Մատչելիության հղումներ

Դասալքության համար հետախուզվող Ռուսաստանի քաղաքացին ազատ է արձակվել. դատախազություն


Դասալքության համար հետախուզվող Ռուսաստանի 23-ամյա քաղաքացին ազատ է արձակվել մի քանի ժամյա արգելանքից, փոխանցում են Հայաստանի գլխավոր դատախազությունից և հավելում՝ տղամարդուն Ռուսաստան արտահանձնելու հարցը կարող է քննարկվել հանձնելու մասին միջնորդություն ստանալու և հանձնելու համար բավարար հիմքերի դեպքում:

Իրավապահ կառույցից առայժմ չեն հստակեցնում՝ ստացել են Մոսկվայից արտահանձնման միջնորդություն, թե՝ ոչ։

Երևանում ձերբակալված ռուսաստանցու մասին հայտնել էր Հայաստանի ոստիկանությունը՝ հավելելով, որ նրան հայտնաբերելու տեղեկությունը փոխանցել են հետախուզումը նախաձեռնած Ռուսաստանին։ Պաշտոնական կառույցները, սակայն, չեն հստակեցնում, 23-ամյա տղամարդը շարքային զինվորական է, թե՞ խուսափել է պատերազմ մեկնել որպես պահեստազորային։

Ուկրաինայի դեմ սկսած պատերազմի, ապա մոբիլիզացիայի հետևանքով հազարավոր ռուսաստանցիներ են Հայաստան ժամանել:

« Ռուսաստանում են Հայաստանի նախկին չինովնիկները, որոնք մեղադրվում են քրեական հոդվածներով, ինչո՞ւ Հայաստանը պետք է արտահանձնի մեզ»

«Հայաստանի և Ռուսաստանի միջև կան պայմանավորվածություններ՝ արտահանձնելու հանցագործներին, եթե դրանք չեն վերաբերում քաղաքական հարցերին։ Բայց ինչ-որ առումով մենք բոլորս էլ հիմա քաղաքական փախստականներ ենք, քանի որ մենք բոլորս Հայաստանում ենք հայտնվել Ռուսաստանում քաղաքական իրավիճակի հետևանքով», - ասում է «Նովայա գազետա. Եվրոպա»-ի թղթակիցը։

Յան Շենկմանն արդեն մեկ տարի է՝ Երևանում է ապրում: Ասում է՝ ճի՛շտ է, Հայաստանում գտնվող ռուսների նկատմամբ ճնշումներ չկան, բայց կա մեծ վախ, որ դա մի օր կլինի։ Անցած մեկ տարվա ընթացքում լրագրողը արդեն հասցրել է նկատել, որ Երևանում շատ են նաև ռուսական հատուկ ուժերի ներկայացուցիչները, որոնք հետևում են ռուսներին. - «Արդեն նույնիսկ գիտեմ, թե ինչ տեսք ունեն նրանք»։

«Հայաստանը փորձում է ազատվել ռուսական ճնշումից, բայց վերջին պահին վախենում է և հետքայլ է անում, սա հենց վախի ռեակցիան է։ Եվ այս ձերբակալությունն, իմ տվյալներով, երկրորդն է, առաջինը ևս դասալքության հարցով էր», - նշեց Շենկմանը:

Ռուսաստանցի լրագրողն ասում է՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո ինքն ամաչել է նայել հայերի աչքերին Ռուսաստանի դիրքորոշման պատճառով։ «Տարօրինակ է, որ հայերը հավատում են, թե Մոսկվան ազնիվ կխաղա, հիմա եթե Երևանը այս մարդկանց արտահանձնի Մոսկվային, կարծում եմ, այդ դեպքում հայերը կամաչեն նայել իմ աչքերի մեջ», ընդգծում է Շենկմանը։

«Որովհետև Կրեմլը երբեք չի կատարում իր խոստումները։ Նրա հետ չի ստացվի ազնիվ խաղալ՝ մենք ձեզ սա, դուք էլ մեզ՝ սա։ Նրանք միշտ կդավաճանեն», - նշեց լրագրողը։

