Մատչելիության հղումներ

Բաքուն բողոքում է, թե «Հայաստանը սահմանին անցակետ է տեղադրում»


«Հայաստանը անցակետ է տեղադրում «հայ-ադրբեջանական պայմանական սահմանին»», - հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հավելելով, թե դա արվում է առանց Բաքվի հետ համաձայնեցնելու։

Հաղորդագրության մեջ նշված է, թե իբր Լաչինի միջանցքում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են «Հայաստանի ռազմական բեռնատար տեխնիկայի շարասյուն», որոնք կանգ են առել Լաչին- Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում՝ Հայաստանի տարածքում և նախօրոք պատրաստված վայրում «երկու բնակելի կոնտեյներ են տեղադրել»։

Նշվում է, որ Հայաստանից Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածք «բեռների ներթափանցումն իրականացվել է ռուս խաղաղապահների օգնությամբ»։

Հայկական կողմը դեռևս չի արձագանքել այդ հաղորդագրությանը, սակայն Արցախից կեսգիշերին հերքել էին Բաքվի մեկ այլ պնդում, թե իբր երեկ Շուշիի շրջանում ադրբեջանական բանակի ռազմական բեռնատար է պայթել «հայկական կողմի հատուկ տեղադրած ականների վրա»։ Արցախի արտգործնախարարությունը այս մեղադրանքը սադրիչ էր որակել։

Ըստ Արցախի արտաքին գործերի նախարարության՝ վերջին հայտարարությունների բովանդակային հաջորդականությունը հստակ ընդգծում է Ադրբեջանի կողմից վարվող կեղծ տեղեկատվական արշավի նպատակը՝ հող նախապատրաստել Արցախի դեմ հնարավոր սադրանքների համար:

Հայկական կողմը բազմիցս է հերքել Արցախ զենք և զինամթերք տեղափոխելու, ականներ տեղադրելու մասին լուրերն ու հայտարարությունները։ Բացի այդ, արդեն չորս ամսից ավելի է, ինչ փակ է Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը իրենց էկոակտիվիստներ ներկայացնող ադրբեջանցիների կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG