Մատչելիության հղումներ

Լույս է տեսել «Ոչ մի շաբաթ առանց պոեզիայի» մատենաշարի հերթական հատորը


«Զանգակ» հրատարակչությունը 2017 թվականից իրականացնում է «Ոչ մի շաբաթ առանց պոեզիայի» նախագիծը, որի շրջանակներում արդեն լույս է տեսել 7 ժողովածու։ Մատենաշարի հեղինակը հրատարակչության գլխավոր խմբագիր Հայկ Համբարձումյանն է։

Եվ ահա այս մատենաշարի շրջանակներում հրատարակչությունը լույս է ընծայել «Ոչ մի շաբաթ առանց Տերյանի» գիրքը կամ ընտրանի- նոթատետրը՝ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկ Համբարձումյանի հեղինակությամբ։

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ «Զանգակ» գրատանը, որտեղ մինչև շնորհանդեսի մեկնարկը «Ազատության» հետ զրույցի ընթացքում Հայկ Համբարձումյանն ասաց. - «Իսկապես բարի և գեղեցիկ ավանդույթ է դարձել այս հատորների հրատարակությունը։ Անցած տարի «Ոչ մի շաբաթ առանց Չարենցի» էր, այս տարի «Ոչ մի շաբաթ առանց Տերյանի»։ Ինձ համար, որպես կազմողի, շատ մեծ մարտահրավեր է նախ այդ նյութերի ընտրությունը, որովհետև սա ժողովածու է, և երկրորդը, ես ակնկալում եմ, որ ընթերցողները նորից մեծ հետաքրքրություն կդրսևորեն, նորից կվերհիշեն մեր մեծ բանաստեղծներին, մեծ հեղինակներին, մեծ հայերին, որոնք դժվարագույն ժամանակներում, որոնք շատ զուգահեռելի են մեր այսօրվա ժամանակներին, սխրանքներ ուղղակի գործելով կարողացել են գրականության մեջ հեղափոխություն իրականացնել, կարողացել են իրենց իրականությունը իսկապես փոխել։ Թեև իհարկե, պատմությունը կրկնվում է, այդ քաղաքական բարդ շրջաններն էլ են կրկնվում։ Նրանք հուսահատություններ էլ են ունեցել, բայց այդուհանդերձ նրանց խոսքը այսօր մեզ պահում է։ Ե'վ Տերյանի այդ սթափ հայացքը, և' իր մաքրամաքուր այդ պոեզիան, զուլալ։ Հաճախ ինձ ասում են՝ կարևո՞ր է նրա արդիականությունը, ուղերձները, որոնք այսօր արդիական են։ Դրանք կա որպես տեղեկատվություն, մտորելու տեղիք տվող։ Բայց ինձ համար, որպես գրականություն սիրող մարդու, այդ մաքրամաքուր պոեզիան է կարևոր, որ այսօր կարող է մեզ մաքրել, էս աղմուկներից մի քիչ կտրել, մեզ ուղղորդել, որպեսզի ինքներս մեզ ճանաչենք և այդպես ներդաշնակության հասնենք, ինչը լավ պոեզիայի ամենակարևոր ֆունկցիան է, իմ կարծիքով»։

Հարցին, թե ինչ ստեղծագործություններ է ներառել այս հրատարակության մեջ, Համբարձումյանը պատասխանեց. - «Տերյանի հայտնի գործերը, նաև անհայտ գործեր, որոնք սևագրությունների մեջ են եղել, նրա կյանքի շատ հետաքրքիր դրվագներ, ուսանելի, դաստիարակչական նշանակության, նրա առինքնող կերպարը բացահայտող, նամակներ, հուշեր, հոդվածներից հատվածներ կան։ Նրա նույնիսկ թարգմանություններից հատվածներ կան։ Օսլար Ուայլդ է թարգմանել, սիմվոլիստ բանաստեղծների՝ և' ռուս, և' ֆրանսիացի, այդ գործերն են ընդգրկված։ Նրա տարբեր հարաբերությունները մեր մեծերի հետ՝ Տերյան և Չարենց, Տերյան և Իսահակյան, Տերյան և Հովհաննես Թումանյան։ Այստեղ դրվագներով՝ տարվա հիսուներկու շաբաթներին համապատասխան հիսուներկու դրվագով ներկայացվում է Տերյանը՝ նամակներով, ստեղծագործություններով, հուշերով։ Կարծում եմ, Տերյանի մասին ընթերցողը ընդհանուր, տեղ-տեղ խորը պատկերացում կստանա»։

Վահան Տերյանը իր լեզվամտածողությամբ և լեզվաստեղծմամբ ոչ միայ հայ դասական պոեզիան հասցրեց բարձրագույն գագաթնակետի, այլև իր ողջ կյանքը նվիրեց հայ ժողովրդին, նրա ճակատագրի, գոյապահպանության կարևորագույն խնդիրների լուծմանն ու հայոց պետականության ստեղծման գործին։

Հարցին, թե այսօր ինչ ուղերձ է հղում մեզ բոլորիս մեր մեծ բանաստեղծը, Հայկ Համբարձումյանն արձագանքեց. - «Առաջին հերթին, Տերյանը բժշկում և ապաքինում է։ Երկրորդը, Տերյանը սթափ հայացք է բերում հայ ժողովրդին, մեր պատմության կարևորագույն խնդիրներին։ Այդ սթափ հայացքը գուցե շատ ցավալի է մեզ համար, շատ դեպքերում շատերի համար կարող է սխալ էլ լինել, բայց համենայն դեպս, տեսնում ենք այդ այրվող Տերյանին, որը ամեն ինչ ներդնում է, որպեսզի մենք լինենք, Նաիրին լինի, Հայաստանը լինի։ Նույնիսկ պեղում է անցյալի փոշիներից Նաիրիի սիմվոլն է բերում, որպես մի հմայական գործողություն աղոտ, որ այդ ոգին վառ պահի։ Ամենակարևորը, որ ինքը հավատում է Նաիրիի, Հայաստանի ոգուն, բերում է և փորձում է իր պոեզիայով և կյանքով վառ պահել այդ ոգին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG