Մատչելիության հղումներ

Լեոնիդաս Կավակոսի համերգով կբացենք մեր ամառային ամֆիթատրոնը Բյուրականում. Սոնա Հովհաննիսյան


Սոնա Հովհաննիսյանը և Ստեփան Ռոստոմյանը մամուլի ասուլիսում, արխիվ։
Սոնա Հովհաննիսյանը և Ստեփան Ռոստոմյանը մամուլի ասուլիսում, արխիվ։

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական ամենամյա փառատոնը մեր երաժշտասեր հանրության համար արդեն 24 տարի հնարավորություններ է ստեղծում ունկնդրել մեր ժամանակների նշանավոր երաժիշտներին, նվագախմբերին, երգիչներին։ Բացառություն չէ և այս տարին։

«Ազատության» հետ զրույցում փառատոնի գործադիր տնօրեն Սոնա Հովհաննիսյանը ներկայացրեց. - «Մենք արդեն ավանդույթ ենք դարձրել տարվա մեջ մեկ-երկու անգամ աշխարհի անվանի երգիչներին Հայաստան հրավիրելը, որովհետև իրենց համերգները շատ տոնական են, սիրվում են, հիշվում են։ Անցյալ տարի մենք նոյեմբերին հյուրընկալեցինք մեծանուն Հիբլա Գերձմավային, և ի շարունակություն այդ գեղեցիկ ավանդության, մենք մայիսի 16-ին էստեղ սպասում ենք Վերոնիկա Ջիոեվային։ Նա այսօրվա ամենահայտնի սոպրանոներից մեկն է, ամենագեղեցիկ հզոր ձայնով, և կարծում եմ, մեծ նվեր է մեր երաժշտասեր հանրությանը»։

Կրկին մայիս ամսին՝ 27-ին և 28-ին փառատոնի նախաձեռնությամբ Հայաստան կժամանի ևս մեկ աշխարհահռչակ երաժիշտ, որին հրավիրելու նախաձեռնությունը և ընթացակարգը տևել է մոտ 5 տարի, ընդգծում էր Սոնա Հովվհաննիսյանը։ Ի դեպ աշխարհառչակ հույն ջութակահարի երկրորդ համերգը կկայանա Բյուրականում, փառատոնի հիմնադրած Արվեստի ակադեմիայում. - «Խոսքը հույն աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդաս Կավակոսի մասին է։ Կավակոսը զարդարում է աշխարհի ամենամեծ բեմերը, չկա անվանի նվագախումբ, որի համար պատիվ չլինի Կավակոսի հետ ելույթ ունենալը։ Այսօր արդեն իրականակություն է, որ շուտով նա երևանյան բեմում հանդես կգա։ Բացառիկ ծրագիր է ներկայացնում՝ երկու երեկո, Բախ։ Հնչելու են Բախի երեք պարտիտաներնը սոլո ջութակի համար և երեք սոնատները։ Այս ծրագիրը այս տարի նա ներկայացնում է Ռավեննայի փառատոնում, «Երևանյան հեռանկարներում» և Հանովերում։ Գաղափարը հենց արտիստինն էր՝ հանդես գալու բացօթյա, գեղեցիկ բնության մեջ, էդպիսի միջավայրում։ Եվ մենք միավորեցինք առիթները և բացումն ենք անելու մեր նոր ամառային ամֆիթատրոնի Բյուրականում Կավակոսի համերգով։ Առաջ ընկնելով ասեմ, որ էդ նույն տեղում կնվագի նաև սեպտեմբերին ճապոնացի, ի ծնե կույր դաշնակահար Նոբույուկի Ցուջին։ Կարծում եմ, որ շատ գեղեցիկ ծրագիր է ստացվում մեր նախատոնական տարում, որովհետև հաջորդ տարի փառատոնի 25-ամյակն է։ Եվ արդեն իսկ շատ գեղեցիկ համերգներ են նշանակվում։ Ինչ նշաձող որ վերցրել էին, ինչի մասին խոսում էինք սրանից քսանհինգ տարի առաջ, կարծում եմ, որ շարունակում ենք։ Եվ սա շատ կարևոր է մեր երկրի հեղինակության համար, տարածաշրջանում դասական երաժշտության մեջ մեր լիդերի դերը պահպանելու համար»։

