Մատչելիության հղումներ

Հայաստանի ու Արցախի անվտանգային մարտահրավերները`մայիսիննյան ուղերձներում


«Վերջին տարիներին մայիսի 9-ը դիմավորում ենք դառնացած ու տագնապներով», - Հաղթանակի և խաղաղության տոնի ուղերձում արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքական առաջնորդների շնորհավորական ուղերձներում այսօր առաջնային էին հենց Հայաստանի ու Արցախի անվտանգային մարտահրավերները։ Անդրադառնալով 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներին, պատերազմի ընթացքում Շուշիի կորստին, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի շուրջ ծավալվող ագրեսիվ քաղաքականությանը`վարչապետն ընդգծել է. - «Միջազգային փոթորկալից իրադրությունն ավելի է սրում այդ իրավիճակը, որովհետև մեր տարածաշրջանի անվտանգային համակարգերը դեֆորմացված են»:

«Այս իրավիճակում հայրենիքի համար իրենց կյանքը տված նահատակների առջև մեր ամենամեծ պարտավորությունը մեր պետականության ուժեղացումն ու զորացումն է, և այս ծրագրի մաս պիտի լինի մեր տարածաշրջանում մեր հարաբերությունների կարգավորումը: Այս մոտեցումն է, որ պիտի երաշխավորի հայ ժողովրդի լինելիությունն իր հայրենիքում», - ուղերձում նշել է վարչապետը։

Արցախի նախագահը շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղը կրկին հայտնվել է գոյաբանական պայքարի կիզակետում։ Անդրադառնալով 5 ամիս շարունակվող շրջափակմանը՝ Արայիկ Հարությունյանը հայտարարել է՝ այս գործողություններով Ադրբեջանը նպատակ ունի «հոգեբանական ու ֆիզիկական ճնշման միջոցով կոտրել մեր ժողովրդի կամքն ու պայքարի ոգին, անվտանգային սպառնալիքի տակ ստիպել լքել հազարամյակների պատմություն ունեցող մեր պապերի հողը կամ դառնալ հպատակ»։

Ազատագրական պայքարում հայոց բանակի երբեմնի փառավոր հաղթանակները դավադրորեն մսխված են, իր ուղերձը նման ձևակերպմամբ է սկսել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, շարունակելով՝ այս իրավիճակում հաղթանակի և խաղաղության տոնը փառաբանելն այլևս հեգնանք է թվում։

Հաղթանակի և խաղաղության տոնը այսօր էլ առիթ դարձավ պատերազմում պարտության մեղավորների շուրջ իշխանության ու ընդդիմադիրների հեռակա բանավեճի համար։

44-օրյա պատերազմում պարտությունն ընդհանուր ազգինն է, այլ ոչ իշխանություններինը կամ որևէ անհատինը, պնդեց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, որը պատերազմի ժամանակ եղել էր Շուշիում։ Բանակում «հինգերորդ շարասյան» մասին վարչապետի հայտարարությունից հետո Քննչականի ղեկավարն ասաց՝ այդ ամենի վերաբերյալ գործերը քննվում են, բայց հստակ մանրամասներ չհայտնեց. - «Կգա ժամանակը, երբ որ մեր հասարակությունը և հանրությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանը, հստակ կիմանա, թե ովքեր են «հինգերորդ շարասյան» ներկայացուցիչները, ում պատճառով մենք պարտվեցինք, ինչի պատճառով մենք պարտվեցինք, և այդ պարտության հանգամանքները ոնց սկսվեցին և ոնց ավարտվեցին»։

Վարչապետ Փաշինյանը ամիսներ առաջ հայտարարել էր, թե ձեռքի տակ եղած փաստերի վերլուծությունն է թույլ տալիս իրեն պնդել՝ «պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որ մեր բանակում գործել է հինգերորդ շարասյուն»։ Ո՞ւմ նկատի ուներ, կոնկրետ ի՞նչ են արել այդ անձինք, որ պատերազմում նման ելք արձանագրվեց, ի՞նչ փաստերից էր խոսում, ու որտեղի՞ց դրանք նրան, Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ չէր հստակեցրել։

Այսօր «Եռաբլուր» այցելած պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն արձագանքեց՝ հանրությունը հոգնել է «հինգերորդ շարասյուն» բառակապակցությունից, եթե դավաճաններ կան, թող ներկայացնեն. - «Այս պարտությունը տեղի է ունեցել այս իշխանությունների օրոք։ Այն, որ այս իրավիճակի համար պատասխանատու են ՀՀ իշխանության բոլոր թևերը՝ և՛ գործադիրը, ընդ որում և՛ նախկին գումարման, և՛ այսօրվա գումարման օրենսդիր մարմինները, որովհետև նրանք էլ պետք է ժողովրդին համախմբեին և գործադիրի հետ միասին մեր պետությունը տանեին և դնեին ռազմական ռելսերի վրա»։

Դավաճանների մասին մի հայտարարություն էլ շաբաթներ առաջ արել էր վարչապետի կինը։ Աննա Հակոբյանը պնդել էր, թե 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմում առնվազն 11 հազար դասալիք է եղել։ Ավելի ուշ Գլխավոր դատախազությունը հստակեցրեց, որ դասալքության հոդվածով այս պահին մեղադրվում է 756 զինվորական։ Գերատեսչությունից պարզաբանել էին, որ դասալքությանն ու դրան առնչվող հոդվածներով իսկապես անցնում է 10 հազարից ավելի մարդ, բայց նրանք դեռևս մեղադրյալի կարգավիճակ չունեն, իրաավապահները բավարար փաստեր դեռ չեն գտել։

XS
SM
MD
LG