Մատչելիության հղումներ

Երեկ և այսօր տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել Արցախի Մարտակերտի և Ասկերանի շրջանների համայնքներին


Այսօր առավոտյան ժամը 08։35-ից սկսած` մոտ 10 րոպե տևողությամբ, կարկուտ է տեղացել Ասկերանի շրջանի Պատարա և Խանձք համայնքների տարածքում, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ նշելով, որ կարկուտի տեսքով տեղումները շարունակվել են նաև Ասկերանի շրջանի Խաչեն և Հիլիս համայնքներում։

Ըստ գերատեսչության՝ բնական աղետից պատճառված վնասների չափը ճշտվում է։

Երեկ էլ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդեց, որ կեսօրին ուժեղ քամու ուղեկցությամբ կարկոտ է տեղացել Մարտակերտի շրջանի 36 համայնքներում, նյութական մեծ վնասներ պատճառել շրջանի բնակիչներին։

Նախնական տեղեկություններով՝ կարկուտից վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաներ և այգիներ, 35 ավտոմեքենա, 9 ջերմոց, արևային 5 ջրատաքացուցիչ, բնակելի տան 26 տանիք, 1 անասնաֆերմայի պատ փլվել է, 9 գլուխ հորթ սելավի հետևանքով քշվել է դեպի ձորը:

Նախարարությունը նշել էր, որ բնական աղետից ամենաշատը տուժել է Չլդրան համայնքը․ մոտ մեկ ժամ տեղացած կարկուտն գետնին է հավասարեցրել գյուղացիների մշակած այգիները։

Արցախի պետնախարարը երեկ հավաստիացրել էր, որ պետական լիազոր մարմիններն այսօրվանից կսկսեն բնակիչներին պատճառված վնասների գնահատումը:

«Պետությունը ձեռնարկելու է բոլոր հնարավոր միջոցները մեր քաղաքացիների առջև բնական աղետի հարուցած խնդիրները մեղմելու ուղղությամբ», - ֆեյսբուքում երեկ գրել էր Պետնախարարը՝ նկատելով․ - «Երբ բնական աղետներից հետո աշխարհի նույնիսկ ինքնաբավ երկրները աջակցություն են ստանում հարևան երկրներից, Արցախը երևի միակն է, որը դիտավորությամբ մեկուսացված է աշխարհից նույնիսկ հումանիտար հարցերում»:

Ադրբեջանն արդեն ավելի քան 4 ամիս փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, իսկ մեկ շաբաթ առաջ միջանցքում անցակետ է տեղադրել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG