Մատչելիության հղումներ

«Արմմոնո» փառատոնը ամրապնդեց մոնոժանրը Հայաստանում. Մարիաննա Մխիթարյան


Այսօր երեկոյան Առնո Բաբաջանյան համերգասրահի փոքր դահլիճում կմեկնարկի «Արմմոնո» միջազգային 21-րդ փառատոնը, որին այս տարի կմասնակցի 5 երկիր 20 մոնոներկայացմամբ։

Փառատոնի շրջանակներում հայ թատերասերներն ու թատերական գործիչները ոչ միայն կարող են տարբեր ժանրային պատկանելության մոնոներկայացումներ դիտել, այլև ներկա գտնվել մի շարք նախագծերի՝ թատերական ընթերցումներ, վարպետության դասեր և այլն։

Ինչպես փառատոնի բացմանն ընդառաջ հրավիրված ասուլիսում ընդգծում էր փառատոնի տնօրեն, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, այսօր երեկոյան փառատոնի բացման արարողության ժամանակ տեղի կունենա նաև փառատոնի նոր կայքի և փառատոնի գունագեղ բուկլետի շնորհանդեսը, նաև մի խումբ թատերական գործիչներ կպարգևատրվեն փփ փառատոնի «Արմմոնո» հուշամեդալով։

Փառատոնի բացմանը կներկայացվի անվանի օպերային մեներգչուհի Վարսենիկ Ավանյանի «Սպասում» մոնոօպերան։

Ամենամյա այս թատերական փառատոնին այս տարի մեծ չափով ընդգրված են հայ երիտասարդ դերասաններ և ռեժիսորներ իրենց դեբյուտյին գործերով։ Կներկայացվի նաև Վահե Շահվերդյանի վերջին գործը՝ ,«Համլետի երազանքները» մոնոներկայացումը։

«Ինձ թվում է, փառատոնի համար և այն բոլոր մասնակիցների համար, որոնք հանդիսանում են Վահե Շահվերդյանի սաները, դա կլինի մի փոքր հուշ-երեկո, փոքր այդ պարտքի հանձնելը և հատուցումը, որ մենք ունենք այդ մեծ վարպետի առաջ», - ասաց Մարիաննա Մխիթարյանը։

Ի թիվս այլ արտասահմանյան թատերական գործիչների, այս տարի առաջին անգամ «Արմմոնո» փառատոնին մասնակցում է նաև լեհական «Կեսգիշերային նետը» դեբյուտային մոնոներկայացումների փառատոնի տնօրեն Մարեկ Կոլովսկին։

«Շատ ուրախ եմ, որ կարող եմ լինել այստեղ, ձեզ հետ Երևանում և ուզում եմ նշել, որ մեզ համար մեծ պատիվ է մասնակցել «Արմմոնո» փառատոնին, քանի որ այն ինձ հայտնի է արդեն ավելի քան քսան տարի։ Երազանքներիցս մեկն էր, որպեսզի ես կարողանամ մասնակցել այս փառատոնին», - ասաց Կոլովսկին։

Լեհ թատերական գործիչը նաև ընդգծեց, որ Լեհաստանում հատկապես երիտասրադներն են հմայված այս թատերական ժանրով և նրանց մասնակցությունը իրենց ամենատարբեր ներկայացումներով տարեցտարի ավելանում է, քանի որ մասնակցությունը նմանօրինակ փառատոների նրանց առջև թատերական մեծ հնարավորությունների դուռ է բացում։

Մարիաննա Մխիթարյան
Մարիաննա Մխիթարյան

«Ազատության» հարցին, թե Հայաստանում արդեն երկու տասնամյակից ավելի ընթացող մոնոներկայացումների այս ամենամյա փառատոնը ի՞նչ արդյունքներ է գրանցել, փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը պատասխանեց. - «Այն, որ փառատոնը ամրապնդեց Հայաստանում մոնոներկայացումը որպես ներկայացում և հետաքրքիր ժանր, որի մեջ մտնում է և ստենդափները, որոնք տարածված են հիմա Հայաստանում և շատ սիրված են։ Դա էլ է մոնոժանրի մի որոշ մաս։ Եվ մենք գիտենք, թե կոմերցիոն մեր փայլուն դերասանները կատարում են ստենդափներ։ Դա նույնպես դուրս եկավ և ծնվեց մոնոժանրից։ Եվ մոնոներկայացումները մեր փայլուն դերասանների, ինչպիսին են օրինակ Նարինե Գրիգորյանի մոնոներկայացումները, և էլի ու էլի բազմաթիվ դերասաններ դուրս են գալիս։ Եվ ես միշտ նշում եմ, որ հիմա մեր Հայաստանի համար շատ անհրաժեշտ է, որ մեր արվեստը, մեր դերասանները, մեր բեմադրիչները ճանաչելի դառնան Հայաստանից դուրս։ «Արմմոնո» փառատոնը միակ փառատոնն է Հայաստանում, որ դուրս է բերում մեր դերասաններին Հայաստանից դուրս։ Այո՝ փոքր ֆորմատով, բայց դա այդպես է։ «Արմմոնո» փառատոնը ամրապնդեց մոնոժանրը Հայաստանում և ճանաչում բերեց մեր ոչ միայն դերասաններին, այլ նաև մեր երկրի վարկանիշը բարձրացնում է մեր սահմաններից դուրս»։

Ապրիլի 28-ից մայիսի 17-ը տեղի ունեցող «Արմմոնո» միջազգային փառատոնի որոշ մոնոներկայացումները կներկայացվեն նաև Գյումրիիում և Կոտայքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG