Մատչելիության հղումներ

Գյումրիում տղամարդուն խոշտանգելու ու հրազենային վիրավորում հասցնելու գործով ձերբակալվել է Գյումրիի ավագանու անդամ Երվանդ Խանամիրյանը


Գյումրիի ավագանու անդամ Երվանդ Խանամիրյան
Գյումրիի ավագանու անդամ Երվանդ Խանամիրյան

50-ամյա տղամարդուն ծեծելու, խոշտանգելու ու հրազենային վիրավորում հասցնելու գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է Գյումրիի ավագանու իշխանական անդամ Երվանդ Խանամիրյանը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել, այսօր կքննվի նաև խափան միջոցի հարցը։

«Աբսուրդն էն է, որ անձին մեղադրում են տուժողին բուժօգնություն ցույց տալու նպատակով պոլիկլինիկա տեղափոխելու միջոցով հանցագործությունը պարտակելու մեջ... Էդ մեղադրանքով ձերբակալվել է», - ասաց Խանամիրյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

Ավելի վաղ այս գործով ձերբակալվել էր իշխող «Քաղպայմանագրի» համակիր, 35-ամյա գործարար Մարտին Թորոյանը։ Նա մեղադրվում է սպանության փորձի, մարդուն ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ապօրինի հրազեն ձեռք բերելու համար։ Չնայած այս ծանր հոդվածներին, Թորոյանը 10 միլիոն գրավի դիմաց տնային կալանքի տակ է։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Թորոյանը, որն իր համար շինարարական աշխատանք կատարող տղամարդուն կասկածել է շինանյութի գողության մեջ, նախ ծեծել է, թքել դեմքին, գցել շան ճաղապատ բունը, շանը հարձակվելու հրաման տվել, մոտ 20 րոպե սառը ջրի շիթ պահել տղամարդու վրա, որից հետո էլ կրակել է նրա որովային։

Ընդ որում՝ հիվանդանոց դիմելիս տուժածը թաքցրել է, թե հրազենային վիրավորում ունի, բժիշկները դա պարզել են միայն վիրահատարանում։ Տղամարդու վիճակը միջին ծանրության է, նա դեռ հիվանդանոցում է, նրա հարազատները հրաժարվում են խոսել դեպքից։

Այդ դաժան բռնությանն առչություն ունեցած ավագանու անդամին այսօր հանդիպեցինք Քննչական կոմիտեի Շիրակի մարզային կառույցում։ Երվանդ Խանամիրյանը պնդեց, թե փախուստի չի դիմել, ինչպես գրում էր մամուլը։ Այլ հարցերի հրաժարվեց պատասխանել. - «Չէ փախուստի մեջ չեմ էղել։ Ծանուցել են ինձ, որ ներկայանամ Էննչական, ես էլ ներկայացել եմ Քննչական։

ՔՊ-ական ավագանու անդամը մի քանի ամիս առաջ էլ էր հայտնվել սկանդալի կենտրոնում, երբ առանց թույլտվության սկսել էր ապօրինի շինություն կառուցել քաղաքի կենտրոնում։ Շինությունը քաղաքապետարանը ապամոնտաժեց։

Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանից հետքրքրվեցինք, թե արդյոք իրենց թիմակցի հետ խոսել են դեպքի մասին. - «Ես չեմ հասցրել զրուցել»։

Հարությունյանն ասաց, որ միայն իրավական ակտից հետո կորոշվի Խանամիրյանի մանդատի հարցը. - «ՏԻՄ օրենքը այս ամենը հստակ կարգավորում է։ Եթե լինեի դատարանի վճիռ և որևէ ավագանու անդամ մեղավոր ճանաչվի, ապա ավտոմատ իր լիազորությունները ավագանու դադարում են»։

Արամայիս Հայրապետյանը նաև Մարտին Թորոյանի փաստաբանն է, փոխանցեց, որ իր վստահորդը իրեն մեղավոր չի ճանաչում։ Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ էր փախուստի դիմում, չէ՞ որ, ըստ Քննչական կոմիտե հաղորդագրության, նրան Զվարթնոց օդանավակայանում են հայտանաբերել Հայաստանը լքելու պահին, Հայրապետյանն արձագանքեց. - «Նախ ինքը փախուստի չի դիմել։ Քննչական կոմիտեն երբևէ որևէ կարգավիճակով Մարտին Թորոյանին չի հրավիրել վարույթն իրականացնող մարմին, երբևէ չի ծանուցել ներկայանալու անհրաժեշտության մասին։ Այսինքն՝ վարույթ իրականացնող մարմին ներկայանալու միակ կարգը, ըստ օրենքի, ծանուցագիր ուղարկելն է։ Եթե քննիչը չի հայտնում Մարտին Թորոյանին, որ անհրաժեշտություն կա նրա հետ որևէ գործողություն կատարելու, Մարտին Թորոյանը գուշակե՞ր պետք է... Ուղղակի զուգադիպել է, նախապես պլանավորված գործ է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում, կարճ ժամանակով պիտի գնար, վերադառնար»։

Մարտին Թորոյանն, ի դեպ, գյումրեցի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդևան Գրիգորյանի քրոջ որդին է։

XS
SM
MD
LG