Մատչելիության հղումներ

Սիրիան ու Սաուդյան Արաբիան մտադիր են վերսկսել դեսպանատների աշխատանքը


Սաուդյան Արաբիայի և Սիրիայի արտգործնախարարների հանդիպումը, Ջեդա, 12-ը ապրիլի, 2023թ.
Սաուդյան Արաբիայի և Սիրիայի արտգործնախարարների հանդիպումը, Ջեդա, 12-ը ապրիլի, 2023թ.

Ավելի քան տասնամյա դադարից հետո Սիրիան և Սաուդյան Արաբիան մտադիր են վերսկսել դեսպանատների աշխատանքն ու վերականգնել երկրների միջև ավիահաղորդակցությունը, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով կողմերի համատեղ հայտարարությունը:

Հաղորդագրությունը հրապարակվել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադի Սաուդյան Արաբիա կատարած այցի արդյունքներով։

2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր սա այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Թագավորություն։ Հաղորդվում է, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են քայլերը, որոնք անհրաժեշտ են «սիրիական ճգնաժամի քաղաքական համապարփակ կարգավորման» համար, ինչը «կնպաստի արաբական երկրների միություն Սիրիայի վերադարձին»։

Առաջիկա մայիսին Էր-Ռիյադը ծրագրում է Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողով անցկացնել, որի օրակարգում կլինի նաև Դամասկոսի անդամակցության վերականգնման հարցը։

Անցած օրերին Սիրիայի կառավարությունը որոշում է կայացրել վերսկսել դեսպանատան աշխատանքները Թունիսում։ The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ Ասադի վարչակազմը երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման շուրջ բանակցություններ է վարում նաև Եգիպտոսի հետ։

XS
SM
MD
LG