Հիշեցնենք, որ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը հիմնադրել են կոմպոզիտոր Ստեփան Ռոստոնյանն ու Սոնա Հովհաննիսյանը, որոնց անդուլ ջանքերի շնորհիվ այս երկու տասնամյակից ավելի ժամանակաշրջանում նրանց իրոք հաջողվեց ոչ միայն պահպանել այն բարձր նշաձողը, որով սկսել էին իրենց գործունեությունը, այլև գերազանցել մեր երաժշտասեր հանրության ակնկալիքները՝ առանց անգամ պետական ֆինանսական աջակցության առաջին-7-8 տարիներին։

«Իրականում մենք երբեք ստաբիլ ֆինանսներ չենք ունեցել։ Եղել են մասնավոր աջակիցներ, եղել է միշտ դժվար, եղել է միշտ ռիսկային։ Հավատը, էնտուզիազմը, ցանկությունը անելու միշտ եղել է մեր շարժող ուժը։ Հետո աջակցությունը սկսվեց պետական 2007 թվականից, մի փոքր ավելացավ մինչև 2009-10 թվականները։ Իրականում փառատոնի ծավալի համեմատ շատ համեստ, բայց էլի փորձում ենք չհուսահատվել և գտնել ալտերնատիվ միջոցներ։ Որովհետև հետ գնալու, նահանջելու ոչ տարբերակ չունենք, պիտի անպայման միջոցներ գտնենք, գնանք առաջ և անենք ավելին։ Իրականացնենք այն ծրագրերը, որոնք նախատեսել էինք, բայց չէինք արել։ Մենք նախատեսել էինք մեր հոբելյանի առիթով քսանհինգ կոմպոզիտորի արդեն, քանի որ 25-ամյակն է, պատվիրել նոր ստեղծագործություններ, որպեսզի գրեն, որպեսզի հայ կոմպոզիտորական դպրոցն էլ ապրի և շարունակվի։ Ինչ որ նախատեսել ենք, պիտի անենք»։

Հարցին, թե ինչ կուզենային, որ երկիրը, պետությունն աներ իրենց համար, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Ես կուզենայի ստաբիլություն։ Եվ ոչ միայն մեր փառատոնի համար, նաև մեր մշակութային դաշտի համար։ Որովհետև մի փառատոնով չի, ամբողջ դաշտը պիտի կայուն լինի, ստաբիլ լինի։ Եվ կուզենայի, որ այն մարդիկ, այն կազմակերպությունները, որոնք որ աջակցում են մշակույթին, ինչպես ամբողջ քաղաքակիրթ աշխարհում, ստանային հարկային արտոնություններ։ Դա, ինչպես մահացող մարդուն որևէ դեղորայք կա փրկող, այդ ձևով կապրեցներ մեր մշակույթի դաշտը, որը էսօր իր լավագույն օրերը չի ապրում։ Որովհետև մշակույթը չի կարող անընդհատ կախված լինի անհատական նվիրաբերություններից։ Դա կարա լինի որպես լրացուցիչ միջոց։ Բայց հիմնական կայունությունը գալիս է պետական աջակցությունից, որը գոյանում է այդ հարկերի քաղաքականությունից, որը մենք եթե այսօր չէ, գոնե վաղը պիտի ընդունենք։ Դա կենսական կարևորություն է, դա ռազմավարական կարևորություն է, ամբողջ աշխարհը էդպես է անում։ Էնտեղ շատ քիչ բան կա անելու, բայց որ անենք, մեր մշակույթը այլևս որևէ խնդիր չի ունենա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG