Մատչելիության հղումներ

Արամ Մանուկյանի արձանի շրջակայքի նախկին տեսքը կարող է փոխվել. շինարարները վնասել են քարերը


Համացանցն օրերս ողողված էր Առաջին հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանի արձանի շուրջը ջարդված աստիճանների լուսանկարներով։

Նորահայտ հուշարձանների ցանկում ընդգրկված արձանի ու հարակից տարածքի նախագծի համահեղինակներից Մկրտիչ Մինասյանը դրանք իր աչքով տեսավ, մեր ներկայությամբ։ Նեղսրտեց՝ շինարարները քարերը հանելիս վնասել են, բոլոր այդ քարերը վնասված հատվածներից պետք է կտրել, նախկին տեսքն արդեն փոխվեց. - «Ես չգիտեմ ով ա արել սա։ Ազնիվ խոսք, ես առաջին անգամ եմ տեսնում։ Անորակություն ա սա, աշխատանք էլ չի կարելի հաշվել»։

Մկրտիչ Մինասյան
Մկրտիչ Մինասյան

Ցույց տալով արձանի մյուս հատվածի աստիճանները՝ ասաց, որ այդ նույն պատկերի կրկնությունից էր վախենում, այդ պատճառով էլ խորհուրդ էր տվել արձանի աստիճանների հատվածին ձեռք չտալ՝ համարելով, որ առկա շեղությունն աննկատ է, իսկ նորոգելիս ավելի վատ պատկեր կլինի։

«Փաստորեն եղավ այն, ինչից խուսափում էի», - արձանագրեց Մինասյանը։

Այս աստիճանների վերանորոգման համար նախատեսված է Երևանի բյուջեից 12 մլն դրամ հատկացնել։ Վերանորոգման աշխատանքների սկիզբն արդեն անորակ համարող ճարտարապետին հակադարձում է քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը՝ ասելով, թե ոչ մի շինհրապարակ սկզբնական շրջանում հրապուրիչ տեսք չի ունենում. - «Ժամանակից շուտ ոնց որ արդեն աժիոտաժ ա սկսվել... Մենք հիմա բոլոր շինհրապարակները գնանք, կարելի ա շատ ուժեղ տպավորվել։ Բոլոր վնասված քարերը փոխարինվելու են։ Իսկ շինարարության ընթացքում եթե շինարարը վնասի, ինքը պետք է փոխհատուցի կատարած վնասների համար»։

Նրա խոսքով, աստիճանները, ոչ թե նորոգումից հետո են կոտրվել, այլ նոր են նորոգվելու, նոր մրցույթ է հայտարարվել այդ հատվածի համար։ Ասաց, թե Հանրապետության հրապարակի, մետրոյի կայարանի մուտքի ամբողջ հատվածի վերանորոգման աշխատանքների նախագիծը դեռ 2019-ին է պատվիրվել։ 2020-21-ին ևս մեկն է պատվիրվել՝ արդեն փուլային նորոգման համար։ Փուլային նորոգման սխեման ի սկզբանե սխալ համարող Խորեն Գրիգորյան ասաց, որ այդուհանդերձ 2021-22-ին աշխատանքները սկսվել էին։

Այս հատվածը վերանորոգելու համար հայտարարված մրցույթում հաղթել է նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն պատկանող «Բիդեք» ընկերությունը։ Առաջին փուլի համար ծախսվել է 45 մլն դրամ։

«Քաղաքապետարանը, երևանցու հարկերով իրականացվող վերանորոգումների ու բարեկարգումների ծրագրերը խառնաշփոթով է կազմակերպում՝ մաս-մաս», - ասում է 44-օրայից հետո ավագանու իշխող թիմը լքած ու արդեն անկախ անդամ Իզաբելլա Աբգարյան։ Պատճառը, ըստ նրա, այդ աշխատանքնարի համար հստակ ռազմավարություն չունենալն է. - «Պարզապես կարող է մեկը անցնի, նայի, ասի տգեղ է, գա առաջարկի՝ եկեք մրցույթ հայտարարենք, անենք։ Կամ քաղաքացի ասի՝ կանե՞ք սա, կասեն այո և վաղը մրցույթ հայտարարեն։ Սա հենց էդտեղից է գալիս, որ չկա ռազմավարություն, չկա պլանավորում նախօրոք։ Ես ինքս ականատես եմ, թե ոնց են այդ որոշումներն ընդունվում։ Երբ հնգամյա ծրագիր են մշակում, պետք է նաև լինի ռազմավարություն, թե մշակութային կոթողների որ հատվածում ինչ պիտի արվի, ով պիտի անի, ոնց պիտի անի... այդ ամենը չկա»։

Ճարտարապետ Մկրտիչ Մինասյանն «Ազատությանն» ասաց՝ շինարարները պարտավոր էին իր հետ կապ հաստատել որպես նախագծի համահեղինակի, բայց առանց խորհրդակցելու՝ խոշոր սալիկներն արդեն վնասելով հանել են։

Այս հարցով նույնպես դիմեցինք քաղաքապետարանի պաշտոյային, միայն դրանից հետո են շինարարները կապ հաստատել ճարտարապետի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG