Մատչելիության հղումներ

Սինան Օղանը երկրորդ փուլում կսատարի Էրդողանին


Մայիսի 14-ին քվեների հինգ տոկոսով երրորդ տեղը զբաղեցրած Սինան Օղանը Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կպաշտպանի Ռեջեպ Թայիփ Էրդողանին, ազգությամբ ադրբեջանցի ազգայնական գործիչն այս մասին հայտարարեց քիչ առաջ Անկարայում հրավիրված ասուլիսի ժամանակ։

«Ընտրությունների երկրորդ փուլի շեմին մենք բանակցել ենք երկու թեկնածուների հետ էլ՝ թե Ժողովրդական դաշինքի կողմից առաջադրված Ռեջեպ Թայիփ Էրդողանի և թե Ազգային դաշինքի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ։ Ազգային դաշինքը, սակայն, չկարողացավ մեզ համոզել իր մոտեցումների իրավացիության մեջ։ Մենք համարում ենք, որ խորհրդարանն ու գործադիր իշխանությունը պետք է գտնվեն նույն ուժի ձեռքում, ուստի մենք որոշել ենք ընտրությունների երկրորդ փուլում սատարել Ժողովրդական դաշինքի թեկնածու Ռեջեպ Թայիփ Էրդողանին», - հայտարարել է Օղանը։

Թուրք սոցիոլոգների պնդմամբ՝ առաջին փուլում Օղանի օգտին տրված քվեների 30 տոկոսն անցնելու է Էրդողանին, 20 տոկոսը՝ Քըլըչդրարօղլուին։ Քվեների նման բաշխումը, ըստ ամենայնի, բավարար կլինի Էրդողանի հաղթանակի համար։ Գործող նախագահի շանսերը մեծացնում է նաև արտերկրում բնակվող թուրքերի շրջանում՝ մայիսի 20-ին մեկնարկած քվեարկության ակտիվ ընթացքը։ Առաջին փուլում արտերկրում գտնվող տեղմասերում Էրդողանը համոզիչ հաղթանակ էր տարել՝ ստանալով քվեների 57 տոկոսը։

«Երբ ես նայում եմ, թե ինչ է արել այս քսան տարիներին Էրդողանը, առաջինն, ինչ աչք է զարնում, նրա հարաբերություններն են Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ։ Մեր նախորդ նախագահները Արևմուտք էին գալիս հրահանգներ ստանալու նպատակով, իսկ Էրդողանը կարողանում է արևմտյան առաջնորդների հետ հավասարը հավասարին շփվել։ Ինչ վերաբերում է Քըլըչդարօղլուին, ապա ես նրա դեմ անձնապես ոչինչ չունեմ։ Բայց, ինձ դուր չի գալիս, որ նա առավոտյան չի հիշում, թե նախորդ երեկոյան ինչ է ասել», - Reuters-ի հետ զրույցում նշում էր Բեռլինում բացված տեղամասում քվեարկող 57-ամյա թուրք տղամարդը։

Վերջին շաբաթներին Քըլըչդարօղլուի հասցեին հնչեցվող գլխավոր մեղադրանքը հենց անհետևողականությունն է։ Նրա ընդդիմախոսները պնդում են, որ առաջին փուլից առաջ սիրո և համերաշխության մասին խոսող և ձեռքով սրտիկներ ցույց տվեղ Քըլըչդարօղլուն մայիսի 14-ից հետո 180 աստիճանով փոխել է հռետորաբանությունը՝ փորձելով իր կողմը գրավել ազգայնական ընտրողներին։ Ընդդիմության առաջնորդի գլխավոր թիրախն էլ Թուրքիայի տարածքում բնակվող սիրիացի փախստականներն են։

«10 միլիոն սիրիացիները մեզ հերիք չէի՞ն։ Եվս 20 միլիոնը պետք է գան», - հանգստյան օրերին հրապարակված կարճ ուղերձում ասել է ընդդիմության առաջնորդը՝ մեկ անգամ ևս խոստանալով, որ հաղթանակի դեպքում Թուրքիայի տարածքում գտնվող սիրիացիների արտաքսման պրոցես կնախաձեռնի։

Ի տարբերություն ընդդիմության առաջնորդի՝ Ռեջեպ Թայիփ Էրդողանն ընտրությունների երկրորդ փուլի շեմին իրեն շատ ավելի վստահ է զգում։ Դա մեկ անգամ ևս զգացվեց կիրակի օրը CNN-ի եթերում հեռարձակված հարցազրույցում։ Դրա ընթացքում Թուրքիայի նախագահի ողջ պահվածքը վկայում էր՝ նա գրեթե չի կասկածում, որ հաղթելու է երկրորդ փուլում։ Անդրադառնալով իր և Միացյալ Նահանգների նախագահի հարաբերություններին և այն հանգամանքին, որ Բայդենը դեռ մինչև ընտրվելը իրեն ավտորիտար ղեկավար էր անվանել, Էրդողանը նշում էր. - «Ինչպե՞ս կարող է բռնապետ համարվել մի մարդ, որ գնում է ընտրությունների երկրորդ փուլին դրանք մեկ փուլով ավարտելու փոխարեն։ Դա է իրականությունը։ Մեր դաշինքը նորընտիր խորհրդարանում 322 պատգամավոր ունի, ինչը բացարձակ մեծամասնություն է։ Եվ չնայած դրան՝ այդ դաշինքի առաջնորդը համաձայնվում է երկրորդ փուլի անցկացմանը։ Այդ ի՞նչ տեսակի բռնապետ է նա»։

XS
SM
MD
LG