Մատչելիության հղումներ

Ադրբեջանի պատգամավոր Վահիդ Ահմեդովի հարցազրույցը՝ քննադատությունների առիթ Միլի մեջլիսում


ժ
ժ

Մոտ մեկ շաբաթ է՝ ադրբեջանական պաշտոնական ու կառավարամետ լրատվամիջոցների գլխավոր հերոսը պատգամավոր Վահիդ Ահմեդովն է․ իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները նրա մասին են խոսում, օրեր առաջ Միլի մեջլիսում նրա պատճառով վիճաբանություն էր սկսվել, այսօր էլ հարցը քննարկվել է կարգապահական հանձնաժողովում։

Քննադատության շքերթը սկսվել է, երբ պատգամավորը հարցազրույց է տվել հայտնի ընդդիմադիր բլոգեր Մեհման Հուսեյնովին։ Մոտ կես ժամանոց այդ զրույցում 76-ամյա պատգամավորը հրապարակավ քննադատել էր իշխանություններին, կասկածի տակ դրել պատգամավոր-գործընկերների լեգիտիմությունը, խոսել համատարած կոռուպցիայի, անարդարության ու աղքատության մասին։ Մի բան, որ Ադրբեջանում հազվադեպ է պատահում։

«Եթե Ադրբեջանում ստվերային տնտեսություն չլիներ, պետական բյուջեն առնվազն երկու անգամ ավելի շատ կլիներ»

«Մենք չենք կարողացել լուծել գործազրկության խնդիրը շրջաններում։ Երկրում փող չկա՝ օգնելու բիզնեսին ու մարդկանց, որոնք գյուղատնտեսությամբ են զբաղվում։ Մարդիկ վարկ են վերցնում, հետո ի վիճակի չեն լինում վերադարձնել, դառնում են մուրացկան», - ասել էր պատգամավորը։

«Եթե Ադրբեջանում ստվերային տնտեսություն չլիներ, պետական բյուջեն առնվազն երկու անգամ ավելի շատ կլիներ», - պնդել է Ահմեդովը, ով ի դեպ, գործող խորհրդարանի Տնտեսական հարցերով հանձնաժողովի անդամներից է։

Լրագրողը հետաքրքրվել է՝ ո՞րն է Ադրբեջանում տարածված մենաշնորհների պատճառը։ «Քանի դեռ պաշտոնյաները գործին զուգահեռ բիզնեսով են զբաղվում, այդ հարցը չի լուծվելու», - ասել է Ահմեդովն ու ավելի հեռուն գնացել՝ քիչ չեն պատգամավորները, որոնք այսօր բիզնես ունեն, թեև դա արգելված է օրենքով։

«Ուզում ես փող աշխատել՝ հրաժարական տուր, գնա, բիզնեսով զբաղվիր։ Բայց՝ չէ, նրանք օգտագործում են վարչական լծակները և այն առավելությունները, որոնք տալիս է նրանց պատգամավորական աթոռը։ Պաշտոնյաները պետք է եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնեն, բայց Միլի մեջլիսը տասը տարի է՝ այդ մասին օրենքը չի ընդունում», - նշել է պատգամավորը:

Պատասխանելով հարցին՝ պատգամավորներից ո՞վ է իրապես ընտրվել ժողովրդի կողմից, Ահմեդովը 125 պատգամավորից երեքի անունն է տվել՝ իրենն էլ ներառյալ։ Ավելին, պնդել է, թե ազատ ու արդար ընտրությունների դեպքում Ադրբեջանում իշխանության կարող էին գալ նաև ընդդիմադիր ուժերը։

Խոսելով արտաքին քաղաքականությունից՝ նշել է, թե առաջին հերթին պետք է լուծել ղարաբաղյան հարցն ու օկուպացիայից ազատված շրջանները վերականգնել. - «Մենք շրջապատված ենք ոչ բարեկամ երկրներով՝ Հայաստան, Ռուսաստան, Իրան։ Նույնիսկ Թուրքիան, որին համարում ենք եղբայր ու մերձավոր երկիր, իր շահերն ունի Ադրբեջանում»։

«Ադրբեջանում նաև պատգամավորնե՞րն իրավունք չունեն ազատորեն կարծիք արտահայտել»

Ահմեդովը Ադրբեջանի քաղաքական դաշտի հնաբնակներից է․ 1991-ին նա էր համախոհների հետ հեղինակել Ադրբեջանի անկախության ակտը, հետո էլ՝ քվեարկել Խորհրդային միությունից անջատվելու օգտին։ Առաջին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի ղեկավարման օրոք զբաղեցրել է Ադրբեջանի փոխվարչապետի պաշտոնը, հետո էլ՝ չորս անգամ անընդմեջ պատգամավոր ընտրվել։ 2012-ին, երբ Ղուբայի շրջանում անկարգություններ ու բողոքի զանգվածային ցույցեր էին բռնկվել, հենց Ահմեդովն էր կարողացել հանդարտեցնել կրքերը։

Այսօր, սակայն, խորհրդարանում քչերն են հիշել պետությանը մատուցած այդ ծառայությունների մասին։ Փոխարենը հաշիվ են պահանջել Ադրբեջանի պետականությանն ու իրենց արժանապատվությանը հասցված վնասի համար՝ հընթացս բացահայտելով պատերազմի մասին աղմկահարույց մանրամասներ:

«44-օրյա պատերազմի ողջ ընթացքում F-16-ները կանգնած էին Ադրբեջանում։ Դա ուղերձ էր այլ երկրներին, որ չեք կարող հարձակվել Ադրբեջանի վրա, եթե հարձակվեք՝ կհանդիպեք F-16-երի դիմակայությանը։ Թուրքիան մեր եղբայրն է, ինչպես կարող եք այդպիսի բառեր ասել քո եղբոր, քո ընկերոջ, քո դաշնակցի հասցեին, Վահիդ Ահմեդով, սա անընդունելի է», - հայտարարում էր պատգամավոր Զիյաֆետ Աշգարովը։

Մինչ պատգամավորները քննարկում են՝ ինչպես պատժել տարեց գործընկերոջը, խորհրդարանի ու կառավարության վերահսկողությունից դուրս գտնվող փոքրաթիվ լրատվամիջոցները հարց են բարձրացնում՝ ստացվում է՝ Ադրբեջանում նաև պատգամավորնե՞րն իրավունք չունեն ազատորեն կարծիք արտահայտել։

«Միթե չեն ուզում ճշմարտությունը լսել, միթե այդքան վտանգավոր է բարձրաձայնել ակնհայտ իրողությունները», - «Թուրան»-ի հետ զրույցում ասել է հարցազրույցի հեղինակ, բլոգեր Մեհման Հուսեյնովը։

Աղմկահարույց հարցազրույցը, ի դեպ, անցած օրերին արդեն կես միլիոն մարդ է դիտել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG