեկավ»:

Չնայած դժվարություններին ասում է՝ չի հրաժարվի արդեն 6 տարի իր համար սիրելի դարձած զբաղմունքից։ Մտադիր է այլ տեսակի հատապտուղներ էլ փորձարկել գուցե Թավշուտի ցուրտ կլիմային հարմարվեն, հետո կաճեցնի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG