Մատչելիության հղումներ

Աշոտ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել միջադեպից. նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է


Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առիթվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է, հայտնում է Քննչական կոմիտեն։

Ըստ իրավապահ կառույցի՝ Աշոտ Փաշինյանը հաղորդում ներկայացնելիս մանրամասնել է, որ այսօր, երբ Նժդեհի փողոցում գտնվող ՀՀ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլել է դեպի Գարեգին Նժդեհի հրապարակ, դատարանի բակում կանգնած՝ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները մոտեցել են իրեն, ձայն տվել, ոմանք նաև «որոշակի «ռեպլիկներ» են հնչեցնել»:

Կանանցից մեկն, ըստ Փաշինյանի տված հաղորդման, առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել, և երբ ինքը նստել է մեքենան, կինն անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։

«Ավտոմեքենայում նշված կինը սկսել է խոսել 2020թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստներից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Նշված կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է «Եռաբլուր», որտեղ, իր էմոցիաներից ելնելով կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ», - նշված է Կոմիտեի հաղորդագրության մեջ:

Աշոտ Փաշինյանի ներկայացմամբ՝ այնուհետև մեքենայի ընթացքի ժամանակ իրեն դուրս է նետել, իսկ դրանից վայրկյաններ հետո, երբ կանգնած է եղել, սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն: «Շրջվելով նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: Ելնելով իր անվտանգությունից՝ անմիջապես մտել է սուպերմարկետի տարածք», - փոխանցում է ՔԿ-ն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, առերևույթ իր կամքին հակառակ ավտոմեքենայով նշված տարածքից տեղափոխելու միջոցով առևանգելու հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա Ոստիկանության կողմից նշված կինը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Աշոտ Փաշինյանի ստացած վնասվածքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Նախաքննությունը շարունակվում է։

Իրավապահներն այսօր ավելի վաղ բերման էին ենթարկել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին՝ Ժորա Սահակյանի հորը՝ Վահիդ Սահակյանին, Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին ու Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին։

XS
SM
MD
LG