Մատչելիության հղումներ

«Փլավ եմ սարքում, հացի տեղը փլավ են ուտում, շատ դժվար է». Հին շենի բնակիչ


Հին Շենի բուժքույրը իր հիվանդների համար դեղորայք է փնտրում, Մեծ Շենում կանայք փորձում են եղած ալյուրը հավաքել ու անհաց մնացած մարդկանց համար հաց թխել, եղցահողցի մեկ ամսական փոքրիկի կաթնախառնուրդը Կարմիր խաչի մեքենան է գյուղ հասցրել, Լիսագորի գյուղապետը Գորիսում է մնացել, համայնք վերադառնալ չի կարողանում:

Հինգերորդ օրն է Շուշիի շրջանի 4 գյուղերը՝ 350 հոգի մնացել են ադրբեջանական օղակի մեջ՝ մի կողմում Հակարիի ադրբեջանական անցակետն է, մյուսում ՝ Քարինտակի խաչմերուկի ադրբեջանցի ակտիվիստները։

Բուժքույր Նազիկ Սարգսյանն անընդհատ համագյուղացիների անհանգստությունն է տեսնում, բայց նրանց դեղորայքով հանգստացնելու մեծ հնարավորություններ չունի:

«Էս ստրեսից էլ անհանգիստ են, դիմում են՝ բա ո՞նց լինի, ի՞նչ կլինի, ասում եմ՝ մի բան կլինի էլի, Աստված մեծ ա», - ասաց Նազիկ Սարգսյանը:

Քրոնիկ հիվանդներ կան, դեղերն ավարտվում են, տագնապները՝ մեծանում:

«Մեր բնակիչների մոտ հիմնականում սրտային հիվանդություններն են, ավելի շատ հիպերտոնիան ա, գերճնշումը, շաքարային դիաբետը, գաստրիտը, ստամոքսի խնդիրներ ունեն», - նշեց բուժքույրը:

Դեղորայքից բացի՝ այս գյուղերում սպառվում է ալյուրը, մարդիկ արդեն հացի խնդիր ունեն։ Անգին Սարգսյանի ընտանիքը Հին Շենի ամենաբազմանդամն է. 9 հոգով են ու այս պահի դրությամբ առանց հացի:

«Հաց չկա, էրեխեքը դպրոցից գալիս են, առանց հացի ճաշ են ուտում, շատ դժվար ա իմ վիճակը, ալյուրի հարցը.... փլավ եմ սարքում, հացի տեղը փլավ են ուտում, ի՞նչ անեմ, ուր գնամ, գյուղում, ո՞վ ունի, որ ասես էս մեկը օգնի: Շատ դժվար ա, գյուղացիների համար էլ, իմ համար էլ», - ասաց Անգին Սարգսյանը:

Սարգսյանների ընտանիքը 2016-ին Թալիշից է տեղահանվել՝ հույսով, որ Հին Շենում խաղաղություն կգտնեն, բայց մնացին կրկնակի բլոկադայի մեջ. - «Ո՛չ կարում ենք առաջ գնանք, ո՛չ կարում ենք՝ հետ, մնացել ենք երկու քարի արանքը»:

Եղցահողում առայժմ անասնակերի խնդիրն է, ասում է համայնքապետ Արտակ Հակոբյանը։

«Միակ խնդիրը գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց մոտ անասնակերի խնդիր է առաջացել, բայց մնացած հարցերը, կապված սննդի և այլ պարագաների հետ այս պահի դրությամբ չկա, բայց հնարավոր է երկարացնելու դեպքում առաջանա նման խնդիր», - ասաց Հակոբյանը:

Եղցահողցի Մարիամ Ասրյանը 5 երեխա ունի, ալյուրի պակաս, ասում է, առայժմ չկա, օր ու մեջ հաց է թխում: Ընտանիքում հաց չուտող միակ անդամի՝ մեկ ամսական որդու կերն էր վտանգված:

«Երեխայի կերն էր խնդիրը, մեր գյուղապետը լուծեց էդ խնդիրը. Կարմիր խաչով բերել ա տվել երեխայի կերը», - ներկայացրեց նա:

Շուշիի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը վստահեցնում է՝ այսօր շրջանի 4 գյուղերի կարիքները կներկայացնի կառավարությանը, ցանկեր է կազմում:

«Նախապատրաստական աշխատանքներ ենք կատարում, որպեսզի սննդով, դեղորայքով ապահովենք, մեր առաջիկա գերխնդիրն էդ ա», - ասաց Հովհաննիսյանը:

Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարը չի կասկածում, որ Կարմիր Խաչի կամ ռուս խաղաղապահների միջոցով հնարավոր կլինի այս գյուղեր հումանիտար բեռ հասցնել. - «Լուծվելու ա էդ հարցը, ես 100 տոկոսով համոզված եմ, որ լուծվելու ա, որովհետև առանց դրա չի լինի, ուրիշ տարբերակ չունեն»:

Եղցահող ու Լիսագոր գյուղերից 11 հոգի կիրակի օրը Գորիս են գնացել ու կամրջի փակումից հետո մնացել այնտեղ։ Ըստ Գրիշա Հովհաննիսյանի՝ նրանք երեկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ պիտի տուն վերադառնային, բայց չի ստացվել, ռուս-ադրբեջանական բանակցությունն այս պարզ հարցով դեռ շարունակվում է։

Արցախում հույսը չեն կորցնում, որ ադրբեջանցիները Հակարիի կամրջից կհեռանան՝ իրենց ցուցանակով ու դրոշով հանդերձ: «Մնացածին կդիմանանք», - ասում է հինշենցի Նազիկ Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG