Մատչելիության հղումներ

Վիվալդիի և Պիացոլա. «8 եղանակներ» խորագրի ներքո համերգ՝ իտալացի անվանի դիրիժոր Էռնեստո Կոլոմբոյի ղեկավարությամբ


Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակները» և Աստոր Պիացոլայի «Բուենոս-Այրեսի տարվա եղանակները», այս ստեղծագործություններն այսօր երեկոյան կհնչեն Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք «8 եղանակներ» խորագրի ներքո համերգի ժամանակ՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի և աշխարհահռչակ ջութակահար Նիկոլայ Մադոյանի կատարմամբ՝ իտալացի անվանի դիրիժոր Էռնեստո Կոլոմբոյի ղեկավարությամբ։ Համերգից առաջ «Ազատության» հետ զրույցում իտալացի դիրիժորը նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում:

Դասական և ժամանակակից այս երկու բոլորովին տարբեր ստեղծագործությունների համադրությունը, դիրիժորի խոսքով, պարզապես մի զարմանահրաշ ազդեցություն է գործում և ապշեցնում իր յուրօրինակ գեղեցկությամբ։ Նրա խոսքով՝ այսպիսի համադրությամբ համերգ դեռ չի ղեկավարել, բայց հրավերը սիրով է ընդունել։ Ասում էր, որ պետական կամերային հրաշալի նվագախումբ ունենք, իսկ Նիկոլայ Մադոյանն էլ պարզապես ֆանտաստիկ, բարձրակարգ երաժիշտ է։

Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիկս Բաբուրյանն էլ հայտնեց, որ այս համերգը հնարավոր դարձավ իրականացնել Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համագործակցության շնորհիվ։

«Սա մեր հերթական համագործակցությունն է Հայաստանում Իտալիայի դեսպանության է. մի շարք նախագծեր ենք իրականացրել դեսպանության հետ և շատ շնորհակալ ենք պարոն դեսպանին, ով մշտապես աջակցում է մեր նախագծերին, և լինելով երաժշտության մեծ սիրահար, երբեմն նաև ինքն է նախաձեռնում որոշակի համերգներ ու իր առաջարկությունն է անում», - ասաց Բաբուրյանը:

Աշխարհահռչակ ջութակահար, Գինեսի միակ հայ ռեկորդակիր ջութակահար Նիկոլայ Մադոյանն էլ ասաց. - «Շատ մեծ անակնկալ էր ինձ համար և շատ գրավիչ գործեր են և լայն ունկնդրի համար, շատ ուրախ եմ, որ այդպիսի հնարավորություն ունենք ներկայացնել մեր ունկնդրին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG