Մատչելիության հղումներ

Բաքուն Մոսկվային բողոքի նոտա է հղել Պետդումայի պատգամավորի հայտարարությունների առնչությամբ


ՌԴ Պետդումայի պատգամավոր Օլեգ Մատվեյչև, արխիվ
ՌԴ Պետդումայի պատգամավոր Օլեգ Մատվեյչև, արխիվ

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի արտգործնախարարությանը՝ «Ռուսարմինֆո» լրատվական գործակալության եթերում ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության կոմիտեի փոխնախագահ Օլեգ Մատվեյչևի հայտարարությունների կապակցությամբ։

Դիվանագիտական առաքելության հաղորդագրությունում ասված է, թե իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորի հայտարարություններն ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի Բաքվում անընդունելի են համարում:

Մատվեյչևը, «Ռուսարմինֆո»-ին տված հարցազրույցում մեկնաբանելով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, հայտարարել է, որ Թուրքիային և Ադրբեջանին դուր չեն գալիս Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականին ձեռք բերած պայմանավորվածությունները։ Պատգամավորի խոսքով՝ Բաքուն և Անկարան փորձում են վերսկսել ղարաբաղյան հակամարտության ակտիվ փուլը և ջանում են սադրել հայկական կողմին պատասխան գործողությունների։

Ապրիլի 19-ին Պեսկովը, պատասխանելով լրագրողների հարցին, թե Մոսկվան ինչ-որ կերպ կմասնակցի՞ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը, ասել է՝ Ռուսաստանը պատրաստ է ողջունել կողմերի ցանկացած քայլ, որը կարող է բերել լարվածության թուլացման և նպաստել եռակողմ համաձայնագրերի իրականացման ուղղությամբ հետագա առաջընթացին:

«Ռուսաստանի խորհրդարանի տեղեկատվական քաղաքականության համար պատասխանատու պատգամավորի ելույթը հայկական կայքում, որը տեղեկատվական հարթակ է Ադրբեջանի դեմ հարձակումների համար և Ռուսաստանում ազգամիջյան ատելություն է սերմանում, վկայում է այս հարցազրույցի պատվիրված և հրամայված լինելու մասին», - ասվում է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան կայքում տեղադրված հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG