Մատչելիության հղումներ

Աճեմօղլու․ «Մենք թերագնահատեցինք Էրդողանի քաղաքական հմտությունները»


Մայիսի 28-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի գլխավոր ֆավորիտը գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։

«Կիրակնօրյա քվեարկության ընթացքում անձամբ Էրդողանի, ինչպես նաև նրա «Արդարություն և Զարգացում» կուսակցության ու դաշնակից ուժերի արձանագրած անսպասելիորեն բարձր ցուցանիշները հիմք են ստեղծում ապագա հաջողության համար», - համոզված են թուրք քաղաքագետները։

«Սա իրական հաջողություն էր Էրդողանի համար և ինչը պակաս կարևոր չէ, դա անսպասելի հաջողություն էր», - АP գործակալության հետ զրույցում նշում է Ստամբուլում գործող «Տնտեսական հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Ջան Սելջուկին՝ ընդգծելով, որ երկրորդ փուլին ընդառաջ Էրդողանը լուրջ առավելություն ունի»։

«Պարզվեց, որ մեզանից շատերը հերթական անգամ թերագնահատեցին Էրդողանի քաղաքական հմտություններն ու առկա իրավիճակն ըմբռնելու, այն կառավարելու կարողությունը», - Twitter-ում գրել է աշխարհահռչակ տնտեսագետ, ծնունդով ստամբուլցի և ազգությամբ հայ Տարոն Աճեմօղլուն։

«Չհիասթափվելը դժվար է։ Էրդողանը, անգամ երկրորդ փուլի պայմաններում շատ մոտ է հաղթանակին», - նշում է Աճեմօղլուն։ Նրա համոզմամբ՝ թուրքական ընդդիմության անհաջողության պատճառներից մեկը երկրում ազգայնականության նկատելի է աճն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Ռեջեփ Թայիփ Էրդողանը

«Դա հասկանալու համար անհրաժեշտ է նախ ընդունել, որ թուրքական ընտրազանգվածի շարքերում ազգայնական տրամադրությունները գերակա են դարձել: Որպես հետևանք Էրդողանի հետ դաշնակցած ծայրահեղ աջ «Ազգայնական շարժումը» ստացել է քվեների 10 տոկոսը, ազգայնականները քվեարկել են նաև Էրդողանի, «Լավ» կուսակցության, մի շարք այլ ուժերի օգտին», - նշում է Աճեմօղլուն։

Նա նաև հիշեցնում է, որ ազգայնական տրամադրությունների նման կտրուկ աճի պայմաններում ընդդիմությանը վնասել է նաև այն հանգամանքը, որ Քեմալ Քըլըչդարօղլուն փոքրամասնության ներկայացուցիչ է։

Աշխարհահռչակ գիտնականի խոսքով՝ կիրակնօրյա ընտրությունների ևս մեկ անակնկալն այն էր, որ թուրքական տնտեսության խորը ճգնաժամը ընտրազանգվածի համար կարևոր, բայց ոչ որոշիչ գործոն էր։

«Տնտեսության ապաշնորհ կառավարումը և համատարած կոռուպցիան ընտրողների կողմից այնքան չկարևորվեցին, որքան շատերը (ներառյալ ես) կարծում էին: Դրանք կարևոր նշանակություն ունեն մեծ քաղաքներում, բայց ոչ այն վայրերում, որտեղ իշխող կուսակցությունը «հովանավորչական ցանցեր» է ստեղծել», - համոզված է Աճեմօղլուն, որն ի դեպ, Քըլըչդարօղլուի նախընտրական ծրագրի տնտեսական հատվածի հեղինակներից մեկն էր։

«Բայց նույնիսկ հաղթանակի դեպքում Էրդողանին լուրջ դժվարություններ են սպասում՝ նախևառաջ տնտեսական ոլորտում», - համոզված է Աճեմօղլուն։

«Երկրի համար ամենավատ նորությունն այն է, որ տնտեսությունը խարխլված վիճակում է։ «Արդարություն և Զարգացում» կուսակցությունը սպառել է ռեզերվները և զգալիորեն ընդլայնել է խոստումներն ու ծախսերի ծավալները՝ ամրապնդելով, իր [ընտրողների շրջանում կառուցված] հովանավորչական ցանցերը», - պնդում է Աճեմօղլուն՝ բավական մռայլ հետևության հանգելով, - «ես պարզապես չեմ պատկերացնում, թե նման պայմաններում Թուրքիան ինչպես է խուսափելու տնտեսության փլուզումից»:

Քըլըչդարօղլուն վստահ է՝ պայքարը նոր է մեկնարկում

Եվ չնայած Էրդողանի գրեթե կանխորոշված հաղթանակի մասին այս կանխատեսումներին, ընդդիմադիր վեց կուսակցությունների միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն վստահ է՝ պայքարը նոր է մեկնարկում։

Քեմալ Քըլըչդարօղլուն
Քեմալ Քըլըչդարօղլուն

«Ես այստեղ եմ, իմ կողքին են նաև մեր ընտրողները։ Այնպես որ ես երդվում եմ Աստծո առջև՝ պայքարելու եմ մինչև վերջ», - հայտարարում է թուրքական ընդդիմության միասնական թեկնածուն։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Քըլըչդարօղլուի շտաբը երկրորդ փուլի շեմին պատրաստվում է արմատապես փոխել քարոզարշավի մարտավարությունը։ Դրա վկայություններից մեկը թուրքական մամուլում և սոցիալական ցանցերում վերջին ժամերին ի հայտ եկած տեղեկություններն են, որոնց համաձայն առաջիկա երկու շաբաթներին ընդդիմության քարոզարշավը համակարգելու է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։

Նույն հաղորդագրությունների համաձայն, առաջիկա օրերին ընդդիմությունն, այսպես կոչված, «ստամբուլյան մարտավարությունն է» որդեգրելու՝ դա քարոզարշավի այն ձևն է, որ հաղթանակ բերեց Իմամօղլուին 2019-ին կայացած քաղաքապետի ընտրություններում։ Որքանո՞վ Քըլըչդարօղլուին կօգնեն այս փոփոխությունները, պարզ կդառնա մայիսի 28-ին։

Իսկ Էրդողանի ճամբարում ընտրությունների առաջին փուլից հետո ինքնավստահության ակնհայտ աճ է նկատվում։ Դա զգացվեց մասնավորաբար Էրդողանի ամենամերձավոր թիմակիցներից մեկի՝ նրա մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընի՝ այսօր հեռարձակված հարցազրույցից։

«Երկրորդ փուլում մեզ, իհարկե, շատ ավելի հեշտ կլինի։ Ի վերջո, մենք երկուսուկես միլիոն քվեի առավելություն ունենք և այդ տարբերությունը զրոյացնելը ընդդիմության համար գործնականում անհնարին է լինելու», - նշում էր Քալընը։

XS
SM
MD
LG