Մատչելիության հղումներ

Երկու երեխաները կռվախնձոր են դարձել սպանված մոր ու կնոջն սպանած հոր հարազատների միջև


Ամիսներ առաջ կնոջը դաժանաբար սպանած վանաձորցի Օնիկ Միրաքյանն ըստ փորձաքննության համարվել է անմեղսունակ՝ շիզոֆրենիա հիվանդությամբ, և տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն՝ բուժման։

Սպանված կնոջ՝ Ցոլինեի հարազատներն «Ազատությանը» հայտնեցին, որ երեկ եզրակացությունն ստանալուն պես բողոքարկել են այն ու պահանջել կրկնակի փորձաքննություն։ Նրանք համարում են, որ Միրաքյանն առողջական խնդիրներ չի ունեցել և կանխամտածված է կտրել երիտասարդ կնոջ պարանոցը։ «Իրանք սպանել են մեր քրոջը ու իրանք հիմա չեն զղջում դրա համար», - հայտարարեց սպանված կնոջ հորեղբորորդի Արցախ Մազմանյանը:

Մինչ բժիշկներն ու քննիչները կպարզեն իրողությունը, առանց ծնողների մնացած 8 և 11 տարեկան երեխաները կռվախնձոր են դարձել սպանված մոր ու անազատության մեջ գտնվող հոր հարազատների միջև։ Երկու կողմն էլ համարում են, թե անչափահաս երեխաներն իրենց մոտ ավելի պաշտպանված կլինեն, ու ամեն կերպ աշխատում են հեռացնել մյուս կողմի հարազատներից:

«Մենք չենք կարա մոռանա, բայց չենք էլ կարա՝ նենց էղնի, որ մենք երեխաներին, չգիտեմ, թողնենք ընդեղ, դա էլ ա բացառվում: Մենք էսօր կպայքարենք, եթե չեն տա մեզ, թող տանեն, չգիտեմ, թող ուրիշը տանի, մենակ չմնան իրանց մոտ», - ասաց Մազմանյանը:

Այսօր երեխաներն ապրում են ազատազրկված հոր ծնողների հետ այն տանը, որտեղ ապրել են մինչև դեպքը։ Նրանց ճակատագիրը քննարկում է Վանաձորի համայնքապետարանի խնամակալության հանձնաժողովը։

Սպանված մոր հարազատները հերթական նիստին պնդեցին՝ երեխաները չեն կարող շարունակել ապրել այնտեղ, որտեղ դաժանորեն սպանել են իրենց մորը, որտեղ գուցե անառողջ մթնոլորտ է եղել մինչև այս ողբերգական դեպքը, և որտեղ, ըստ սպանված կնոջ հորեղբորորդու, մինչ օրս չեն զղջացել տեղի ունեցածի համար։

«Ինչի՞ համար: Անտեղի տեղը մեր քրոջը, մեր անմեղ քրոջը սպանեցին, եսիմ ինչ պիտակ կպցրեցին վրեն, որը հիմա, ասենք, ամեն ձևի հերքվել ա, որ տենց բան չկա, մենք դա հետո ապացույցներով կասենք: Հիմա քննիչը չի թողում, մենք ապացույցներով հետո կասենք, որ էդ դավաճանության ֆակտորը, էդ ինչ որ իրանք ասել են, էդ բանը գոյություն չունի, ու իրանցից ոչ մեկը մեզ չի ասել, թե՝ կներեք... Մարդ ա սպանվել վերջիվերջո, ժողովուրդ», - ընդգծեց Մազմանյանը:

Հայրական կողմից երեխաների խնամակալությունն ստանձնելու հայտ են ներկայացրել տատն ու հորաքույրը՝ իր ամուսնու հետ։ Հանձնաժողովի նախորդ նիստերին պնդել են՝ երեխաները կապված չեն մայրական կողմի հարազատների հետ և իրենց այսօր շատ լավ են զգում։

Միևնույն է, մոր կողմի հարազատները պնդում են՝ իրենց համար անընդունելի է, որ երեխաները լինեն մի տան մեջ, որտեղ հանցագործություն է տեղի ունեցել. - «Թող խնամքի կենտրոնը տանի, որոշակի ժամանակ պահի, էրեխեքը թող կտրվեն էս ամեն ինչից, հետո նոր թող էրեխեքին էլի հարցնեն՝ «ո՞ւմ մոտ եք ուզում մնաք, ընդե՞ղ, թե՞ ընդեղ»: Էրեխեքը հմի ընդեղից ոչ մի տեղ չեն ուզում գնան, ես դա գիտեմ, որովհետև էրեխեքը վախեցած են, հիմա դաստիարակում են էրեխեքին, որ «չգնաք էն տատիկի տուն»: Դա ի՞նչ ա նշանակում»:

Խնամակալության հանձնաժողովը տասն օրից կորոշի՝ որտեղ կշարունակեն ապրել ծնողներից զրկված երկու դեռատի երեխաները։ Ըստ հոգեբան Մարգարիտա Շահվերդյանի, իրենց որոշումը երեխաների շահերից կբխի, անգամ եթե այն ցավոտ լինի որևէ կողմի հարազատների համար. - «Եթե մենք հանում ենք տանից, էդ վնաս ա, եթե տալիս ենք ձեզ, վնաս ա, եթե ուղարկում եք, վնաս ա: Հիմա բոլորովս հավաքվել ենք՝ գտնենք՝ ո՞ր տարբերակում երեխաներին ավելի քիչ հարված կհասցնենք: Որովհետև որ տարբերակը նայում ես՝ երեխաներին մենք վնաս ենք հասցնելու: Չի կարելի տենց մտածել: Բոլորիդ շահը էն կողմ դրեք՝ ո՛չ նրանց շահն ա կարևոր, ո՛չ նրանց»:

Հանձնաժողովականները շեշտում են՝ սպանված կնոջ և սպանության մեջ մեղադրվող տղամարդու հարազատների միջև թշնամանք կա, չեն ուզում համագործակցել միմյանց հետ, ինչը երեխաների համար ոչ շահեկան վիճակ է ստեղծում։

«Ես ուզում եմ ասեմ, որ պետք ա երեխաները չզգան ձեր թշնամական վերաբերմունքը իրար նկատմամբ», - ասաց հոգեբանը՝ շարունակելով. - «Ես հասկանում եմ, որ դուք էդ ցավը պետք ա դեռ երկար տանեք, ոչ մեկը չի կարող անտարբեր անցնի: Բայց էդ երեխաները գան գիտակցության՝ իրանք կգիտակցեն՝ ինչ ա եղել, իրանք գնահատականները կտան, բայց մեք ազդի ո՛չ դուք, ո՛չ նրանք էդ գնահատականների վրա: Թողե՛ք էդ երեխաները մի քիչ պաշտպանված լինեն»:

Երեխաների ճակատագիրը քննարկող հանձնաժողովականները պնդում են, թե այսօրվա դրությամբ դեռ որոշում չունեն։ Հայտնի չէ՝ արդյո՞ք կդիտարկեն նրանց ժամանակավորապես խնամքի տուն տեղափոխելու հարցը, այն դեպքում, երբ ունեն ապրելու բարեկեցիկ պայմաններ, հաճախում են դպրոց, կրթությունը նորմալ է ընթանում, իրենց լավ են զգում, ինչպես պնդել են նրանց խնամող հարազատները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG