Մատչելիության հղումներ

Դատախազությունն ընթացք չի տվել Սասուն Խաչատրյանի կողմից զգալի ցածր գնով բնակարան ձեռք բերելու հրապարակմանը


Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի կողմից զգալի ցածր գնով բնակարան ձեռք բերելու առնչությամբ հրապարակումը, սակայն դրան ընթացք չի տվել, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացնում են գերատեսչությունից։

«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հրապարակմամբ մատնաշված հանգամանքերով չի փաստվում այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, միաժամանակ այն չի բովանդակում այնպիսի փաստեր, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել «Օպերատիվ հետախուզական գործունեությության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, հետևաբար հրապարակումը չի ուղարկվել իրավասու քննչական մարմին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատկով»,- հայտնում են Գլխավոր դատախազությունից։

«Ինֆոքոմ» կայքի հետաքննության համաձայն, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրոնում կառուցվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում՝ իր հարևանների համեմատությամբ էականորեն ավելի ցածր գնով։

Հետաքննության հեղինակ Մկրտիչ Կարապետյանն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, որ այս գործարքում առնվազն կոռուպցիոն ռիսկ է կա, որ, ըստ նրա, պետք է ուսումնասիրեն իրավապահները։

XS
SM
MD
LG