Երևանում նոր կյանք սկսած, Հայաստանն արդեն իր տունը համարող ռուսաստանցի լրագրողը մի հիշեցում էլ է անում՝ Մոսկվան հրաժարվել է Հայաստանին հանձնել հետախուզվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և այլոց։

«Մի նրբություն էլ կա՝ Ռուսաստանում են Հայաստանի նախկին չինովնիկները, որոնք մեղադրվում են քրեական հոդվածներով։ Նրանց Մոսկվան չի արտահանձնում։ Ինչո՞ւ Հայաստանը պետք է արտահանձնի մեզ։ Դա արդար չէ», - ասաց նա։

Դասալքության համար կասկածվող ռուս երիտասարդին Հայաստանը չպետք է արտահանձնի. իրավապաշտպան

Նաև Հայաստանում հայտնված ռուսաստանցիների իրավունքներով զբաղվող իրավապաշտպան Արթուր Սաքունցն օրերս քննադատել էր հայաստանյան իրավապահներին՝ ահազանգելով՝ Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկում, ձերբակալում պուտինյան բռնապետական ռեժիմի կողմից ապօրինի քրեական հետապնդման ու հետախուզման տակ գտնվողներին։ Իրավապաշտպանն ընդգծում է՝ Մոսկվան իր տարածքում պահում է հայաստանցի իրական հանցագործներին, իսկ սա հիմք է վերանայելու երկու երկրների միջև արտահանձնման պայմանները։

Իրավապաշտպանը կարծում է՝ դասալքության համար կասկածվող ռուս երիտասարդին Հայաստանը չպետք է արտահանձնի՝ նա կարող է ենթարկվել խոշտանգման, օրինակները շատ են։

«Անգամ այդ զինվորական քրեակատարողական հիմնարկում, թե քննչական մեկուսարանում նրա նկատմամբ կարող են կիրառվել խոշտանգումներ, վատ վերաբերմունքի դեպքերը, դրսևորումներն անխուսափելի են, էլ չեմ խոսում, որ նույնիսկ կարող է կյանքին վտանգ սպառնացող գործողությունների ենթարկվել», - ընդգծեց իրավապաշտպանը:

Անցած մեկ տարում Սաքունցի ղեկավարած կազմակերպություն է դիմել ավելի քան 5 տասնյակ ռուսաստանցի՝ խնդրելով աջակցել տեղափոխվել այլ՝ ապահով երկրներ։ Այժմ իրավապաշտպանների ուշադրության տակ են երկու քրեական գործով անցնող, հետախուզվող երկու ռուսաստանցի, մեկը կալանքի տակ է, մյուսը ստորագրություն է տվել երկրից չբացակայելու մասին։ Հայաստանը, որպես Եվրոպայի խորհրդի անդամ, պարտավորություն ունի չարտահանձնելու, եթե կան իրական վտանգներ։

«Որոնք քննադատական վերաբերմունք ունեն պուտինյան ռեժիմի գործունեության նկատմամբ, հրաժարվում են մասնակցել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի, պուտինյան ռեժիմի սանձազերծած ագրեսիային, այդ բոլոր մարդիկ քաղաքական հետապնդման զոհեր են», - ասաց Սաքունցը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Հայաստանի իշխանություններին հորդորում է զերծ մնալ Ռուսաստանի որևէ քաղաքացու արտահանձնել, հակառակ դեպքում ընդգծում է՝ Հայաստանը մասնակից կդառնա պուտինյան ռեժիմի կողմից ապօրինի, քաղաքական նպատակներով հետապնդմանը՝ ինքն իր հերթին խախտելով մարդու իրավունքները։

Ի դեպ, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե տեղյակ չէ, որ Երևանում ձերբակալվել, ապա ազատ է արձակվել իր երկրի կողմից հետախուզվող քաղաքացին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG