Մատչելիության հղումներ

«Մարջան» երգչախումբը միավորել է գյումրեցի տասը տարեց կանանց


Միայնակ ապրող գյումրեցի տասը տարեց կանանց մեկ տարի առաջ «Մարջան» երգչախմբում է միավորել Շիրազի տուն թանգարանի ֆոնդապահ Մարինա Մանուչարովան։

«Համագործակցեցինք Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ՝ Շիրազի թանգարան և Կոմիտասի թանգարան, DVD-ի ծրագիր էր՝ թերապիա երաժշտական, և էդպես ման եկանք, նայեցի, թե ինչ կարելի է անել, մի պահ ծագեց էդ միտքը՝ տատիկների: Էսպես նայեցի էստեղ, էնտեղ՝ սոցկենտրոնից մեր տատիկներին գտա, հետները զրուցեցի, բոլորը շատ ուրախացան, քանի որ արդեն սոցկենտրոնը փակվում էր, երևի թե փակվել էր արդեն, իրենք շատ մեծ ուրախությամբ, խանդավառությամբ եկան մեր փորձերին», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Մանուչարովան:

«Մարջան»-ի ամենատարեց երգչուհին Բեթղեհեմ Պողոսյանն է։ Երգ-երաժշտություն ժամանակին շատ է սիրել, բայց չէր էլ մտածում, որ 90 տարեկանում նորից կերգի։ Խոստովանում է՝ ինչ սկսել է նորից երգել, իրեն ավելի ջահել է զգում. - «Որ գաս մասնակցես ըսպես բաների, կազմակերպված բաների որ մասնակցես, հըբը ջահել չե՞ս զգա: Շատ լավ կզգամ ես ընձի, շատ»:

Ամենասիրած երգը Գյումրիի օրհներգն է. - «Սիրած ե՞րգը` հենց էս «Գյումրի»-ն է, որ ես երգեմ գը, ամենասիրածս երգն է, իմ Գյումրի քաղաքի: Գյումրիի էլ ծնունդն եմ ես, իհարկե, Բոյախչյանների թոռն եմ»:

Կրտսեր ընկերուհու՝ 72-ամյա Մանիկ Բաբելյանի հետ է գալիս փորձերին։ Տիկին Մանիկը և՛ դաշնամուր է նվագում, և՛ երգում՝ երաժշտական կրթությունն է այս հարցում օգնում։

«Թերապիա է, էլի, երաժշտական թերապիա է, չէ՞: Երաժշտությունը բուժում է», - ասում է տիկին Մանիկը, - «Եթե վալս կնվագենք, վալսը իրեք քառորդ է՝ սրտի բաբախի հետ կհամընկնի, և ամբողջ ներվային համակարգը կհանգստանա: Մենք շատ լավ կզգանք ստեղ»:

78-ամյա Քնարիկ Հովհաննիսյանը դեռ փոքր տարիքում է ցանկացել երգչուհի դառնալ, բայց երազանքը միայն տարեց հասակում է իրականություն դարձրել. - «Իմ ախպերը շատ խիստ է էղե, ամեն տեղից զրկել է ընձի, շատ խիստ է էղե: Ինքը քիչըմ անունով մարդ էր, մեզի սպես փափուկ է պահե: Ուզեցել եմ էղնել՝ երգեմ, պարեմ, ուրախանամ, ես էնպես Մշո պարեր կպարեմ որ, էլ չըսած, երգերն էլ շատ կսիրեմ [Մշո]»:

«Մարջան» երգչախումբը, որին Գյումրիում նաև «Տատիկների երգչախումբ» են անվանում, արդեն մի քանի միջոցառումների է մասնակցել։ Կարմիր խաչի օժանդակությամբ երգչուհիները նաև համերգային հատուկ զգեստներ ունեն։ Ձմռանը դժվար էր տարեցներին իրար գլուխ հավաքել՝ հաճախ են հիվանդանում, ասում է Մարինա Մանուչարովան: Օրերը տաքացել են, փորձերը՝ վերսկսվել։ Առայժմ երգացանկում քիչ երգեր կան։ Մտածում են երգացանկը մեծացնելու, նաև՝ համերգներով հանդես գալու մասին։

«Փոքրիկ համերգ դնել, թեկուզ՝ մեր թանգարանի բակում, և ինչու չէ՝ թող ամեն մեկը մի փոքր լումա ունենա: Տոմսերով, երևի թե, ինչ-որ մի բան, որպեսզի իրենց արած աշխատանքից, իրենց երգից իրենք մի փոքր ուրախանան», - ասաց Մարինա Մանուչարովան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG