Մատչելիության հղումներ

Լավրովը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերին


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ում, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ում, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք, որտեղ ապրիլի 24-ին և 25-ին կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերին։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նախատեսվում է, որ Լավրովն այսօր կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել էր, որ Ռուսաստանը քննարկելու շատ թեմաներ ունի։

Բացի այդ, ռուս նախարարը հրավիրել է մի քանի երկրների արտգործնախարարների, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, մասնակցելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերին, որոնք նախագահում է Ռուսաստանը։

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Լավրովի և Բլինքենի դեմ առ դեմ շփումների հարցը դեռևս բաց է։ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է դիտարկել ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման հնարավորությունը և չի հրաժարվում ամերիկյան կողմի հետ երկխոսության լուրջ առաջարկներից։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, սակայն, մինչ ռուսական պատվիրակության Նյու Յորք մեկնելը հայտարարել է, որ նման հանդիպման պլաններ դեռ չկան, իսկ շփման հնարավորությունը «կորոշվի հանգամանքներից ելնելով»։

XS
SM
MD
LG