Ուկրաինայի վրա Ռուսաստանի կատարած լայնածավալ հարձակումից հետո նախկին խորհրդային երկրներում նկատվել է Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքի վատթարացում: Այդ մասին են վկայում Gallup կենտրոնի անցկացրած հարցումների արդյունքները:
Նախկին Խորհրդային Միության տարածքում, որը Կրեմլն ավանդապես համարել է իր շահերի և հատուկ ազդեցության գոտին, Ռուսաստանի իշխանության գործողությունները ողջունող մարդկանց թիվն ավելի քան 10 տոկոսով նվազել է:
Պատմականորեն «ռուսամետ» համարվող Հայաստանում, Մոլդովայում, Ղազախստանում և Ադրբեջանում Ռուսաստանի ղեկավարի գործելակերպը դատապարտողների թիվը գերազանցել է սատարողներինը:
Հայաստանում Ռուսաստանի ղեկավարության գործելակերպին հավանություն տվողների թվի կրճատմանը զուգահեռ աճել է ԱՄՆ-ի և Չինաստանի հանդեպ համակրանք տածողների թիվը:
Ադրբեջանում Ռուսաստանին համակրողների թիվը կրճատվել է 2.6 անգամ և կազմում է հարցվածների 23 տոկոսը:
Ղրղըզստանում և Ուզբեկստանում Ռուսաստանին համակրողների թիվը դեռ մեծ է, բայց այն նույնպես լրջորեն նվազել է:
Բացի այդ, ըստ Gallup-ի, պատերազմի հետևանքով Ռուսաստանի իշխանությունը զրկվում է նաև հարևան երկրներում ապրող ռուսների աջակցությունից:
Gallup-ի հարցումների պատմության 15 տարիների ընթացքում առաջին անգամ Էստոնիայում և Լատվիայում ծագումով ռուսների մեծ մասը բացասական է գնահատել Ռուսաստանի քաղաքականությունը: Այդօրինակ միտում է գրանցվել նաև Ղազախստանում ապրող ծագումով ռուսների շրջանում:
Միաժամանակ, ըստ Gallup-ի, Ուկրաինայում, Բալթյան երկրներում և հետխորհրդային մնացած պետությունների մեծ մասում Միացյալ Նահանգների իշխանության վարկանիշն արդեն ավելի բարձր է Ռուսաստանի իշխանության վարկանիշից: