Մատչելիության հղումներ

«Նախատեսում ենք թանգարան ունենալ». կիսաքանդ պատերով երբեմնի կարի ֆաբրիկան գրավել է 25 օտարերկրացիների


Կաթացող տանիքով, կիսաքանդված պատերով ու փոշոտ սենյակներով երբեմնի կարի ֆաբրիկան գրավել է 25 օտարերկրացիների, որոնք հիացել են Լոռու Թումանյան համայնքի բնությամբ, թողել են իրենց երկիրն ու արդեն մեկ տարի ապրում են այստեղ։ Երեսուն տարի կողպված դռներով ու լքված այս եռահարկի մի քանի սենյակ հարմարեցրել են՝ աշխատելու, ստեղծագործելու, մի բաժակ սուրճ խմելու, անգամ գիշերելու համար։

Ռուսաստանցի Մաքսիմն ասում է՝ սկզբում թումանյանցիները խուսափում էին իրենցից, հրաժարվում վարձակալությամբ տալ անգամ տարիներով բնակիչ չունեցող տները։ Ստիպված են եղել մահճակալներ տեղավորել նախկին ֆաբրիկայի շենքի մի սենյակում, մինչև որ տեղացիները հարմարվել են իրենց ներկայությանը։

«Երբ մենք անցած տարի եկանք Թումանյան, ամբողջ քաղաքում վարձով միայն մեկ բնակարան էին տալիս, ու անհնար էր ապրելու տեղ ճարել։ Հետո տեղացիները կամաց-կամաց մեզ ընտելացան։ Սկսեցին հասկանալ, որ սարսափելի չենք, որ ոչ մի վատ բան չենք անի։ Նույնիսկ հակառակը, մեզնից հետո մաքրությունը, կարգուկանոնն ու վերանորոգումն իրենց կմնա», - ասաց Մաքսիմը։

Մինչև ամառ նախատեսում են կարգի բերել նախկին ֆաբրիկայի շենքը, որ կառուցվել է անցած դարի 50-ականներին։ Նկուղից մինչև տանիք խնամքով հավաքել են շենքի պատմությունը հիշեցնող մասունքները։ Տասնամյակներ շարունակ ոչ ոք դրանց կարիքը չի էլ ունեցել, դրանց տեղն անգամ չեն իմացել, բայց նորաբնակները գտել, մաքրել են փոշին, ու զգուշորեն տեղավորել արխիվի սենյակում։

«Դրանց վրա պատմության մատնահետքն է։ Սրանց նայում ես ու պարզապես տեսնում մարդուն, որն այս գրամեքենայով տպել է, կամ դերձակներին, որ այս նմուշներով հագուստ են ձևել։ Հետագայում նախատեսում ենք թանգարան ունենալ։ Կմտածենք՝ ինչպես ավելի լավ ցուցադրենք, որ բոլոր փուլերը տեսանելի լինեն՝ ինչպես է այս շենքը ապրել ու ինչ է այստեղ կատարվել», - նշեց ռուսաստանցին։

Պահպանվել են նույնիսկ կիսատ մնացած արտադրության վերջին հումքը, հագուստի թղթե մոդելները, գրամեքենաները, կուսակցական լոզունգները, անգամ «մայրաքաղաքային» կոչված օղու շշերը, որ հավանաբար վերջին աշխատանքային օրն են դատարկվել։

Ո՞վ գիտի՝ ովքեր են թողել և երբ, ասում է Մաքսիմն ու պնդում՝ այս ամենն աչքի լույսի պես կպահեն. - «Սրանց վրա թիվ կա, երբ են այստեղ կախվել։ Եվ ահա Սոֆյա Ռոտառուն այստեղ փակցվել է 91-ին։ Ինձ թվում է՝ հենց այդ թվականին էլ ֆաբրիկան փակվել է։ Դրանից հետո այստեղ ոչինչ տեղից չի շարժվել։ Սա մենք սրբորեն պահպանում ենք, այն այստեղ ընդմիշտ փակցված կմնա»։

Շենքը «Թումանյան» զարգացման հիմնադրամն անվճար տրամադրել է ռուս, ուկրաինացի ու իրանցի եկվորների խմբին։ Մաքսիմը վստահեցնում է՝ կվերականգնեն, բայց քիչ միջամտելով. տեղ-տեղ անգամ պատերի պոկված ծեփերին մատով չեն կպչի։ Դա էլ պատմություն է, իրավունք չունեն փչացնել, ասում է։

«Այսինքն, մեզ հերիք է պարզապես կլպել սվաղը, որ թափվում է ու ավլել հատակը, և մենք պատրաստ ենք այստեղ ապրել։ Հայերը, կարծում եմ, կուզենային ամեն ինչ փոխել, վերանորոգել, ամեն ինչ դարձնել ոսկու մեջ՝ շքեղ, գեղեցիկ», - ասաց Մաքսիմը։

Դանիլը 10 միլիոնանոց Մոսկվայից է տեղափոխվել ընդամենը 1000 բնակիչ ունեցող Թումանյան քաղաք։ Ասում է՝ անծայրածիր Ռուսաստանն իր համար չափազանց նեղ էր՝ ստեղծել ու ստեղծագործել չէր կարող։ Այստեղ ուրիշ է՝ անում է՝ ինչ խելքին փչի։

«Օրինակ՝ Մոսկվայում ինձ համար սեղան սարքեցի։ Ես դա արեցի երեք ամսում, քանի որ տարածք չունեի։ Ես պետք է գնայի աշխատանքի որոշակի ժամերով, ինչ-որ բան անեի։ Այստեղ ես այդ նույն սեղանը սարքել եմ երկու շաբաթում։ Հիմա ընտիր աշխատանքային սեղան ունեմ, որի մոտ ինձ շատ հարմար է գործ անել», - նշեց Դանիլը։

Նա ինժեներ-էլեկտրամեխանիկ է։ Ընկերների հետ նախկին ֆաբրիկայի շենքի տարածքում արհեստանոց են դրել: Այստեղ նկարում են, իրեր ստեղծում մետաղից, կավից ու փայտից, ձևավորում են, մոնտաժում, ֆիլմեր ստեղծում ու ցուցադրում։

«Մենք նպատակ չունենք փող աշխատել։ Մենք ցանկանում ենք վերականգնել, պահպանել, ցուցադրել ու զբաղվել ստեղծարար արվեստով։ Օրինակ՝ փայտամշակման արվեստանոց ունենք, ուր կարող են գալ նաև տեղացիներն ու ինչ-որ բան անել, եթե դա իրենց պետք է։ Այսինքն, մենք կարող ենք ցույց տալ այն, ինչ գուցե տեսանելի չէ, երբ այստեղ ես ապրում», - ասաց Մաքսիմը։

Նախատեսում են՝ ամռանն արդեն պատրաստ կլինեն բացել վերափոխված եռահարկ շենքը՝ դեռ չգիտեն՝ ինչ տեսքով։ Վերջնական որոշում չունեն՝ ինչ կդառնա, բայց համոզված են՝ հաստատ մշակութային կենտրոն կլինի՝ տարբեր ազգեր, տարբեր հմտություններ ու հետաքրքրություններ ունեցող մարդկանցով։

«Այստեղ մենք արդեն շփվում ենք և՛ անգլերենով, և՛ ռուսերենով, մեր իմացածի չափով նաև հայերենով: Մարդիկ կան՝ պարսկերեն են խոսում, ի վերջո՝ ուկրաիներեն», - ընդգծեց Մաքսիմը։

Թումանյան տեղափոխված 25 օտարերկրացիներից երեքն այստեղ արդեն բնակարան են գնել։

Մաքսիմը, որ կնոջ ու երկու երեխաների հետ է եկել, ասում է՝ օրերս ինքն իրեն հարց է տվել՝ իսկ եթե հենց վաղը ռուս-ուկրաինական պատերազմը դադարի՞, ինչը պատճառ է դարձել, որ Ռուսաստանում թողնեն տուն-տեղ, աշխատանք ու գան Թումանյան. - «Կմեկնե՞մ ես այստեղից, թե՞ ոչ։ Հաստատ գիտեմ, որ ոչ։ Այո, հաստատ գիտեմ, որ այստեղ իրականացել են իմ բոլոր երազանքները, որոնք ես ունեցել եմ այնտեղ՝ մեծ քաղաքում»։

Այստեղ ռուս-ուկրաինական պատերազմի հետ անհաշտ մարդիկ են։ Մոսկվացի Լիզան ասում է՝ իրենց երկրում անգամ իրավունք չունեին խոսել պատերազմի մասին։ Իշխանությունները հերքում էին՝ ի՞նչ պատերազմ, ընդամենը ռազմական գործողություն է։

«Ազատ մտածող մարդկանց համար Ռուսաստանում գտնվելն արդեն վտանգավոր էր։ Ձերբակալում էին, կալանավորում։ Պարզապես բռնում էին, փակի տակ պահում՝ փաստաբանների հետ շփվելու արգելքով։ Մենք եկանք անվտանգության ու ազատության ետևից, որ կարողանանք արտահայտել մեր մտքերը, մեր անհամաձայնությունը պատերազմին։ Հավանաբար մենք այստեղ ինչ-որ չափով գտանք այդ ազատությունը», - ասաց Լիզան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG