Մատչելիության հղումներ

Վերոնիկա Ջիոևա. Կցանկանայի ավելի հաճախ գալ Հայաստան


«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի նախաձեռնությամբ մայիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո, Ռուսաստանի Մեծ թատրոնի, Մարիինյան և Միխայլովյան թատրոնների մեներգչուհի Վերոնիկա Ջիոևան։

Համերգից առաջ հրավիրված ասուլիսին փառատոնի գործադիր տնօրեն Սոննա Հովհաննիսյանն ընդգծեց, որ Ջիոևան արդեն երրորդ անգամ է հանդես գալու Հայաստանում, բայց այս հյուրախաղը փառատոնի շրջանակներում առաջինն է, և երգչուհին սիրով է ընդունել փառատոնի կազմակերպիչների հրավերը՝ մասնակցելու այս տարվա փառատոնի բացման համերգին. - «Մենք անցած տարվանից ձևավորեցինք հստակ դիրքորոշում՝ լավագույն երգիչների տարին մեկ-երկու անգամ Հայաստանում հյուրընկալելու։ Նոյեմբեր ամսին էստեղ էր Հիբլա Գիրձմավան՝ մեծ, շքեղ համերգով, և այս տարի հոկտեմբերին մենք սպասում ենք աշխարհի մեծագույն տենորներից մեկին՝ Ռոլանդո Վիլազոնին։ Կարծում եմ, որ այս մայիս ամսվա համերգը ևս մեծ տոն է, քանի որ Վերոնիկա Ջիոևան այսօր լավագույն սոպրանոներից մեկն է համարվում»։

«Ազատության» հարցին, թե ինչ սկզբունքով են հրավիրում արտիստներին՝ Սոնա Հովհաննիսյան պատասխանեց, որ նախևառաջ տաղանդի և հանրահայտության, և հավելեց. - «Ընտրության մեջ նաև մեծ դեր է խաղում արտիստի հնարավորությունը գալու՝ ժամկետների առումով։ Մենք փետրվար ամսին հյուրընկալեցինք Դենիս Մացուևին, բայց իրեն սպասել էինք շուրջ հինգ-վեց տարի։ Ջիոևայի հետ էնպես ստացվեց, որ մայիսի օրերը ազատ էին, և համընկավ մեր համերգային օրացույցի հետ»։

Վերոնիկա Ջիոևան ասաց, որ Հայաստանն իրեն շատ հարազատ երկիր է. - «Երջանիկ եմ, որ աստեղ եմ։ Կցանկանայի ավելի հաճախ գալ Երևան»։

Հավելեց, որ հատուկ այս երևանյան համերգի համար ընտրել է իր ամենասիրած այն արիաները, որոնք դեռ այստեղ իր կատարմամբ չեն հնչել երևանյան նախորդ համերգների ընթացքում։ Շատ գեղեցիկ համերգային ծրագիր է կազմել և վստահ է, որ երևանան երաժշտասերները մեծ հաճույք կստանան համերգային այս ծրագրից։ Նախատեսված է նաև, որ համերգի ընթացքում երգչուհու հանդես կգա նաև մեր լավագույն օպերային երգիչներից մեկը՝ Գևորգ Հակոբյանը։

Երևանյան համերգից հետո Ջիոևան անմիջապես մեկնում է իտալական Տորե դել Լագո քաղաք՝ մասնակցելու Պուչինիի անվան հանրահայտ միջազգային փառատոնին, որտեղ հանդես կգա Պուչինիի «Տուրադոտ» օպերայում՝ գլխավոր դերակատարմամբ։ Հավելեց նաև, որ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը աշխարհի լավագույն փառատոներից մեկն է։

Հիացած է նաև մեր նվագախմբերով, երաժիշտներով ՝ հատկապես օպերային երգիչներով, ովքեր այսօր հանդես են գալիս աշխարհի ամենատարբեր երկրներում։։ Առհասարակ Վերոնիկա Ջիոևան վստահ է, որ երգիչները հնարավորինս շատ պետք է հանդես կգան աշխարհի տարբեր բեմերում՝ տարբեր նվագախմբերի և դիրիժորների ուղեկցությամբ։ Դա շատ է նպաստում զարգացմանը՝ ասում էր, բայց և ցանկություն հայտնում, որ հայրենքիում նույնպես երաժիշտների համար հնարավորինս լավ պայմաններ ստեղծվեին ստեղծագործական աշխատանքի և բարեկեցիկ կյանքով ապրելու համար։

Շատ կցանկանար Կոմիտաս երգել։ Վստահ է, որ կոմիտասյան չքնաղ մեղեդիները երբևէ կընդգրկվեն իր երգացանկում։ Ամենակարևորն իր համար կյանքում սերն է ։Եվ առհասարակ, համոզված է, որ սերը կփրկի աշխարհը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG