Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում ձևավորվում է Արցախի փրկության ճակատ


Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դարձյալ հանրահավաք է՝ այսպիսի պահանջով. տվեք Սամվել Բաբայանին պետնախարարի պաշտոնը և 100 օր, որպեսզի չկորցնենք Արցախը։

«Ինձ պաշտոն չի հետաքրքրում, ես գալիս եմ ձեզ ծառայելու», - հայտարարեց Բաբայանը։

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, 44-օրյա պատերազմից հետո Արցախի հերոս կոչումից հրաժարված Սամվել Բաբայանը հավաքվածներին ասաց՝ իշխանության կռիվ չի անում։ Զգուշացրեց, թե կարող են փախստական դառնալ՝ եթե շարունակեն դիտորդի դերում մնալ. - «Երեկ Բրյուսելում հայտարարում են, որ Ադրբեջանը 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածք ունի, որտեղ և ընդգրկված ա Ղարաբաղը։ Հայաստանը ճանաչում ա այդ Ադրբեջանը։ Դա իրա իրավունքն ա»։

Բաբայանի խոսքով՝ այս շրջանում Արցախում շատերն են փրկիչ ձևանում, մինչև վերջ պայքարելու կոչեր են հնչում։ Ըստ նրա՝ իզուր. - «Մեզ որևէ պայքար պետք չի։ Մենք պետք ա ապրենք, արարենք, ստեղծենք, ստեղծագործենք և լինենք պաշտպանված։ Սա ա մեր ապագան, և մենք պետք ա գնանք էս ճանապարհով»։

Պաշտպանություն, ժողովրդագրական, սոցիալական խնդիրներ. Բաբայանը հրատապ լուծելիք հարցերն է շարում, շեշտում է՝ ուժային բլոկը ևս պիտի պետնախարարի համակարգման ներքո լինի։

Բաբայանի ու նրա համախոհների պահանջը Արցախի նախագահին փոխանցելու համար հարթակ բարձրացավ նաև Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը. - «Երևի Արցախի միակ մարդն եմ, որ որ հանրահավաքի հրավիրել են, գնում եմ»։

Արթուր Թովմասյան
Արթուր Թովմասյան

Թովմասյանն ասաց, որ պահանջը նախագահին կփոխանցի, կառաջարկի քաղաքական կոնսուլտացիաներ սկսել, որ մարդիկ հանրահավաքներում իրենց նախընտարծ գործչին պաշտոնի նշանակելու պահանջներ չդնեն. - «Մեկը հարցազրույց է տալիս, մյուսը լայվ ա անում... վերջացրեք, էկեք տեսնենք ինչ ենք անում»։

Նա համերաշխության կոչ արեց, ասաց՝ կորցնելու ենք Արցախը և դրա պատասխանատուները լինելու են հանրահավաքների առաջնորդները. - «Եկեք միասին անենք, բևեռներ չստեղծենք այս հասարակության մեջ»։

«Պարոն Թովմասյան, մի րոպե», - ասաց Բաբայանը. - «Մենք կառավարում ենք հարյուր օր։ Եթե վատ ենք կառավարում, մի հրամանով ազատում ենք։ Եթե կարում ենք կառավարենք, կառավարում ենք»։

Մեզ առաջարկում են միանալ այլ քաղաքական ուժերի՝ բայց միանում ենք ի՞նչ հարց լուծենք, ասում է Բաբայանը։ Նա հավաքվածներին հորդորեց երկու ժամ սպասել՝ տեսնել, թե իշխանությունն ինչպես կարձագանքի իրեն պետնախարար նշանակելու պահանջին։

Ստեփանակերտում եղանակն անձրևային էր, հավանաբար հավաքից հեռացողներ կային կամ եկածներն էին քիչ։

«Վաղը ուշ ա լինելու։ Էն պատուհաններից կախված ցիգանի պես ո՞ւր եք գնում... Ձեզ խնդրել եմ՝ մի մարդու նման հավաքվեք, էս ի՞նչ եք անում, դուք հասկանո՞ւմ եք, ձեր վաղվա օրը չկա... Չկա, հայրենիք չունեք, ձեզ վաղուց հանձնել են։ Սա վերջին շանսն է, կա'մ փրկվում ենք, կա'մ կործանվում», - հորդորեց Բաբայանը. - «Հավաքվեք ստեղ, էսօր ավարտում ենք։ Կամ էլ ցրվեցեք, գնացեք ձեր տները, ոնց ապրել եք, ապրեք»։

Բայց այսօր ավարտել չստացվեց. երկու ժամ անց հրապարակում մարդ չկար, կար ֆեյսբուքյան արձագանք Արցախի նախագահից՝ նա հավաքի ներկայացուցիչներին առաջարկում է վաղվանից սկսել քննարկումներ նրանց ներկայացրած ծրագրերի շուրջ, և սա համարում է ընդառաջ քայլ. - «Միաժամանակ ընդգծում եմ, որ հատկապես այս ճգնաժամային պայմաններում մենք պարտավոր ենք ցուցաբերել զսպվածություն, խոհեմություն և պատասխանատվություն՝ առաջնորդվելով բացառապես Արցախի Հանրապետության ու մեր ժողովրդի շահերով», - ասել է Արայիկ Հարությունյանը:

Մետաքսե Հակոբյան
Մետաքսե Հակոբյան

«Արցախում 3-4 քաղաքական դեմքեր կան, որ Հայաստանի իշխանության կողմից ուղղորդվում են», - պնդոմ է Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ նկատի ունենալով նաև Սամվել Բաբայանին. - «Իրենց գործողությունները, իրենց պահանջները, իրենց քայլերը համահունչ են և' Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը, և' յուրաքանչյուր խոսքը և գործողությունը կարծես ուղիղ թիրախավորում է Արցախը»։

Հակոբյանն ասում է՝ առաջիկա օրերին սթափ քաղաքական ուժերը, հանրային դեմքեր հանդես կգան միասնական ճակատով, պայքարի ծրագիր ունեն։ Միավորման շուրջ քննարկումներ են ընթանում «Արդարություն», «Ազատ հայրենիք ՔՄԴ», Դաշնակցություն, Ժողովրդավարական կուսակցությունների միջև։ Իշխանական, ընդդիմադիր՝ կապ չունի, ասում է։ Քննարկումներն մասնակցում է նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Ինչ քայլեր կլինեն՝ դեռ չեն բացահայտում։

«Նպատակը Արցախի փրկությունն է, Արցախի պաշտպանությունը։ Չի կարող այլ պատճառ լինել։ Որովհետև նստել ու սպասել հրաշքի, որ երկնքից իջնելու է, չի իջնելու։ Նպատակը հստակ Արցախի պաշտպանությունն է», - ասաց Հակոբյանը։

Սա, Մետաքսե Հակոբյանի խոսքով, Արցախի փրկության ճակատն է։ Ենթադրվում է, որ այստեղ էր հրավիրվում նաև Սամվել Բաբայանը։

XS
SM
MD
LG