Մատչելիության հղումներ

Փորձագետներն իշխանությունների անգործության արդյունք են համարում Տեղի հատվածում ադրբեջանցիների առաջխաղացումը


Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը հայկական պետության անգործության, կամ ոչ արդյունավետ աշխատանքի արդյունք է համարում Տեղ գյուղի հատվածում ադրբեջանցիների առաջխաղացումը։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն էլ հավելում է՝ Հայաստանի կառավարությունը ոչ թե անգործությամբ, այլ հանցավորության հասնող անգործությամբ է զբաղված, եթե ադրբեջանցի զինվորն այսօր հայտնվում է Սյունիզի մարզին պատկանող Տեղ գյուղում։

Ինչո՞ւ հայկական կողմը նախօրոք չէր դիրքավորվել այս հատվածում, հաց է բարձրացնում քաղաքագետը՝ հիշեցնելով՝ կանխարգելիչ քայլեր չէին արվել նաև Գեղարքունիքի հատվածում, երբ Քարվաճառի շրջանը փոխանցվեց Ադրբեջանին։

«Այս պահվածքը նկատելի է ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո», - ասաց Տիգրան Գրիգորյանը՝ նկատելով՝ հայկական կողմը նստած սպասում է մինչև ադրբեջանցիները դիրքավորվեն ու հետո արդեն ինչ-որ անհասկանալի պայմաններում բանակցություններ վարեն։

Մարտի 30-ին Բաքուն հայտարարեց, թե Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված ադրբեջանական զինուժը վերահսկողության տակ է վերցրել մի շարք բարձունքներ։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նախ հայտարարեց, որ ադրբեջանական ուժերը այդ հատվածի առնվազն 5 կետերում սահմանից 100-ից 300 մետր առաջ են տեղակայվել, ապա մեկ այլ հայտարարությամբ տեղեկացրեց, որ սահմանի ճշգրտման աշխատանքների արդյունքում այդ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է՝ առանց հստակեցնելու, թե ինչի մասին է խոսքը։ Մինչ Տեղի բնակիչներն ահազանգում են, որ ադրբեջանցիներն ամրանում են իրենց դաշտերում, կառավարության վերջին նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դարձյալ առանց մանրամասներ ներկայացնելու, կրկնեց՝ իրավիճակի որոշ բարելավում կա․ «Մասնավորապես, 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են», - նշեց Փաշինյանը։

Գրիգորյանը չի բացառում՝ հայկական կողմին միգուցե հաջողվել է ինչ-որ հատվածներում համոզել ադրբեջանցիներին հետ քաշվել, միևնույն ժամանակ ընդգծում է՝ չնայած նման փաստեր չեն ներկայացվել։

Հայրապետյանը չի կիսում քաղաքագետի լավատեսությունը՝ նշելով՝ ադրբեջանական քաղաքականությունն է ճանաչում։

Ադրբեջանագետը ևս նուն հարցն է բարձրացնում՝ ինչո՞ւ հայկական կողմը նախապես որևէ քայլ չի ձեռնարկում, ինչո՞ւ նախապես չի դիրքավորվում։

Հայրապետյանը մտավախություն ունի՝ որոշ ժամանակ հետո գյուղը կարող է դատարկվել։

«Գյուղերում մարդիկ ապրում են հենց վարելահողերի միջոցով էդ ապրուստը վաստակելով, հիմա եթե մարդիկ զրկվում են էդ ապրուստի միջոցներից, ինչպե՞ս է այդ գյուղում բնակչություն մնալու։ Ստացվում է, որ որոշ ժամանակ հետո այդ գյուղը կարող է դտարկվել առհասարակ։ Սա ուղղակի շատ վտանգավոր քաղաքականություն է և որևէ բացատրություն չի տրվում դրա հետ կապված, որևէ մեկը պատասխանատվություն չի կրում, օրինակ, ովքեր պատասխանատու էին այդ գործընթացի համար, կանչվեն և պատասխանատվություն կրեն։ Ամեն ինչ այնպես է ընթանում, կարծես, այդպես էլ պետք է լիներ, կարծես նորմալ է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանցիները սկսում են մի գիշերվա մեջ հայտնվել և դիրք փորել», - եզրափակեց Գրիգորյանը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG